Լրահոս

Ահա թե ինչպես են վարվելու ռուսները նոր պատերազմի դեպքում

 

Արտահերթ ընտրությունների գնալու Ալիեւի որոշումը փորձագիտական շրջանում, ի թիվ այլ պատճառների, մեկնաբանվեց նաեւ հնարավոր նոր պատերազմի համար ժամանակ շահելու եւ ձեռքերն ազատելու տեսանկյունից: Նման մեկնաբանության համար առիթ էին թե ադրբեջանցի պաշտոնյաների հայտարարությունները տարածաշրջանում իրավիճակի հավանական սրման, թե Ալիեւի հավակնությունները Երեւանի ու Զանգեզուրի հանդեպ:Զուգահեռ, հնչում են կարծիքներ Ռուսաստանի հնարավոր պահվածքի մասին:

Օրինակ, որ Ռուսաստանը թույլ չի տա ռազմական գործողությունների վերսկսում, կամ պատերազմի դեպքում չի խոչընդոտի հայկական ուժերի հակահարձակմանը, ինչպես նախկինում:Ալիեւն արտահերթ ընտրության գնալով, փորձում է կանխել իր համար որոշ անցանկալի իրադարձություններ, նկատի առնելով թե ներքին, թե արտաքին անկանխատեսելի զարգացումները: Ռուս փորձագետներն այն կարծիքին են, որ արտահերթ ընտրության գնալով, նա «թաքնվում» է Ռուսաստանի թիկունքում այն առումով, որ Ռուսաստանում էլ են սպասվում նախագահի ընտրություններ, որոնք շեղելու են միջազգային հանրության ուշադրությունը Ադրբեջանից, կամ համենայնդեպս նվազեցնելու են այդ ուշադրությունը: Բացի այդ, այդպիսով նվազելու է նաեւ Ադրբեջանում նախագահի ընտրության եւ այլ գործընթացների վրա ազդելու Ռուսաստանի հնարավորությունը:Այս կապակցությամբ արժե հետեւել Սիրիայում Ռուսաստանի պահվածքին, թեեւ հայերն իհարկե պատմական հարուստ փորձ ունեն այդ առումով:

Թուրքիան Աֆրինում քրդերի դեմ ռազմական գործողությունները սկսելուց հետո պահանջեց, որ ռուս եւ ամերիկացի զինվորականները հեռանան այդ շրջանից: Ռուսները հեռացան, իսկ ամերիկացիները կոշտ պատասխան տվեցին թուրքերին: Սիրիայում ու Իրաքում ամերիկյան ուժերի հրամանատար գեներալ Փոլ Ֆանքը հայտարարել է, որ Մանբիջի վրա թուրքական ԶՈւ հարձակման պարագայում հակահարված են տալու Թուրքիային: Մանջիբը կարեւոր քաղաք է մինչեւ Իրաքի սահման հասնելու թուրքական մտադրությունների ճանապարհին:Ռուսները մի քանի հարվածներ ստացան այսպես կոչված ապաէսկալացիոն գոտու թուրքական հատվածից, այդ թվում խոցվեց ռուսական օդանավը, սակայն ռուսներն արդարացրին թուրքերին ու աջակցում են նրանց քրդերի դեմ գործողություններում:

Ծանոթ պատկե՞ր չէ 20-րդ դարասկզբի իրադարձությունների ու Արցախյան պատերազմի ժամանակներից: Ռուսաստանը չի փոխվել ու չի փոխվելու, անկախ նրանից, թե ինչ ռեժիմ է այնտեղ՝ ցարական, դեմոկրատական թե պուտինյան: Փոխվել է միայն Մեծ Մերձավոր Արեւելքի վերաձեւման առանցքային գործոնը՝ եթե հարյուր տարի առաջ հայերն էին, որոնց հույսը Ռուսաստանն էր, հիմա քրդերն են, որոնք երեւում է հույսեր չեն կապում Ռուսաստանի հետ, ի տարբերություն հայերի:Այնպես որ, պետք չէ նայել Ռուսաստանի կողմ հույսով, որ նա թույլ չի տա պատերազմ, կամ չի կանգնեցնի հայկական հակահարձակումը: Ադրբեջանը պետք է պատրանք անգամ չունենա, որ հայերը կայացնելու են ինքնիշխան որոշումներ, եւ միայն դա է զսպելու նրան:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing