Լրահոս

Ահա թե ինչու Սոլովյովին չձերբակալեցին Բաքվում

 

Ռուսաստանցի հայտնի հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը սոցցանցում գրել է, որ չի պատրաստվում ներողություն խնդրել Արցախի հարցում իր դիրքորոշման եւ նախկինում Արցախ այցելած լինելու համար: Սոլովյովը այդ մասին գրել է Բաքու այցելելուց հետո, որտեղ նա հանդիպել է նաեւ Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ: Ըստ տարածված տեղեկության, Ալիեւը նրան ներկայացրել է Արցախի խնդրում Բաքվի դիրքորոշումը:Հետաքրքիր է, որ Արցախ այցելողների սեւ ցուցակ կազմող եւ նրանց հետապնդող Ալիեւը Սոլովյովին ձերբակալելու փոխարեն հանդիպում է նրա հետ եւ փորձում ներկայացնել Բաքվի դիրքորոշումը:

Օրինակ, բլոգեր Լապշինին Ալիեւը ձերբակալեց, այսինքն հորդորեց դա անել Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին, որը հետո Լապշինին արտահանձնեց Բաքու: Սոլովյովի հետ Ալիեւի հանդիպումից առաջ տեղեկություն եղավ, որ Լապշինի կալանքը երկարաձգվել է եւս երեք ամսով: Նա Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացի է, որին ձերբակալել են Արցախ այցելելու համար:

Բաքուն համարում է, որ այցելողները խախտում են Ադրբեջանի պետական սահմանը:Սոլովյովին սակայն այդ մեղադրանքը չի ներկայացվել, ավելին՝ նրա հետ Ալիեւն է հանդիպել:Սոլովյովը իրեն հռչակում է հայերի բարեկամ: Նա եւ Ժիրինովսկին հայկական միջոցառումների հաճախակի հյուրերն են, պատմական արդարությունից են հաճախ խոսում, հայությանը հասցնելով գրեթե էքստազի: Թեեւ Ժիրինովսկին օրինակ հիասթափեցրել էր՝ մի քանի ամիս առաջ Բաքվում խոսել էր Ադրբեջանի «պատմական արդարությունից»: Թե ինչից է Բաքվում Սոլովյովը խոսել, այդքան էլ հայտնի չէ:

Թեեւ, գուցե ասել է, որ իր ուժերի ներածին չափով նպաստում է ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական գործակցության հեռանկարներին, այսպես ասած «հայերի չար աչքից» դրանք հեռու պահելու համար:Բանն այն է, որ Վլադիմիր Սոլովյովը ռուսական պրոպագանդայի մեկ այլ դրոշակակրի՝ Դմիտրի Կիսելյովի հետ մի քանի շաբաթ առաջ Հայաստանում էր եւ մամուլի ասուլիսի ընթացքում Կիսելյովի հետ ուս-ուսի փորձել էին Հայաստանի հանրության մոտ հետապրիլյան լեգիտիմություն ապահովել ռուս-ադրբեջանական ռազմա-տեխնիկական գործակցության համար: Նրանք Հայաստանի հանրությանը փորձել էին ներկայացնել, թե լավ է, որ Ռուսաստանն է սպառազինություն վաճառում Ադրբեջանին, որովհետեւ այդպես նաեւ կառավարում է Բաքվին:

Թե ինչպես է Բաքուն «կառավարվում» այդպես, Հայաստանի հանրությունը տեսավ հենց ապրիլին: Ընդ որում, դրա մասին մի քանի ակնարկ արել է ընդհուպ Սերժ Սարգսյանը, օրինակ բոլորովին վերջերս ՄԳԻՄO-ում ելույթի ընթացքում, հայտարարելով, թե գործընկերները Հայաստանին փորձում էին հավաստիացնել, որ Ալիեւի ռազմատենչությունը ներքին սպառման համար է:Կիսելյովի եւ Սոլովյովի ասուլիսը Երեւանում այդ իմաստով ապրիլյան հետքը մաքրելու եւ Ադրբեջանի հետ Ռուսաստանի ռազմա-տեխնիկական գործակցության նոր հեռանկարների նախադրյալները վերականգնելու փորձ էր: Թե որքանով էր այդ փորձը համակարգված անմիջապես Կրեմլից, դժվար է ասել:

Բայց, ըստ երեւույթին Սոլովյովը Բաքու է մեկնել փորձի արդյունքների վերաբերյալ տպավորությամբ կիսվելու համար:Եթե Ալիեւը նրան չի ձերբակալել, կնշանակի կամ գոհ է եղել արդյունքից, կամ որոշել է Սոլովյովին տալ եւս մի հնարավորություն:Բնական է, որ ռուսական պրոպագանդայի աստղը ներողություն չի խնդրելու Ացախի հարցում դիրքորոշման համար: Հակառակ դեպքում նա կդադարեր լինել հայության մտքի եւ հոգու վրա ազդող միջոց: Չէ՞ որ նա ավելի կարեւոր գործ ունի՝ լեգիտիմացնել ռուս-ադրբեջանական ռազմա-տեխնիկական գործարքի հեռանկարները: Այդ կարեւոր գործի մոտ Արցախի հանդեպ նրա դիրքորոշումն Ալիեւի համար մանրուք է:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing