Ահա եւ վերջ. ԱՄՆ դեսպանը «դուրս գրեց» ԱԺ-ն գործընկերների ցանկից

214

lragir.am — Հոկտեմբերի 8-ին խորհրդարան է այցելել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը եւ հանդիպել խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանի հետ: Միլզը խորհրդարան է այցելել իր պաշտոնավարման ավարտի կապակցությամբ, այսինքն հրաժեշտի այցով: Սակայն ԱՄՆ դեսպանի այցը համընկել է նաեւ ուշագրավ իրավիճակի հետ, որ ներքին կյանքում ստեղծված է խորհրդարանի լուծարման հետ կապված:

Հոկտեմբերի 2-ի հայտնի իրադարձություններից հետո դեպքերի ընթացքը բավական արագացել է, իսկ հոկտեմբերի 8-ին ստացել նաեւ անսպասելի դրսեւորում: Նախկին գլխավոր դատախազ, ՀՀԿ խմբակցության անդամ Գեւորգ Կոստանյանը հայտարարել է, որ աջակցում է խորհրդարանը լուծարելու Նիկոլ Փաշինյանի օրակարգին եւ կարծում է, որ դա է պահանջում պետության շահը:

Գեւորգ Կոստանյանի դիրքորոշումը բնորոշում է ՀՀԿ-ում առկա իրավիճակը, ավելի շուտ՝ դրա ոչ միարժեքությունը, ինչն անկասկած ունի շատ ավելի վաղ արմատներ եւ որին անդրադարձել եմ մի շարք հոդվածներով: Այդ իմաստով ուշագրավ է ԱՄՆ դեսպան Միլզի հետ հանդիպմանը ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի խոսքը, որ ինքը միջազգային բոլոր հանդիպումներում հորդորում է արտաքին գործընկերներին աջակցել Հայաստանի նոր կառավարությանը, ու նաեւ կշարունակի ինքն էլ ջանք գործադրել, որպեսզի Հայաստանում խնդիրները լուծվեն քաղաքական, սահուն ճանապարհով:

Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանն այդ իմաստով ստանձնել է հատկանշական գործառույթ, կամա թե ակամա: Օգոստոսի 17-ի հայտնի հանրահավաքից հետո, որը շրջադարձային հանգրվան էր ներքին զարգացումների տեսանկյունից, Բաբլոյանը հայտարարեց հանդիպումների շարքի մասին, սկսելով այն վարչապետի հետ հանդիպումից եւ արձանագրելով, որ դեռեւս չկա անցուային միջոցների կարիք, քանի որ նախկին իշխանությունը կմնա այսպես ասած թավշյա հեղափոխության հետ համաձայնության եւ իշխանության սահուն փոխանցման ռեժիմում:

Միեւնույն ժամանակ, ակնհայտ էր, որ չնայած Բաբլոյանի այդ դիրքորոշմանը, նախկին իշխանության տարբեր թեւեր ու ներկայացուցիչներ ակնհայտորեն դուրս էին գալիս այդ ռեժիմից, համենայն դեպս հայտարարությունների մակարդակում: Դրա գագաթնակետը հոկտեմբերի 2-ն էր ու հատկանշական էր, որ մամուլում տեղեկություն հրապարակվեց, թե Արա Բաբլոյանը երեկոյան ԱԺ-ում ծավալված իրադարձությունների ընթացքում մտադիր է եղել ներկայացնել իր հրաժարականը:

Դա ուշագրավ հանգամանք է, եւ Արա Բաբլոյանը դրանով թերեւս վերջնագիր է ներկայացրել հենց նախորդ համակարգին, փաստացի հրաժարական տալով ոչ թե ԱԺ նախագահի, այլ հենց թավշյա հեղափոխության հետ «միջնորդի», սահուն իշխանափոխության ընթացքի «մոնիտորինգ» իրականացնողի կարգավիճակից: Այլ կերպ ասած, Բաբլոյանը թերեւս հրաժարվել է լինել այդ միջնորդը, եթե նախկին համակարգը չի պահում պայմանավորվածությունը:

Համենայն դեպս, ԱՄՆ դեսպանի հետ հանդիպմանը Բաբլոյանի հավաստիացումը հուշում է, որ նա կարծես թե փորձում է «արդարանալ», որ ամենեւին առնչություն չունի հոկտեմբերի 2-ի ապակառուցողական քայլի հետ: Այստեղ կա մեկ այլ հատկանշական հանգամանք: Այդ քայլի առաջամարտիկների շարքում էր ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, ում մինչեւ թավշյա հեղափոխությունը անթաքույց բարձր էր գնահատում նույն դեսպան Միլզը, թերեւս դիտարկելով նախորդ համակարգի շրջանակում սերնդափոխության լավագույն ռեսուրսներից՝ եղածի ֆոնին իհարկե:

Արփինե Հովհաննիսյանը նախորդ համակարգի որոշակի հանգամանքների բերումով թերեւս հայտնվել է այսպես կոչված «հակահեղափոխության» առաջամարտիկի դերում: Այս ֆոնին էլ հատկանշական է դեսպան Միլզի խոսքը, որ մեջբերված է ԱԺ պաշտոնական տեղեկատվության մեջ. «Ես բարձր եմ գնահատում մեր երկու երկրների միջեւ ձեւավորված արդյունավետ համագործակցությունն իմ պաշտոնավարման տարիներին: Վստահ եմ, որ Միացյալ Նահանգների կառավարությունը կշարունակի աջակցել հայ ժողովրդին ամուր եւ անկախ խորհրդարանի կայացման գործում»:

Դեսպանն ըստ երեւույթին ակնարկում է, որ խորհրդարանի նոր սերունդը, որի հետ անթաքույց փորձել է աշխատել եւ որպես նոր քաղաքական գործընկեր դիտարկել, այդ թվում Արփինե Հովհաննիսյանը, չկարողացան դրսեւորել բավականաչափ քաղաքական անկախություն ու հասունություն, առանցքային քաղաքական պահին հին հանգամանքներից կախվածությունից զերծ մնալեւ եւ իրենց համար քաղաքական ապագա ձեւավորելու պատեհ պահը օգտագործելու համար:

Այդպիսով, ԱՄՆ դեսպանը թերեւս իր «հիասթափությունն» է հայտնում Հայաստանի ներկայիս խորհրդարանից եւ փաստացի դուրս գրում այն Հայաստանում քաղաքական գործընկերների ցանկից, ակնարկելով, որ այդ խորհրդարանն այլեւս չի ներկայացնում քաղաքական գործընկեր լինելու որեւէ ներուժ եւ ըստ այդմ անգամ արտաքին քաղաքական տրամաբանությունը հուշում է, որ Հայաստանին անհրաժեշտ է նոր խորհրդարան, որի հետ հնարավոր է աշխատել նոր իրավիճակում:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache