Ադրբեջանն ուզում է, որ ապրիլյան քառօրյայի նման իրավիճակ լինի, Ռուսաստանը Հայաստանի ձեռքերը ոլորի, իրենք էլ ԼՂ-ն վերցնեն.

0

Ադրբեջանը հասկանում է, որ եթե Լեռանային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու տարբերակն ընտրի, ապա պետք է ճանաչի ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, հակառակ դեպքում աշխարհում որևէ մեկը մյուս հարցերին չի անդրադառնա: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Մանվել Սարգսյանը: Նա նշեց, որ Ադրբեջանի համար կա հակամարտության կարգավորման մեկ տարբերակ՝ պատերազմը, բայց Ռուսաստանի ու Թուրքիայի աջակցությամբ: Նա նշեց, որ պաշտոնական Բաքուն հույս ունի ռուս-թուրքական իշխանությունների օգնությամբ Հայաստանի ձեռքից վերցնել Ղարաբաղը: Ըստ Սարգսյանի՝ Ռուսաստանը, սակայն, այս գործարքին չի համաձայնի, որովհետև Հայաստանը միակ երկիրն է, որով ՌԴ-ն կարողանում է զսպել թուրքական նկրտումները:

— Կարծիքներ կան, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում Ադրբեջանի ակնկալիքները չեն բավարարվում: ԵԱՀԿ Մինսկի խումբն առաջարկներ է անում, որոնց Ադրբեջանը համաձայն չէ: Հակամարտությունն իր օգտին կարգավորելու ի՞նչ տարբերակներ է, Ձեր կարծիքով, քննարկում Ադրբեջանը:

— Ադրբեջանի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից օրերս պարզ ու հստակ ասաց, թե որն է իրենց համար խնդիրը, ինչպես են իրենց պահելու Հայաստանի նկատմամբ՝ պատժելու են Հայաստանին, արդարացնելու են իրենց ագրեսիան, այսինքն՝ լեգալիզացնելու են ռազմական ուժի կիրառումը: Չգիտեմ՝ ինչքանով է Հայաստանը սա լուրջ ընդունել, բայց սա շատ կարևոր մեսիջ էր: Եթե հիշում եք, տարիներ առաջ Սերժ Սարգսյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամբիոնից հայտարարեց, որ եթե Ադրբեջանը պատերազմ սկսի Ղարաբաղի դեմ, ապա Հայաստանը կճանաչի ԼՂ անկախությունը: Սա կարելի է անվանել դիրքորոշումների հստակեցման փուլ:

Ադրբեջանը հասկանում է, որ եթե չի ճանաչում ՄԽ առաջարկած Մադրիդյան սկզբունքները, ապա բանակցային գործընթացից դուրս է մնում, իսկ եթե ճանաչում է, կորցնում է Ղարաբաղը: Եթե Ադրբեջանը ցանկանում է խաղաղ ճանապարհով լուծել այս խնդիրը, ապա պետք է ճանաչի ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, իսկ եթե ճանաչի, ապա աշխարհում որևէ մեկը մյուս հարցերին չի անդրադառնա:

Հիմա, ի՞նչ պետք է անի Ադրբեջանը: Ադրբեջանը պետք է փորձի պայմաններ ստեղծել ուժ կիրառելու համար: Պատերազմ Ադրբեջանին պետք չէ: Ադրբեջանին Ղարաբաղը գրավել է պետք: Սրանք տարբեր բաներ են: Ադրբեջանը հույսեր է կապում Թուրքիայի, ինչ-որ տեղ նաև Ռուսաստանի հետ, որ նրանք կաջակցեն, կստեղծեն իր համար շահավետ պայմաններ, որ իրենք էլ գրավեն Արցախը: Ադրբեջանը հասկացել է, որ սա միակ ձևն է իր համար: ԱՄՆ հերթական նահանգը ճանաչեց ԼՂ անկախությունը, սա միջազգային տենդենց է, որը Ադրբեջանում զգում են, իրենք հասկանում են, որ կկորցնեն ամեն ինչ այնպես, ինչպես Սերբիան կորցրեց Կոսովոն: Ադրբեջանը հույսը դրել է Թուրքիայի վրա, բայց պրոբլեմները հենց Թուրքիայում են: Ադրբեջանը բանակ է ստեղծել, հարաբերություններ է ստեղծել ՌԴ հետ, կորցրել է արևմտյան աշխարհի հետ կապը, լուրջ պրոբլեմներ ունի ԵՄ հետ։ Բայց Թուրքիան հայտնվել է մեծ խնդիրների մեջ, ինչպես քրդական հարցը և հայտնի չէ, թե ինչպես է Թուրքիան իր ապագան լուծելու, ինչպես է լուծելու Ադրբեջանի խնդիրները:

— Ասացիք, որ Ադրբեջանին պատերազմ պետք չէ, որ նրանք ուզում են հարցը կարգավորել Թուրքիայի ու Ռուսաստանի միջոցով, որ վերջիններս Ղարաբաղը տան իրենց: Ի՞նչ եղանակով պետք է տան:

— Պատերազմի միջոցով. ապրիլյան պատերազմի նման մի իրավիճակ կստեղծեն, Հայաստանի ձեռքերը կոլորեն, Ադրբեջանին բաց կթողնեն, կասեն՝ դե գնա, վերցրու: Հիմա իրենք հույս ունեն, որ հայերի ձեռքերը նորից կբռնեն, իրենք էլ կգնան ու հանգիստ կվերցնեն:

— Բայց Ադրբեջանի նպատակներն ապրիլին չհաջողվեցին:

— Հաջողվեց: Իրենք ուզում էին միջազգային մեխանիզմը ստուգել, տեսնեն՝ աշխատո՞ւմ է, թե ոչ ու տեսան, որ փայլուն աշխատում է, գնում են, կանգնում են դիրքերում, հետո ռուսները հայերին ասում են՝ հանգիստ նստեք: Ադրբեջանի հույսը սա է, իրենք ուզում են նման համաձայնությունների գան, պայմանավորվեն, որ Ղարաբաղը իրենց տան: Իրենց հույսը՝ Ռուսաստան-Թուրքիա մերձեցումն է, որ երկուսը լեզու կգտնեն, Ադրբեջանին նվեր կանեն:

— Ինչո՞ւ եք կարծում, որ Ռուսաստանը կմասնակցի այդ պայմանավորվածություններին ու Ադրբեջանի հետ համաձայնության կգա, կկապի Հայաստանի ձեռքերը ու Ադրբեջանին, ինչպես ասացիք, կթողնի գրավել տարածքները:

— Ռուսաստանը Սիրիայի հարցում արդեն ականատես է եղել, թե ինչ բարդ վիճակ կարող է ստեղծվել Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացման դեպքում: Դրանից հետևություններ են արել, ու Պուտինն էլ խոսել է այդ մասին, ասել է, որ Թուրքիային ու Ռուսաստանին թշնամացնել են ուզում: Ռուսաստանը փորձում է իր ազդեցությունը ամրացնել այս տարածաշրջանում, ամրացնել իրենց դիրքերը՝ Արևմուտքի հետ հակադրության մեջ: Նրանք միայն դրանով են զբաղված, դրա համար տեսեք, թե ոնց է վազելով Պուտինը երեկ Թուրքիա գնացել: Հայկական խնդիրներն այս համատեքստում ելնում են, բոլորս էլ գիտենք, որ երբ Թուրքիան ՌԴ-ի հետ հարաբերություններ է ստեղծում, հայկական խնդիրները հիշվում են: Եթե պետք լինի Հայաստանի շահերից որևէ բան զոհել, դա վայրկենապես կկատարվի ու կատարվել է: Սա պետք է մեզ մտահոգի, մենք չենք կարող Ռուսաստանի վրա ազդել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ բարեկամանալու հարցում, որովհետև դա իրենց համար կյանքի հարց է: Ռուսաստանը ԱՄՆ-ի, Եվրոպայի հետ դիմակայության մեջ է, իր թիկունքում թուրքալեզու պետություններն են, սարսափում է, որ ԱՄՆ ձեռքերը կհասնեն Ղազախստան, Թուրքիա, Ադրբեջան, Կենտրոնական Ասիա, որովհետև ապագա չեն ունենա: Պուտինը փորձում է թուրքական պետություններին իրենց ծրագրում պահել, որ չկորի: Իսկ Հայաստանը ռուս-թուրքական հարաբերությունների քաղաքականության մեջ է խարսխված: Թուրքալեզու բոլոր պետությունները պահանջում են պատժել Հայաստանին, վերացնել, բայց Հայաստանն էլ Ռուսաստանի համար հենց նույն թուրքերի դեմ գործոն է: Հայաստանը ստանձնել է այդ դերը՝ Թուրքիայի դեմ գործիքի դերը ու Հայաստանը օրինականացրել է այս քաղաքականությունը, վերցրել է այդ դերը:

— Ինչո՞ւ է ՀՀ-ն ստանձնել այդ դերը:

— Ալտերնատիվ չեն տեսել կամ միամիտ են կամ էլ կարծում են, որ դա լավ է: Փաստն այն է, որ Հայաստանին օգտագործում են Թուրքիայի դեմ:

— Գուցե այդ դերը Հայաստանին անվտանգության երաշխիքնե՞ր է տալիս:

