Աղջիկ, ով կոտրում է բոլոր կարծրատիպերն ու միացնում անցյալը ներկային․

72

Լիլիթ Բեքարյանի աշխատանքները գրավել են համացանցը։ Դրանք հիացնում են ու զարմացնում  և ևս մեկ անգամ ապացուցում, որ մարդկային մտքի թռիչքը սահմաններ չունի։ Սոցիալական ցանցերի օգտատերերը տարածում են Լիլիթի աշխատանքներն ու փնտրում հեղինակին, մինչդեռ ինքը՝  Լիլիթը չի սիրում խոսել իր մասին և նախընտրում է լուռ ստեղծագործել։ Այս ամենն իր համար պարզապես սիրելի զբաղմունք է ու լիցքաթափվելու միջոց։

people

Դատարկ կտավ ու գործիքներ․ ոչինչից ինչ-որ բան արարելու միջոց

«Ողջույն, ես Լիլիթն եմ։ Ծնունդով Գյումրիից եմ, սովորել եմ Շիրակի Պետական Համալսարանի «Անգլերեն լեզու և գրականություն» բաժնում։ Նկարչության, կամ ավելի ճիշտ է ասել՝ արվեստի բնագավառում որևէ կրթություն/մասնագիտացում չունեմ։ Չնայած դրան, միշտ զգացել եմ արվեստն իմ մեջ, ու դեռ վաղ հասակից  ստեղծագործելու ցանկությունն իմ մեջ եռում էր։ Տարիքի հետ զուգահեռ փոխվում էին նաև դրսևորման ոլորտները։ Ես փորձել եմ գրեթե ամեն ինչ՝ նկարել, լուսանկարել, ֆիլմեր ու մուլտֆիլմեր ստեղծել,  երգել , գրել բանաստեղծություններ ու երգեր (վստահ եմ իմ մոտ շատ վատ է ստացվել (հեղ․ ծիծաղում է))։ Վերջերս փորձեցի նաև ծրագրավորումը (Front-End Development), որն առաջին հայացքից կապ չունի ոլորտի հետ, բայց ինձ գրավեց հենց իր «ստեղծվողությամբ» (չկա նման բառ բառարանում ։Դ)։ Ինքն էլ արվեստի նման մի բան է` դատարկ կտավ ու գործիքներ, ոչնչից ինչ որ-բան արարելու միջոց (անգլերենով լավ է հնչում՝ somehting from nothing-ինչ-որ բան ոչնչից)։

art

Սյուրռեալ կոլաժների ու հայկական էթնիկ էլեկտրոնային երաժշտության համադրությունը

«Այն, ինչ անում եմ (թվային կոլաժներ), սիրողական մակարդակով է: Ես դա ավելի շատ հոբբի եմ անվանում։ Իսկ հիմնական աշխատանքս, որը շատ սիրում եմ, շնորհիվ հենց իմ մասնագիտության է (այս պահին աշխատում եմ որպես հաճախորդների սպասարկման մասնագետ  «Renderforest»-ում)։

Ամեն ինչ սկսվեց մոտ 1 տարի  առաջ, երբ Instagram-ում  էջ բացեցի, որտեղ տեղադրում էի կարճ տեսահոլովակներ սյուրռեալ կոլաժների ու հայկական էթնիկ էլեկտրոնային երաժշտության համադրությամբ (այստեղից էլ էջի անվանումը՝ surreal_n_music): Կատեգորիկ օգտագործում էի Հողի (երաժշտական նախագիծ) ստեղծագործությունները, իսկ թե ինչո՞ւ կարծում եմ  պատասխանը մեկ անգամ դրանք լսելու մեջ է։ Երբ ընկնեք նրա աշխարհ, հավատացեք ձեր կամքով դուրս գալու հնարավորությունները կհավասարեցնեք զրոյի։

art

Եկավ մի պահ, երբ  հասկացա, որ  որքան էլ կոլաժները երաժշտության հետ  նույն սյուրռեալ դաշտում են, միևնույնն է՝ օտար են ու լիարժեք չեն արտահայտում Հողի գաղափարախոսությունը։ Սկսեցի ինքս վիզուալացնել ստեղծագործություններն անիմացիաների ու կոլաժների տեսքով՝ պահելով էթնիկ վիճակը։ Այսպես սկսվեց ամեն ինչ։

Այդ ժամանակ Էջի հետևորդները հիմնականում օտարերկրացիներ էին, այդ փաստն ինձ ավելի էր ոգեշնչում որ պահեմ էթնիկ էլեմնետները ու Հայաֆիկացումը դարձնեմ առաքելություն»։

art

Կոտրել կարծրատիպերը և  խառնել անցյալն ու ներկան

«Կոլաժների թեմաները երբեք հատուկ չեմ ընտրում, պատահաբար տեսնում եմ մի նկար ու արդեն պատկերացնում՝ ինչ եմ անելու։ Հետագայում, կախված թեմայից ու արձագանքներից, կարող է վերածվել շարքի։ Փորձում եմ սահմաններ չդնել ու չկաղապարել միտքս։ Ուզում եմ կոտրել տարածության, ժամանակի և օրենքների մասին կարծրատիպերը, խառնել ներկան, անցյալը ապագան, գոյություն ունեցողն ու չունեցող, իրար հակասող երևույթները՝ դրանց բոլորի կենտրոնում պահելով ազգային արժեքները։ Արձագանքները տարբեր են, ոմանք ծիծաղում են, շատերն ընկալում որպես խեղաթյուրում, շատերն էլ ինձ հետ հասնում են զուգահեռ աշխարհ»։

sayat nova

Մոնրոն ու Ֆրիդա Կալոն` տարազով, Վան Գոգն ու Էյնշտեյնը` պատրոնդաշով

«Երկու ամենաքննարկված շարքերը «Հայտնիները տարազով» ու «Գարունք» շարքերն են։ Երկուսն էլ ռիսկային էին, որովհետև մի դեպքում մոդիֆիկացնում էի հայ մեծերի դիմանկարներն ու անիմացնում, մյուս դեպքում՝ տարազով պատկերում համաշխարհային դեմքերի։ Երկուսի դեպքում էլ նպատակը նույնն է եղել՝ հայաֆիկացում ու մտքի զարթոնք։ Անվերջ կարելի է վերլուծել, բայց կցանկանամ, որ յուրաքանչյուրն ինքն իր պատկերացմամբ ընկալի, ես միայն կասեմ, որ նկարների հիմքում միայն դրականն է։ Տարազով շարքն իրականացնելու համար շատ շնորհակալ եմ Էմմա Մարաշլեանին ու բոլոր այն լուսանկարիչներին, ում աշխատանքներն օգտագործվել են»։

art

Իմ ամենասիրելի շարքերից է նաև «Երևան» շարքը։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Օպերայի շենքը նմանեցրի տորթի (էլի շատ բաների եմ նմանեցնում, հետագայում ցույց կտամ) ու ամենապարզ դետալներով ցույց տվեցի այլ տեսանկյունից։

artԻմ նկարներին թեթև նայեք

«Ժամանակի ընթացքում կունենամ նաև Գյումրուն նվիրված ավելի մեծ շարք։

Այս պահին աշխատանքներս ներկայացնում եմ միայն ինստագրամյան հարթակում, բայց գուցե հետագայում, ներկայացնեմ նաև այլ կերպ։ Կան առաջարկներ ցուցահանդեսների, կարծում եմ, երբ պահը հասունանա, անպայման կիրագործենք։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր գնահատում են, քաջալերում, մոտիվացնում, օգնում խորհուրդներով ու  քննադատություններով։ Շատ եմ գնահատում անգամ ամենափոքր ուշադրությունը։

Անում եմ այն, ինչ զգում եմ։ Ուզում եմ իմ նկարներին թեթև նայեն, ուրախանան ու մի պահ կտրվեն իրական աշխարհից։ Այս ամենի հետ մեկտեղ, չմոռանան պահպանել  ազգային ինքությունը»։

art

art

art




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache