Լրահոս

Աղետը կանխվեց. Ադրբեջանին արգելեցին պատերազմել

 

arm148136319745

lragir.am – Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ՀԱԿ ամենամեծ առաջնահերթություններից է, նախօրեին «Անջատում հանուն փրկության» խորագրով քննարկմանը հայտարարել է կազմակերպիչ ՀԱԿ ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը: Հայաստանում թերեւս չի գտնվի քաղաքական ուժ, որը չարտահայտվի այդօրինակ առաջնահերթության օգտին, ասելով, որ կարեւորագույն խնդիր է համարում հակամարտության կարգավորումը:Միեւնույն ժամանակ, Հայաստանի քաղաքական դաշտում կարծես թե չկա Արցախի հակամարտության թեմայով սկզբունքային բանավեճ կամ դիսկուրս: Դա էլ թվում է, թե կարող էր լինել բնական, եթե ընդհանուր առմամբ բանավեճի բացակայությունը չկառուցվեր այն տրամաբանության շուրջ, երբ կարգավորում ասելով նկատի է առնվում այսպես կոչված «փոխզիջումը» կամ տարածք կարգավիճակի դիմաց սզկբունքը, որտեղ տարբերությունն ըստ էության դետալների մեջ է` կարգավիճակի հստակության կամ սահմանի, տարածքների քանակի եւ այլն:Փաստացի, Հայաստանի քաղաքական կյանքում կա չգրված, չբարձրաձայնված կոնսենսուս այդ հարցում, ինչը այլ բան չէ, քան կոնսենսուս առաջին պատերազմի հաղթական արդյունքը վերանայելու պատրաստակամության շուրջ:Ընդ որում, ամենատարօրինակը թերեւս այն է, որ հայկական պետականությունը դրան համաձայնել է փաստացի պատերազմի ավարտից անմիջապես հետո, սկսված կարգավորման գործընթացում: Հետո, տարեցտարի, փուլ առ փուլ, տարբերակ առ տարբերակ հայկական պետականությունը վերհաստատել է հավատարմությունն այդ սկզբունքին:Դա թույլ է տվել Ադրբեջանին քայլ առ քայլ, փուլ առ փուլ կոշտացնել դիրքորոշումը եւ լինելով պատերազմում պարտված կողմ, աստիճանաբար թելադրող դառնալ դիվանագիտական-քաղաքական գործընթացում, անցնելով ռազմական դիվանագիտության կիրառման:Հայաստանը դրան չկարողացավ հակադրել ոչինչ, եւ մնաց միայն Ադրբեջանի այդ դիվանագիտական «ռեւանշի» ընթացքը կասեցնել զինված ուժերի միջոցով:Փաստացի, ապրիլի պատերազմին, արդեն իհարկե զգալիորեն հարաբերական առումով, բայց Ադրբեջանը կրկին պարտված կողմ է, քանի որ վերցնելով որոշակի տարածք, այդուհանդերձ չկարողացավ սկզբունքորեն փոխել ստատուս-քվոն: Միաժամանակ, պարզ դարձավ, որ հասունացնելով պատերազմի «իրավունքը»` այդ թվում նաեւ Հայաստանի՝ իբրեւ ռազմավարական դաշնակցի գործուն աջակցությամբ, Ադրբեջանը սպառեց այն: Սպառումն այն էր, երբ պարզ դարձավ, որ Բաքուն անգամ հսկայական սպառազինական առավելության պարագայում ի զորու չէ ռազմական պարտության մատնել Հայաստանն ու Արցախը կամ ռազմական ճանապարհով լուծել խնդիրը:Իսկ եթե չկա խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու հնարավորություն, ուրեմն չկա լուծելու հնարավորություն ընդհանրապես: Այդօրինակ խնդիրները լուծվում են ռազմական ճանապարհով: Դա լավ հասկանում են բոլորը, հայաստանյան քաղաքական իսթեբլիշմենթի մի զգալի մասից բացի, որն ինտենսիվ շարունակում է այս կամ այն կերպ ակնարկել առաջին պատերազմի ընթացքում խնդրի ռազմական լուծման արդյունքից հրաժարվելու պատրաստակամության մասին:ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պարբերաբար, իսկ ապրիլի պատերազմից հետո հաճախ հայտարարում են, որ խնդիրը չունի ռազմական լուծում: Դա ոչ թե նշանակում է, որ լուծումը դիվանագիտական ճանապարհ ունի, այլ նշանակում է, որ Ադրբեջանը չունի խնդիրը լուծելու պատերազմական տարբերակ: Ապրիլին Բաքուն համոզվեց դրանում գործնականում: Նա չի կարող հաղթել Հայաստանին ու Արցախին: Իսկ դա նշանակում է, որ չի կարող լուծել խնդիրը, եւ ուժի մեջ է մնում այն լուծումը, որն առաջին պատերազմում ապահովել է հայկական կողմը եւ կարողացել պահել ապրիլին:Միջնորդները դա փաստացի եւս մեկ անգամ վերահաստատեցին Համբուրգում՝ ԱՄՆ, Ֆրանսիայի եւ ՌԴ արտգործնախարարների համատեղ հայտարարությամբ:Դա փաստացի հայտարարություն էր Ադրբեջանին պատերազմն արգելելու մասին, եւ հորդոր` վերադառնալ բանակցային «հովացման» կամ սառեցման մեխանիզմի: Դա կարգավորման գործընթաց չէ: Կարգավորումն ընդամենը ցուցանակն է: Այդ գործընթացը ընդամենը միջազգային քաղաքական գործընթաց է, որտեղ յուրաքանչյուր կողմ հեապնդում է իր համար առաջնահերթ խնդիրը` թե միջնորդները, թե Ադրբեջանը:

Որն է դրանում հայկական կողմի խնդիրը: Այստեղ ակնհայտ է, որ կա խնդրի ձեւակերպման լրջագույն բաց: Ընդ որում, ոչ թե միջազգային հանրության, այլ նախ եւ առաջ ինքներս մեր առաջ: 20 տարի շարունակ ինքներս մեզ համոզել ենք, թե «փոխզիջման պատրաստակամությունն է խաղաղության գրավականը: Ադրբեջանը հետեւողականորեն հերքել է, ռազմավարական դաշնակիցը հետեւողականորեն հերքել է` կամա, թե ակամա, բայց Հայաստանում «փոխզիջումը» շարունակում է ընկալվել իբրեւ խաղաղասիրության եւ ինտելեկտի, աշխարհի հետ համընթաց քայլի, իսկ հակառակը` իբրեւ ռազմատենչության, հետադիմության, աշխարհից կտրվածության եւ ազգայնամոլության դրսեւորում:Դրա շնորհիվ, բացի ներքին մանիպուլյացիաներից, իսկ արտաքին ասպարեզում էլ Ադրբեջանին պատերազմի «իրավունքի» հնարավորություն ընձեռելուց, չի լուծվել թե հայկական պետականության, թե տարածաշրջանային անվտանգութան տեսանկյունից որեւէ սկզբունքային խնդիր: Ապրիլի պատերազմը ոչ միայն Հայաստանի կառավարման մեղմ ասած անարդյունավետության բացահայտում էր, այլ նաեւ Արցախի խնդրում հայկական պետականության ռազմավարության եւ հայեցակարգի բացակայության, հանրային կարծիքի երկու տասնամյակի նենգափոխվածության բացահայտում:Պատահական չէ, որ պատերազմի ընթացքում հանրության արձագանքը եւ արագ համախմբումը զինված ուժերի շուրջ, կամավորական ալիքի բռնկումը որոշակի անակնկալ էր Հայաստանի քաղաքական «իսթեբլիշմենտի» համար, քանի որ դա իր բնույթով ու տրամաբանությամբ հակասում էր այն մտածողությանը, որ երկու տասնամյակ շարունակ այդ «իսթեբլիշմենթը» թե իշխանության, թե ընդդիմության դիրքերից ներարկել է հանրային օրգանիզմ:Բարեբախտաբար պարզ դարձավ, որ օրգանիզմը չի ընդունել ներարկումները եւ ապրիլին էլ փաստացի «փսխեց» դրանք: Դրա շնորհիվ կանխվեց մասշտաբային եւ աղետալի պատերազմն ու հաստատվեց տարածաշրջանային թեկուզ համեմատական կայունությունը:Հարավային Կովկասի, եւ այդ ծիրում նաեւ Հայաստանի անվտանգության եւ կայունության թեկուզ հարաբերական պահպանումն ունի երկու տարբերակ` կամ Հայաստանը պետք է մշտապես պատրաստ լինի պատերազմի, կամ Հայաստանը պետք է գնա արագ կապիտուլյացիայի եւ պարտության:Եվ կրկին բախվում ենք հայեցակարգային կամ աշխարհայացքային թյուրիմացության, այն առումով, թե «փոխզիջումը» Հայաստանի զարգացման ճանապարհն է, իսկ պատերազմի պատրաստվելը` ոչ: Հակառակը, Հայաստանը կարող է զարգանալ, եթե իրապես պատրաստվի պատերազմի, կամ ավելի շուտ` պատերազմ դիմագրավելու: Այդտեղ է Հայաստանի պետականության զարգացման եւ արդիականացման լրջագույն խթանը հարավկովկասյան մի շարք առանցքային եւ հակասական իրողությունների պայմաններում:Երկու տասնամյակ շարունակ «փոխզիջման» պատրաստվելու հետեւանքն էր, որ Հայաստանն ապրիլին քիչ էր մնում մատնվեր աղետի: Ընդ որում, դրանով իսկ գործնականում աղետի էր մատնվելու միջազգային անվտանգության համակարգը, ինչը դիվանագիտական տողատակով ակնարկել էր ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին համբուրգում, Արցախի խնդիրը համարելով եվրոպական անվտանգությանն առնչվող խնդիր: Իսկ Արցախում անվտանգությունն ու կայունությունը ներկայում ապահովում է հայկական զինուժը, եւ այդ զինուժին թուլացնող ցանկացած բան՝ լինի դա նյութա-տեխնիկական, թե տարածքային բնույթի, թուլացնում է թե հայկական պետականության, թե տարածաշրջանի, թե եվրատլանտյան անվտանգության համակարգը:Արեւմուտքը դա հասկացել եւ պարբերաբար ակնարկում է վաղուց: Մնում է, որ դա հասկանա նաեւ Հայաստանի քաղաքական «իսթեբլիշմենտը» եւ այդ իմաստով խնդիրները ձեւակերպի շատ ավելի պարզ ու համարձակ, առանց դիվանագիտական ավելորդ տողատակերի, ինչի հնարավորությունն ունի ի տարբերություն միջազգային հանրության:Ացախի խնդիրը հայկական պետականության տեսանկյունից չունի միջազգային կարգավորման հրամայական, հրամայական է այն նախ եւ առաջ Հայաստանի հանրային-քաղաքական գիտակցության մեջ կարգավորելը, ինչը ենթադրում է հայկական պետականության թե տարածքային, թե որակական ամրացման ինտենսիվ աշխատանք` ստեղծելով սեփականն ու զուգահեռ ներգրավելով համաշխարհային առաջատար տեխնոլոգիաները կենսագործունեության բոլոր ասպարեզներում, գիտությունից մինչեւ մշակույթ եւ անգամ կենցաղ:


Загрузка...

Հեղինակի մասին

newhing

newhing