Ահա թե ինչ է ուզում Քոչարյանը. Ով կրակի բերան կգնա

62

Շատերը կհիշեն խորհրդային ժամանակների հայտնի մուլտֆիլմը, երբ չվող երամից մի թռչուն կտցում է գորտին ու թռչում: Բայց գորտը պոկվում է, ընկնում ներքեւ ու բոլորին ոգեւորված պատմում, թե ինչպես է ինքը թռչել: Բայց նրա պատմություններն արդեն ժամանակի ընթացքում ոչ ոք չէր լսում, նրանից խուսափում էին, եւ վերջո, մի այլ երամի թռչուն նրան օդ է թռցնում՝ կուլ տալու: Կուլ գնալուց առաջ գորտը օդում հասցնում է վերջին անգամ բացականչել՝ ես թռչում եմ:

Ռոբերտ Քոչարյանը երեկ հարցազրույց է տվել ռուսական տխրահռչակ ՆՏՎ-ին, որը «մասնագիտացած» է Հայաստանի ու հայերի դեմ իր նյութերով: Հիշվում է՝ ապրիլի վերջերին Քոչարյանը կրկին հարցազրույց էր տվել այս հեռուստաալիքին, բայց այն ի վերջո հանվեց, քանի որ իրադարձություններն այնքան արագ էին զարգացել, որ հարցազրույցը հնացել էր ու կարող էր զավեշտալի վիճակի մեջ դնել թե Քոչարյանին, թե հեռուստաալիքին:

Նոր հարցազրույցում Քոչարյանը կրկին պատմել է, թե ինչպես է իր օրոք զարգացել երկիրը: Մի կողմ թողնելով նրա անհույս ու ժամկետանց մտքերն ու գնահատականները, արժե ուշադրություն դարձնել մի հանգամանքի վրա: Հարցազրույցում Քոչարյանն ասել է, որ ինքը դարձել է ձգողականության կենտրոն, բայց չի շտապում հայտարարել քաղաքականությանն իր մասնակցության ձեւաչափի մասին:

Շատերը սրա մեջ տեսնում են ինչ որ լուրջ մարտավարություն, իրականում Քոչարյանին լավ ճանաչողները գիտեն, որ այդտեղ ոչ մի մարտավարություն էլ չկա. Քոչարյանը պարզապես սպասում է, թե ով կպայքարի իրեն իշխանության բերելու համար: Այդպես է եղել 1990-ականների սկզբին Ղարաբաղում՝ Տեր-Պետրոսյանի ու ՀՀՇ-ի ջանքերով, հետո արդեն՝ Հայաստանում, երբ նա նշանակվեց վարչապետ ու հետո դարձավ նախագահ կրկին Տեր-Պետրոսյանի, ապա Վազգեն Սարգսյանի ջանքերով: Քրեական օլիգարխիայի ու Սերժ Սարգսյանի ջանքերով նա նախագահ դարձավ երկրորդ ժամկետով:

Հիմա էլ նա «բաց է պահում» ձեւաչափը, կրկին փորձելով ուրիշի դեմքով ու ձեռքերով լուծել իր խնդիրները: Հիշվում է՝ ժամանակին դաշնակները ձանձրացան նրա այս պահվածքից, եւ Արմեն Ռուստամյանը գրեթե վերջնագիր ներկայացրեց նրան՝ կամ վերադարձին ու քաղաքականությամբ զբաղվիր քո դեմքով, կամ «մենք գնացինք»:

Ըստ ամենայնի, ներկայում նույնն է կատարվում ՀՀԿ-ի հետ, ում Քոչարյանը վերջին երեք ամիսների ընթացքում արդեն մի քանի անգամ կանգնեցրել է փաստի առաջ, օրինակ՝ մայիսի սկզբին, երբ խորհրդարանը պետք է ընտրեր վարչապետ: ՀՀԿ-ն աջակցություն հայտնեց Քոչարյանին նրան ձերբակալելու ժամանակաշրջանում, բայց Քոչարյանն այդպես էլ «բաց պահեց ձեւաչափը», եւ հիմա ՀՀԿ-ն բանակցում է Նիկոլ Փաշինյանի հետ ու հավաստիացնում, որ մայիսի սկզբի պատմությունն այլեւս չի կրկնվի:

ՀՀԿ-ն էլ երեւի արդեն հասկացել է Քոչարյանի «քաղաքական բնույթը»:

Ո՞վ կրակի բերան կգնա Քոչարյանի համար, առավել եւս իրավիճակը հասկանալուց հետո: Նա որեւէ շանս չունի ոչ մի պարագայում՝ թե ստվերում, թե հրապարակում, իր հերթին ձեւավորված է կայուն համոզմունք, որ նա ձգողականության կենտրոն կարող է դառնալ միայն ագենտուրայի, կոռուպցիոներների ու սոցիալապես նվազ պատասխանատու շերտերի համար, ինչպես կասեր Պուտինը: Ո՞վ կհայտնվի այդ ցուցակում:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache