Աղվան Հովսեփյանը գնաց. ո՞վ կփոխարինի նրան

89

1in.am — Հայաստանի Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանն առաջիկա ժամերին հրաժարական կտա. համենայնդեպս, նա արդեն հրաժեշտ է տվել կոմիտեի աշխատակազմին: Սա համակարգում երկրորդ կարևոր հրաժարականն է՝ ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանի հրաժարականից հետո: Սա այն դեպքն է, որ հրաժարականները, ոգևորությունից զատ, ծնում են որոշակի անհանգստություններ:

Խնդիրն այն է, որ Շահինյանի ու Հովսեփյանի հրաժարականներից գուցե շատ ավելի կարևոր է այն հարցը, թե ովքեր են փոխարինելու այս տխրահռչակ պաշտոնյաներին: Բանն այն է, որ Հովսեփյանն ու Շահինյանը տարիներ շարունակ ձևավորել են համակարգեր, որոնք, ըստ էության, եղել են քրեաօլիգարխիային սպասարկող օղակներ՝ անվերապահորեն ծառայելով նախկին իշխանություններին: ՀՔԾ-ն կոռուպցիայի դեմ պայքարելու փոխարեն՝ եղել է կոռումպացված համակարգի, այսպես կոչված, «պահապան հրեշտակը»: Աղվան Հովսեփյանի քննչական կոմիտեն հանդիսացել է քրեական բեսպրեդելի տանիքը և գործիք է եղել քաղաքական ընդդիմության դեմ: Երկու համակարգերն ինստիտուցիոնալ հարթության վրա տարիներ շարունակ իրենց դուրս են դրել օրինականության դաշտից՝ ամբողջովին նույնանալով օրվա իշխանությունների, նրա օլիգարխիկ շահերի, քրեական բարքերի հետ:

Հիմա խիստ սկզբունքային է, որ Քննչական կոմիտեում և ՀՔԾ-ում նշանակվեն մարդիկ, ովքեր դուրս են Հովսեփյանի և Շահինյանի ստեղծած համակարգերից, կոռուպցիոն սխեմաներից: Հակառակ պարագայում կհեռանա Աղվան Հովսեփյանը, սակայն կմնա, այսպես կոչված, աղվանականությունը, երբ արատավոր համակարգը շարունակում է գործել նոր դեմքով: Քննչական կոմիտեն և ՀՔԾ-ն այս փուլում երկու շատ կարևոր առաքելություն ունեն. նրանք պետք է նպաստեն Մարտի 1-ի ոճրագործության լիարժեք, համապարփակ բացահայտմանը և դառնան նռր իշխանությունների հակակոռուպցիոն պայքարի կարևոր մասնակիցները:

Այս համատեքստում խիստ սկզբունքային է, որ Քննչական կոմիտեն ու ՀՔԾ-ն ղեկավարեն նոր մտածողություն ունեցող մարդիկ, ովքեր ազատ են կոռուպցիոն կապանքներից, չունեն արյունոտ հետագիծ: Երկու քննչական մարմիններին պետք են այնպիսի ղեկավարներ, որոնք, պայմանական ասած, պետք է դառնան թավշյա հեղափոխություն իրականացնողներ իրենց համակարգերում: Միայն այդ դեպքում ՀՔԾ-ն և Քննչական կոմիտեն կարող են լիարժեքորեն ինտեգրվել նոր Հայաստանին:

Արդեն հայտնի է դարձել, որ կառավարության այսօրվա արտահերթ նիստում Հատուկ քննչական ծառայության նոր պետ կնշանակվի: Ըստ ՀՀ կառավարության e-gov.am կայքի՝ ՀՔԾ պետի պաշտոնում վեց տարի ժամկետով կնշանակվի Սասուն Խաչատրյանը: Վերջինս երկար տարիներ ղեկավարել է փաստաբանական գրասենյակ, և նրա անունը կարծես թե չի ասոցացվում Շահինյանի կլանի հետ: Սա արդեն հուսադրող է, իսկ առայժմ ակտուալ է մնում, թե ո՞վ կփոխարինի Աղվան Հովսեփյանին:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache