Ահա թե ինչու է ներողություն խնդրել Շարմազանովը

132

Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայ ժողովրդից ներողություն է խնդրել: Շարմազանովը նշել է, որ շատ սխալներ ու մեղքեր են եղել, որի համար քաղաքական պատասխանատվություն են կրել: «Մենք մեր ժողովրդին կարող ենք ասել, որ ներողություն ենք խնդրում այն բոլոր չարածի համար, որ պետք է անեինք այս տարիների ընթացքում և մեր նոր իշխանության գործընկերներին մաղթում ենք, որ կարողանան ավելին անել, քան մենք արել ենք: Ներողություն, եթե չենք կարողացել արդարացնել ձեր սպասելիքները, սակայն մենք շարունակելու ենք գործել հանուն Հայաստանի Հանրապետության», ասել է Շարմազանովը:

ՀՀԿ-ն իրոք պատասխանատվություն է կրել՝ կորցնելով իշխանությունը, բայց նոր կառավարությունը դեռ երկար պետք է շտկի նախկինի մեղքերը, որոնք համակարգային ճգնաժամի են հանգեցրել: Այս ճգնաժամը պայմանավորված է նրանով, որ նախորդ տարիներին իշխանությունը պետությանն ի վնաս պայմանագրեր է ստորագրել, որոնք օգնել են ՀՀԿ-ին պահել իշխանությունը: Այդ պայմանագրերը Հայաստանի բնակչությանը լծի տակ են դրել, եւ դեռ երկար պետք է վճարենք դրա դիմաց:

Առաջին լուրջ ճգնաժամը կապված է պարտադիր կուտակային համակարգի հետ: Այն ներդրվել է, երբ Հայաստանի կառավարությանը «հեշտ փող» էր պետք համաշխարհային ֆինանսական ֆոնդերից, որի դիմաց Հայաստանը ստիպված էր դառնալ համաշխարհային ֆինանսական համակարգի պատանդը: Բնակչության եկամուտների 10%-ը փաստացի Հայաստանի կառավարության «գրավն է» համաշխարհային ֆինանսական համակարգին, որով վարկային միջոցներ է ստացել: Ընդ որում, Հայաստանի քաղաքացիների եկամտի 10%-ը տնօրինող ֆոնդերի հետ պայմանագիրն այնպիսի պայմաններով է ստորագրվել, որ դրանից դուրս գալը Հայաստանին ավելի թանկ է արժենալու, քան նախագծի շարունակումը:

Նիկոլ Փաշինյանը ըստ երեւույթին պայմանագրին ծանոթանալուց հետո հասկացել է, որ ավելի լավ է «զոհաբերել» աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին ու իր իմիջի մի մասը, քան հրաժարվել դրանից:

Այս պայմանագրի ստորագրման մեղքը բացառապես ՀՀԿ ու նրա ղեկավարության վրա է: Լավ կլիներ, որ Շարմազանովը ներողություն խնդրեր, որ իր կուսակցությունը քաղաքացիների եկամուտների 10%-ը «գրավ է դրել» օտարերկրյա հիմնադրամներում:

ՀՀԿ-ն պետք է ներողություն խնդրի, որ Հայաստանն անդամակցել է անպետք ԵՏՄ-ին, որից, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ից դուրս գալը հղի է բազմաթիվ վտանգներով: Ինչպես նշում է Անվտանգության խորհրդի քարտուղարը, մի բան է այդ միություններ մտնելը, մեկ այլ բան՝ դուրս գալը:

Նույն վիճակն է հայ-ռուսական գազային հարաբերություններում: 2013 թվականին Մոսկվայի հետ ստորագրվել է այնպիսի պայմանագիր, որի խախտումը հղի է այնպիսի հետեւանքներով, որ ավելի լավ է պահպանել գազի ներկայիս գինը:

Այդպիսի պայմանագրերը շատ են նաեւ հանքարդյունաբերության ոլորտում: Հիմա ամենասուրն Ամուլսարի հարցն է, սակայն հարցեր կան նաեւ այլ հանքավայրերի մասով:

Այդ պայմանագրերից գոնե մեկի խզումը կարող է պայթեցնել Հայաստանի ու համաշխարհային դերակատարների հարաբերությունների պայմանագրային հիմքը: Դա հավանաբար անհրաժեշտ է նախորդ իշխանությունների ստորագրած արատավոր պայմանագրային բազայի լիակատար վերանայման համար: Հարցն այն է, թե արդյոք նոր կառավարությունը ռեսուրս ունի, որ դիմադրի արտաքին ճնշմանը: Ներկայիս կառավարության լեգիտիմությունը կասկած չի հարուցում, սակայն ստիպված է լինելու պատասխանատվություն կրել նախորդ իշխանությունների գործողությունների համար:

Նոր կառավարությունը կարո՞ղ է ՀՀԿ-ին մեղադրել հակազգային պայմաններով եւ ի վնաս պետությանը պայմանագրեր ստորագրելու մեջ:  Միգուցե դրա համա՞ր է Շարմազանովն անսպասելի ներողություն խնդրել:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache