Լրահոս

Աղմկոտ վերջաբան. Տհաճ անակնկալ Վովա Գասպարյանի համար

 

ԵԼՔ դաշինքը մի քանի թղթեր է հրապարակել, որոնք ներկայացնում է որպես Երեւանի քաղաքապետի ընտրությանը ՀՀԿ անօրինականությունների, ընտրակաշառքի եւ վարչական ռեսուրսի չարաշահման ապացույց: Քարոզարշավի վերջին օրն այդ իմաստով ստացվել է բավական աղմկալի:

ԵԼՔ-ը հայտարարում է, որ ներկայացված թղթերը հայտնաբերել են ՀՀԿ նախընտրական շտաբերից մեկի աղբամանից: Դրանց մեջ եղել է նաեւ թուղթ, ստացված Արաբկիրի ոստիկանության ֆաքսից, որտեղ նշված է, թե ՊՊԾ գնդի ոստիկաններից ով ինչքան ձայն է ապահովում Տարոն Մարգարյանի համար: ԵԼՔ-ի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ոստիկանները դա անում են ոստիկանապետ Վովա Գասպարյանի հրահանգով:Երեւանի քաղաքապետի ընդհանուր առմամբ հանդարտ ու ստանդարտ ընթացող քարոզարշավի վերջին օրը ստացավ բավական ուշագրավ ընթացք:

Ընդ որում, բառի թե բուն, թե խորհրդանշական իմաստով, ներքաղաքական վիճակի լայն համատեքստում:ՀՀԿ նախընտրական շտաբի աղբամանից ԵԼՔ-ի ձեռքին հայտնվեցին թղթեր, որոնք դաշինքը հանրությանը ներկայացրեց որպես ՀՀԿ անօրինականության ապացույց: ՀՀԿ-ն իհարկե հերքում է այդ ամենի վերագրումը:Փաստացի ստացվում է, որ քարոզարշավը տարբեր բակերի տանիքներում անցկացնելիս ԵԼՔ-ն այդքան ուշադրություն չգրավեց, որքան վերջին օրը ելքը «աղբամաններում» փնտրելիս:Իսկ հետաքրքիրն այն է, որ աղբը վերջին օրերին Հայաստանում դարձել է բավական նուրբ ներքաղաքական կատեգորիա, այդ թվում թե վարչապետ Կարեն Կարապետյանի, թե ոստիկանապետ Վովա Գասպարյանի ներգրավվածությամբ, որին Նիկոլ Փաշինյանը փաստորեն հենվելով աղբամանից գտնված թղթի վրա՝ մեղադրում է Տարոն Մարգարյանին ձայն բերելու հրահանգի համար:

Աղբի թեման շրջանառության մեջ դրեց վարչապետ Կարեն Կարապետյանը, դեռեւս ապրիլի 20-ին՝ կառավարության նիստում հռչակելով Մաքուր Հայաստան նախաձեռնությունը եւ ասելով, որ Հայաստանը չափազանց կեղտոտ է եւ պետք է սկսել այն մաքրել: Նա հանձնարարեց ոստիկանապետին՝ պատժել կեղտոտողներին եւ կանխարգելել աղբի կուտակումը: Ոստիկանապետը տարածեց հայտարարություն, որ ձեռնամուխ է լինում Մաքուր Հայաստանին:Մի քանի օր առաջ լրագրողները Հաղթանակի զբոսայգում ոստիկանապետ Վովա Գասպարյանին փորձել էին հարցնել, թե ինչ ընթացքի մեջ է Մաքուր Հայաստանի վերաբերյալ հանձնարարականի կատարումը:

Վովա Գասպարյանը տվել էր բազմիմաստ պատասխան, ասելով, թե Հայաստանում շատ աղբ կա, որից պետք է ազատվել: Թե հատկապես ինչ աղբ նկատի ուներ ոստիկանապետը, ինչն է նա համարում ազատվելու ենթակա աղբ, մնաց բազմիմաստության քողի տակ:

Ավելի ուշ ոստիկանությունը տարածեց հաղորդագրություն, որտեղ մատնանշում էր, թե ինչ քայլեր է արել Մաքուր Հայաստանի վերաբերյալ վարչապետի հանձնարարականի ուղղությամբ:Ոստիկանապետ Վովա Գասպարյանն այդ հարցում ակնհայտորեն փորձում է պահել որոշակի հավասարակշռություն: Մի կողմից նա որոշակի հեգնանք է ցուցաբերում Մաքուր Հայաստանի հանդեպ, մյուս կողմից ցույց տալիս, որ բավական պարտաճանաչ ֆունկցիոնալությամբ է վերաբերում հանձնարարականներին:Գասպարյանն ակնհայտորեն փորձում է մնալ չափավոր տարածության վրա՝ թե Սերժ Սարգսյանին չփոխել վարչապետի հետ, թե վարչապետին չթողնել անտեսված ու արհամարհված:

Այլ կերպ ասած, Վովա Գասպարյանը տվյալ՝ իշխանության խնդրի հանգուցալուծման նժարների հարցում փորձում է չզբաղվել քաղաքականությամբ:Բայց, ինչպես ասում են՝ եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ, քաղաքականությունն է զբաղվում քեզանով: Այդ իմաստով, Վովա Գասպարյանը անսպասելի դառնում է Երեւանի քաղաքապետի ընտրության այսպես ասած ոչ մի չարագուշակ բան չենթադրող գործընթացի աղմկոտ վերջաբանի հերոսներից մեկը: Ընդ որում, աղմուկը կամ սատանան փաստորեն թաքնված էր աղբամաններում, որոնք գուցե լավ չէին դատարկվել:Իսկ նախագահի նստավայրում նախօրեին կոալիցիան կնքեցին ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing