«Ահաբեկչական խմբի անդամներին ազատ եք արձակում, Քոչարյանին՝ ո՞չ»

56

Մեր զրուցակիցն է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը

Պարոն Շարմազանով, Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար ստորագրած պատգամավորների դիմումը մերժվեց։ Ինչ-որ քայլերի դիմելո՞ւ եք։

Նախ պետք է նշեմ, որ դեռևս չկա դատարանի որոշումը, որը պետք է որոշում կայացնի։ Ես հուսով եմ, որ ՀՀ դատական համակարգը կընտրի ոչ թե զանգովի կամ սուբյեկտիվ արդարադատության, այլ ողջախոհության և իրական արդարադատության ճանապարհը և կընդունի Ազգային ժողովի 46 պատգամավորների միջնորդությունը՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու վերաբերյալ։ Գլխավոր դատախազության մեկնաբանությունն ու հիմնավորումն ընդհանրապես համոզիչ չէր։ Կարծում եմ՝ այստեղ մենք գործ ունենք սուբյեկտիվ կարծիքի հետ։ Երկրորդ՝ ՀՔԾ պետի՝ օրեր առաջ հնչեցրած գնահատականը ևս համոզիչ չէր, և դա ոչ այլ ինչ էր, քան ուղղակի միջամտություն արդարադատությանը։ Առնվազն տարակուսելի է, որ երկրորդ նախագահը, որ վերադարձել է Հայաստան ու ինքնակամ ներկայացել, ասում են, թե կարող են լինել տարբեր պատճառներ, որ նա խոչընդոտի քննությանը, երբ 40-ից ավելի ԱԺ պատգամավորներ միջնորդություն և երաշխավորագիր են տալիս։ Այն դեպքում, երբ 2-3 պատգամավորներ այլ խմբակցությունից, որոնք այսօր իշխանական կոալիցիայի մեջ են, միջնորդում են «Սասնա ծռեր» խմբի որոշ անդամների կալանքը փոխելու համար, և դա բավարարվում է, մինչդեռ պարզ է, որ այդ խմբի գործողությունների արդյունքում զոհվել է ՀՀ ոստիկանության գնդապետ, որը մասնակցել է արցախյան ու քառօրյա պատերազմներին։ Ինձ համար իրական հերոսը գնդապետ Վանոյանն է, այլ ոչ թե այդ ահաբեկիչները։ Այդ ահաբեկչական խմբի անդամներին ոմանք ազատ են արձակում, իսկ 40-ից ավելի պատգամավորների միջնորդությունը՝ փոխել Ռոբերտ Քոչարյանի կալանքը, մերժվում է, դա ոչ միայն անհասկանալի է, այլ իմ վրա թողնում է ընտրովի արդարադատության տպավորություն։

Հայաստանում վերջին 20 տարիներին խոսվել է սելեկտիվ արդարադատության մասին հենց նախորդ իշխանությունների օրոք։ Հիմա այս իրավիճակը նման է ձեր իշխանության ժամանակվա իրավիճակի՞ն։

Ես չեմ ուզում հիմա խոսել մեր իշխանության օրոք տեղի ունեցած բացթողումների կամ ձեռքբերումների մասին։ Ի վերջո, մենք չենք ապրում ՀՀԿ-ական իշխանության կառավարման ժամանակաշրջանում։ ՀՀԿ-ն հեռացել է իշխանությունից, և դա եղել է իր քաղաքական պատասխանատվության գինը նաև իր թերությունների համար։ Այսօր մենք քննարկում ենք կոնկրետ օրվա քաղաքական իշխանության գործունեությունը և կոնկրետ քրեական գործը, որն առնչվում է երկրորդ նախագահին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին և, ի զարմանս ինձ, Վիկիլիքսի հրապարակումների հիման վրա քրեական գործ են հարուցում Արմեն Գևորգյանի վրա։ Դա ծիծաղելի է։ Աշխարհի ոչ մի երկրում Վիկիլիքսի հրապարակման հիման վրա պետական պաշտոնյային մեղադրանք չեն առաջադրում։ Եթե այդպես է, ես իրենց խորհուրդ եմ տալիս Day.az, Haqqin.az և այլ ադրբեջանական կայքերին հետևեն, որտեղ տարիներ շարունակ արցախյան պատերազմին մասնակցած Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի հասցեին տարբեր քրեական մեղադրանքներ են հնչեցնում։ Եթե ուզում են, դրանք էլ կարող են կցել գործերին։

Լավ, ինչքա՞ն կարելի է այսպես անլուրջ մոտեցում, երբ նույն Վալերի Պողոսյանը հայտարարում է, որ ինքը ոչ անձնապես Արմեն Գևորգյանին տեսել է, ոչ էլ որևէ սպառնալիք Արմեն Գևորգյանի անունից իր վրա եղել է։ Ու այդ մասին այսօր բոլորը լռո՞ւմ են, ու սա ընտրովի արդարադատություն չի՞, սա սուբյեկտիվ մոտեցում չի՞, սա քաղաքական հետապնդում չի՞։ Բա էլ ո՞րն է քաղաքական մոտիվներով հետապնդումը։ Եթե Սահմանադրության մեջ նորմ եք մտցրել, որ ԱԺ պատգամավորն իրավունք ունի կալանքը փոխելու միջնորդությամբ հանդես գալ և խորհրդարանի պատգամավորների 1/3-ից ավելին միջնորդությամբ են հանդես գալիս, ՀՔԾ պետն ու գլխավոր դատախազությունն էլ անհիմն հայտարարություններով փորձում են ներկայացնել, թե իբր Քոչարյանը կարող է խոչընդոտ հանդիսանալ քննությանը։ Եթե դուք մի կողմ եք դնում օրինական ընտրված օրենսդիր իշխանության 1/3-ի դիմումը և 2-3 հոգու միջնորդությամբ՝ ահաբեկչական խմբի անդամներին ազատ եք արձակում, բա էլ ո՞նց չասեմ, որ սա ընտրովի արդարադատություն է։ Իրավունք ունե՞մ այդպես մտածելու, իհարկե ունեմ։

Հայաստանում արտահերթ գործընթացներ են, և սոցիալական ցանցերում շատ է խոսվում, որ հակահեղափոխությունն է գլուխ բարձրացնում՝ ՀՀԿ-ականների դեմքով։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունները։

Հայաստանում հեղափոխություն չի եղել, որ հիմա էլ հակահեղափոխություն լինի։ Հայաստանում եղել է իշխանափոխություն շանտաժի միջոցով։ Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, մենք ոչ հեղափոխականներ ենք, ոչ էլ՝ հակահեղափոխականներ։ Մենք ազգային պահպանողական կուսակցություն ենք, որ մեր առավելություններով ու թերություններով հանդերձ գործելու ենք հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն Արցախի, ազգային շահերի գերակայությամբ։ Իսկ թե ով ինչ որակումներ կտա, ինձ ընդհանրապես չի հետաքրքրում։

Մենք տեսնում ենք, որ ՀՀԿ-ն ջանք ու եռանդ չի խնայում Ռոբերտ Քոչարյանի կալանքի որոշման վրա ազդեցություն ունենալու համար, մինչդեռ մի քանի տարի առաջ ՀՀԿ-ն բոլորովին այլ դիրքորոշում ուներ երկրորդ նախագահի վերաբերյալ։ Կարելի՞ է արձանագրել, որ Ռոբերտ Քոչարյանը վերադառնում է։

Մենք այսօր էլ կարող ենք տարաձայնություններ ունենալ։ Հենց մեր և նոր իշխանությունների տարբերությունը դա է, որ մենք քաղաքական բանավեճի կողմնակից ենք, ոչ թե անձնական վրեժխնդրության։ Մենք այսօր էլ Ռոբերտ Քոչարյանի հետ կարող ենք ունենալ բազմաթիվ տարաձայնություններ, բայց դա չի նսեմացնում Ռոբերտ Քոչարյանի դերակատարությունը Արցախի պետականության ուժեղացման գործում, արցախյան հերոսամարտում նրա ներդրած ավանդում։ Եվ ամենակարևորը՝ մենք երևույթի մասին ենք խոսում։ Եթե Ռոբերտ Քոչարյանի փոխարեն մեկ ուրիշի նկատմամբ նման իրավիճակ լիներ, մենք էլի խոսելու էինք։ Ի՞նչ է նշանակում, որ մարդն իր ոտքով արտասահմանից գալիս է, ասում է՝ ես պատրաստ եմ մասնակցել, դուք միանգամից վկայի կարգավիճակը փոխում եք մեղադրյալի։ Այդ մեկ ժամվա ընթացքում ի՞նչ նոր հանգամանքներ ի հայտ եկան, որ Քոչարյանը վկայից դարձավ մեղադրյալ։ 0038 հրամանի մասին մեկ շաբաթ առաջ չգիտեի՞ն, Քոչարյանի գալուց հետո նոր իմացան, որ նման հրաման կա՞։ Սա ընտրովի, զանգովի արդարադատություն է, սա խայտառակություն է։

Ժամանակին նույն 2008 թվականի մարտի 1-ից հետո Արմեն Աշոտյանի հետ ստորագրել ենք, որ Սուրեն Սուրենյանցի խափանման միջոց կալանքը փոխվի, որը Նիկոլ Փաշինյանի հետ միասին Օպերայի հրապարակում վարում էին Լևոն Տեր-Պետրոսյանի հավաքները։ Դա չի նշանակում, որ ես 2008-ին իրենց արտահայտած մտքերի հետ համամիտ եմ եղել։ Այնպես չէ, որ ես միայն Ռոբերտ Քոչարյանի համար եմ ստորագրել։ Սա առաջին դեպքը չէ, որ ես միջնորդություն եմ գրել։ Տարբեր քաղաքացիների համար եմ գրել, որոնք գուցե քաղաքական գործիչ չեն եղել, դրա համար այսպես աղմուկ չի եղել։ Դա պատգամավորի իրավունքն է։ Մամուլում, համացանցում, տարբեր քաղաքագետների կողմից հնչող գնահատականները, թե այդ ինչպես եղավ, որ ՀՀԿ-ականները Ռոբերտ Քոչարյանի հետ տարաձայնություններ ունեին, բայց այսօր պաշտպանում են։ Մենք միշտ էլ կարող ենք ունենալ տարաձայնություններ տարբեր հարցերի շուրջ, բայց դա չի նշանակում, որ մարդուն պետք է հանիրավի մեղադրանք ներկայացնել կամ պահել կալանքի տակ։ Այն էլ մի մարդու, որը քո հանրապետության երկրորդ նախագահն է եղել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփելու է իր պաշտոնավարման 100 օրը, ընդ որում՝ դա արվելու է հանրահավաքի միջոցով։ Ինչպե՞ս եք գնահատում կառավարության գործունեությունը որպես նախկին իշխանություն և ներկայիս ընդդիմություն։

Թող վարչապետն ամփոփի, դրանից հետո միգուցե կխոսեմ։ Այս պահին, մինչև օգոստոսի 17-ը դրա մասին չեմ խոսում։ Ես այս ընթացքում բազմաթիվ հարցազրույցներում առիթ ունեցել եմ իմ կարծիքն արտահայտելու թե հայ-ռուսական հարաբերությունների, թե արտաքին քաղաքականության, թե արցախյան հիմնահարցի, թե ընտրովի արդարադատության, թե մնացած այլ հարցերում։ Ես մատնանշել եմ բոլոր թերությունների մասին, որոնք արել է Փաշինյանի կառավարությունը՝ սկսած Արցախում իր առաջին հայտարարությունից, որ Հայաստանը հակամարտության կողմ է, վերջացրած այսօրվա իրենց գործունեությամբ։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache