«Ադրբեջանն աննախադեպ զորավարժություն է անցկացնում, և անհանգստությունը տեղին է». Հայկ Խանումյան

 

n_72378_1-320x228

ԳԱԼԱ-ի հարցազրույցը ԼՂ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի հետ:

-Պարոն Խանումյան, օրերս հայտարարություն էր տարածել «Պահեստազորի սպաներ» համահայկական միությունը, որին ավելի ուշ միացան նաև «Միլիցիայի հատուկ նշանակության» և «Փառապանծ մարտիկներ» ջոկատների հրամանատարական խորհուրդները: Անհանգստությունը նոյեմբերի 11-18-ը Ադրբեջանի զինուժի կողմից պլանավորված և անցկացվելիք լայնածավալ զորավարժություններն են: Դուք՝ որպես ԼՂ ԱԺ պատգամավոր, Ադրբեջանի զինուժի կողմից ագրեսիայի դրսևորման նախանշաններ նկատո՞ւմ եք արդյոք:




– Ադրբեջանն աննախադեպ զորավարժություն է անցկացնում, և անհանգստությունը տեղին է: Ադրբեջանի կողմից ամեն պահ էլ պետք է սպասել ագրեսիայի: Ցավոք, նախկինում մենք աչքաթող ենք արել Ադրբեջանի շատ գործողություններ, այդ թվում՝ բանակը նոր տեխնոլոգիաներով հագեցնելու, նոր սպառազինություն ձեռք բերելու տեսանկյունից: Ապրիլը ցույց տվեց, որ մենք բացթողումներ ունենք: Պետք է դասեր քաղել և հակաքայլեր ձեռնարկել:

-Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի երեկվա գնահատականը, որ Ադրբեջանը 60 հազարանոց զորք, տանկեր, հրթիռներ ընդգրկելով զորավարժությունում՝ փաստացի խախտում է Վիեննայի փաստաթուղթը: Նալբանդյանը նաև ասաց, որ հանդիպումներից հայկական կողմը երբեք չի խուսափել և դժգոհել, բայց ԱԳ նախարարների մակարդակով հանդիպումների մասին խոսելով՝ ակնարկեց, որ ԵԱՀԿ ՄԽ կազմակերպած հանդիպումները շատ հաճախ անպտուղ են: Համարժե՞ք գնահատական էր՝ կարծում եք:
-Ամեն գերատեսչություն գնահատական տալիս է իր լիազորությունների և հնարավորությունների շրջանակներում: Խնդիրն այն է, որ ագրեսիայի դիմելու դեպքում Ադրբեջանը երբեք էլ չի նայելու այս կամ այն փաստաթղթին: Ադրբեջանին զսպելու համար հայտարարությունները լավագույն միջոցը չեն:

— Ինչպե՞ս եք գնահատում պաշտոնական Ստեփանակերտի պահվածքը, փաստորեն հերթական անգամ խախտվել է կոնկրետ պայմանավորվածություն: Քաղաքական ղեկավարությունն ինչո՞վ է զբաղված, ինչպե՞ս է գործում:

-Ի՞նչ պայմանավորվածության մասին է խոսքը:

-Պայմանավորվածության խախտման մասին ակնարկում էր Նալբանդյանը: Խոսքը Վիեննայի փաստաթղթի մասին է:

-Ես արդեն ասացի, որ ագրեսիայի դիմելու դեպքում Ադրբեջանը երբեք ինչ-որ փաստաթղթերի և պայմանավորվածությունների չի նայելու: Միամտություն է ակնկալել նման պահվածք Ադրբեջանից: Այս դեպքում ավելի շատ գործ ունի անելու մեր պաշտպանական գերատեսչությունն ու բանակը, քան ԱԳ նախարարությունը:

-Պարոն Խանումյան, ինչպե՞ս եք գնահատում պաշտպանական գերատեսչության գործունեությունը, պատրաստվածությունը և քայլերն այս դեպքում. ՀՀ ՊՆ նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանի նոր փորձերը ՊՆ ոլորտում, ազգ-բանակ ստեղծելու ծրագրերը կամ այդ ծրագրերն իրականացնելու փորձերը:

-Ամեն ծրագիր էլ թղթի վրա լավ է: Երբ կսկսեն անհրաժեշտ և բավարար սպառազինություն գնել, այն ժամանակ էլ կարելի է գնահատականներ տալ: Այնուամենայնիվ, զգացվում է, որ որոշակի մտահոգություններ կան նաև նախագահականում, և որոշել են, օրինակ, ուշադրություն դարձնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին և նրանց արդյունքների օգտագործմանը պաշտպանական նպատակներով: Սա բավականին ուշացած քայլեր են, բայց էլի լավ է, որ կատարվում են, սպասենք արդյունքներին:

-Որոշ քաղաքագետներ գնահատում են, որ Ադրբեջանի նոր ագրեսիայի պատճառն այն է, որ Ս. Սարգսյանը հրաժարվում է Ալիևի հետ հանդիպումներից: Ըստ Ձեզ, կա՞ նման բան: Իսկապես Ս. Սարգսյանի պատճառո՞վ է տապալվում նախագահների մակարդակով հանդիպումը:

-Ադրբեջանն ագրեսիայի գնում է թե՛ հանդիպումների առկայության, թե՛ դրանց բացակայության դեպքում: Հետևաբար սխալ եմ համարում ագրեսիան հանդիպումների հետ կապելը:

-Նոր լայնածավալ պատերազմի վտանգ ներկա դրությամբ առկա՞ է, ըստ Ձեզ: Վիճակը նմա՞ն է արդյոք նախաապրիլյան իրավիճակին:

-Վտանգ միշտ էլ կա: Եթե տեղի է ունենում խոշորածավալ զորավարժություն, ապա պետք է պատրաստ լինել ամեն անակնկալի: Մյուս կողմից այս զորավարժությունը կարող է լինել յուրօրինակ «պատասխան» սեպտեմբերի 21-ին Երևանում անցկացված զորահանդեսին, որտեղ ցուցադրվեցին, ի թիվս այլ զինատեսակների, «Իսկանդեր» համակարգեր:

-ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն, անձամբ ԱՄՆ համանախագահ Ուորլիքը խոսում է բանակցությունների շարունակականության մասին: Բանակցային գործընթացում, ի՞նչ եք կարծում, կտրուկ փոփոխություններ կլինե՞ն:

Անցած ամսվա վերջերին նաև Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևն իր հերթական հայտարարությունն էր արել՝ խոսելով ԼՂ ինքնավար հանրապետության կարգավիճակի մասին:

-Ես խիստ թերահավատորեն եմ վերաբերում բանակցային գործընթացին, կարծում եմ, որ հակամարտությունն այս պահին, և եթե կուզեք՝ ընդհանրապես, բանակցային լուծում չունի: Ինչ վերաբերում է Ալիևի առաջարկին, ասել եմ արդեն, որ անհեթեթ առաջարկներն իմաստ չկա մեկնաբանել:

Հարցազրույցը՝ Քրիստինա Մկրտչյանի

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

You might also like More from author