— Այնպես չէ, որ դա Հայաստանին անվտանգության երաշխիքներ չի տալիս կամ խոչընդոտում է մեր զարգացումը, ոչ: Պարզապես սա վտանգավոր դեր է, որովհետև չկա երաշխիք, որ Ռուսաստանը մեզ չի «քցի»: Պատմությունը ցույց է տվել, որ անընդհատ «քցել է»: Եթե լինեին երաշխիքներ, այլ բան… Թուրքիայի ու Ադրբեջանի հետ պայմանավորվել Հայաստանը չի կարող: Հայաստանը Ռուսաստանի միջոցով է խոսում Ադրբեջանի ու Թուրքիայի հետ: Հայաստանի հետ անմիջականորեն խոսելու բան չունեն, ՌԴ միջոցով խոսելն իրենց համար ավելի հեշտ է:

— Հիմա Ռուսաստանը Ղարաբաղը Ադրբեջանին տալու գործարքի շուրջ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ պայմանավորվելու պատճառներ ունի՞:

— Ռուսաստանը չի կարող նման բան անել, որովհետև բացի Հայաստանից Ռուսաստանը Թուրքիայի դեմ որևէ այլ լծակ չունի, Հայաստանն իր համար գանձ է, ՌԴ-ն չի կարող ոչնչացնել այդ գանձը: Ռուսաստանի հետ վեճեր են անում, ամեն ամիս մի խնդիր են գտնում, որ սրեն՝ լեզվի հարց, Նժդեհի արձան։ Ինչո՞ւ, որ ցույց տան, որ Հայաստանին անկյուն են կանգնեցրել: Բայց Թուրքիային դա չի բավարարում, ասում են՝ 100 տարի առաջ ոնց ենք մորթել, կրկնենք: Բայց Ռուսաստանը չի գնա դրան: Սա բարդ իրավիճակ է: Եթե Հայաստանը սուվերեն չլինի, ինքնուրույն որոշումներ չկայացնի, պիտի րոպեն մեկ հրաժարվի մի բանից, որ Ռուսաստանը նվեր անի Ադրբեջանին, Թուրքիային: Ապրիլյան պատերազմը սրա դասական օրինակն էր. ինչպե՞ս Հայաստանի ձեռքերը բռնեցին, որ Ադրբեջանը գա ու վերցնի, նվեր արեցին Ադրբեջանին, որ հնազանդվեն: Բայց Հայաստանում կարծես թե չկա սուվերենության դրսևորման քաղաքականություն:

— Լավ, եթե Հայաստանը Թուրքիայի դեմ Ռուսաստանի համար գործիք է ծառայում, դրանից չի՞ կարող օգտվել՝ իմանալով, որ ՌԴ համար, ինչպես ասացիք, ՀՀ-ն միակ գործիքն է:

— Իհարկե կարող է: Միջազգային հարաբերություններում փոքր ու մեծ չկա: Եղել են սուվերեն քայլեր, որոնց դեմ որևէ մեկը ոչ մի բան չի կարող անել: Ռուսաստանը 94թ.-ից հետո ուզել է զորքեր տեղադրել, չեն կարողացել, չեն թողել: Հայաստանի իշխանությունները կախվածություն ունեն, քաղաքական կախվածություն Ռուսաստանից, դրա համար Հայաստանին հեշտ է մի բան զիջել, Ռուսաստանին տալ, ՌԴ-ն էլ տա Ադրբեջանին:

— Իսկ Ադրբեջանի համար կա՞ «պլան բ»: Եթե Ադրբեջանը չկարողանա Ռուսաստանի ու Թուրքիայի միջոցով հասնել իր նկրտումներին՝ ստանալ Ղարաբաղը, իրենց համար կա՞ մեկ այլ տարբերակ:

— Երբ նայում ես ադրբեջանական հեռուստատեսությամբ պտտվող հոլովակներին, երևում է իրենց հոգեբանական իրավիճակը: Դա այն է, որ աշխարհը հանկարծ փլուզվում է, բոլորը հայերին մոռանում են, ու Ադրբեջանն իր հզորությամբ գալիս կոտորում է… Նման հեքիաթներով են ապրում, մտածում են՝ դե մեկ էլ տեսար մի այդպիսի իրավիճակ ստեղծվեց: Հետամնաց ազգ է, ինչ ասես… Մտածում են՝ պահը կգա, նապաստակի նման նստեն, կտեսնեն՝ կպոկեն: Միամտություն է, ժամանակներն այլ են, Հայաստանի ու Ղարաբաղի դերն աշխարհում հիմա այլ է:

Մանրամասները՝ տեսանյութում։

 



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache