Լրահոս

«Աիդա ջան, կներես, բայց պիտի մեռնես». տղամարդը ծանոթ կնոջից փող ու ոսկի է ուզել, մերժվելով՝ դանակով ծակծկել է նրան

 

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Արմեն Մուրադյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ:

Արմեն Մուրադյանը մեղադրվում էր ծանոթ կնոջ նկատմամբ ավազակային հարձակում կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:

Ըստ դատական ակտի՝ Արմեն Մուրադյանը գործով տուժող Աիդա Մ.-ի հետ ծանոթացել է 2012 թվականին: Նորոգել է Աիդայի բնակարանի ջրի խողովակները: Դրանից հետո նա մտերմացել է Աիդայի հետ, հաճախ այցելել է նրան:

2015 թվականի սկզբին Արմենը երեք ամիս վարձով ապրել է Աիդայի տանը՝ Աիդայի հետ համատեղ: Աիդային պարտք մնալով 20 հազար դրամ՝ Արմենը մեկնել է Ռուսաստան, իսկ երբ վերադարձել է Հայաստան, շարունակել է շփվել ու մտերմություն անել Աիդայի հետ:

2015 թվականի դեկտեմբերի 26-ին Արմենը այցելել է Աիդային, իր հետ տարել է օղի, հանքային ջուր: Խմել են, պառկել են քնելու: Առավոտյան Արմենը, խոստանալով վերադարձնել  20 հազար դրամ պարտքը, ասել է, թե գնում է մոտը եղած 100 դոլարը դրամ դարձնելու, և հեռացել է:

Հաջորդ օրը Արմեն Մուրադյանը իր ծանոթ Դավիթի առաջարկով նրա մեքենայով գնացել է նրա գյուղ, մորթել է նրա խոզերը: Հետո Արմենը Դավիթին խնդրել է իրեն տանել Երևան՝ Աիդայի տուն, որ այնտեղից վերցնի իր բանվորական հագուստը:

Աիդայի տուն գնալուց առաջ Արմեն Մուրադյանը Դավիթից գաղտնի, ըստ մեղադրանքի, իր հետ կպչուն ժապավեն ու դանակ է վերցրել և ժամը 17-ի սահմաններում Դավիթի հետ ուղևորվել է Աիդայի տուն:

Այնտեղ սեղան են նստել, խմել են: Արմեն Մուրադյանը Աիդային հարցրել է ոսկի ու գումար ունենալու մասին: Աիդան ասել է, թե ոչինչ չունի:

Արմենը ծոցագրպանից հանել է կպչուն ժապավենը, ցուցադրել է Աիդային ու հեգնանքով ասել է, թե նրա համար նվեր է բերել: Ապա կրկին Աիդայից պահանջել է ոսկի ու գումար, սպառնացել է, թե հակառակ դեպքում կսպանի, կմորթի նրան:

Աիդան նորից ասել է, թե ոչինչ չունի: Արմենը իր հետ վերցրած դանակն ուղղել է Աիդայի կողմը, սպառնացել է, թե կսպանի, ապա դանակը պահել է Աիդայի որովայնին ու նրան տարել է ննջասենյակ՝ ասելով. «Աիդա ջան, կներես, բայց դու պիտի մեռնես, եթե ինձ չես օգնում»:

Ննջասենյակում, ըստ մեղադրանքի, Արմեն Մուրադյանը կպչուն ժապավենով կապել է Աիդայի ձեռքերն ու ոտքերը, շարունակել է գումար պահանջել: Լսելով մերժում՝ Արմենը, ըստ մեղադրանքի, դանակով հարվածներ է հասցրել Աիդայի ազդրերին՝պատճառել է կտրած-ծակած վերքեր՝ առողջության թեթև վնաս:

Տանը գտնվող Դավիթը արձակել է Աիդայի ձեռքերի ու ոտքերի կապերը:

Արմենը շարունակել է ոսկի ու գումար պահանջել: Աիդան, վախենալով, որ Արմենը կարող է ի կատար ածել սպանելու սպառնալիքները, ասել է, թե հյուրասենյակի զգեստապահարանում դրամապանակ կա, որտեղ գումար ունի: Արմենը Աիդայի նշած տեղից դրամապանակը գտել ու վերցրել է 25 հազար դրամ, մոտ 2 հազար դրամի մետաղադրամ:

Վերցրածով չբավարարվելով՝ Արմենը նորից  կապել է Աիդայի ոտքերն ու ձեռքերը և պահանջել է զարդեր: Աիդան ասել է, թե զգեստապահարանում գտնվող զարդատուփի մեջ 10   հազար դրամի էժան զարդեր ունի: Արմենը դրանք էլ է վերցրել:

Դավիթը այդ ընթացքում հեռացել է: Արմենը տաքսիով Աիդային տարել է իրենց տուն, որտեղ Աիդան Արմենի մորը ցույց է տվել արյունոտ հագուստն ու ազդրերի վերքերը, պատմել է, թե Արմենն ինչպես է վարվել իր հետ: Նույն օրը Արմենը Աիդային է վերադարձրել նրա ոչ թանկարժեք զարդերը, խոստացել է վերադարձնել նաև գումարը:

Աիդան գնացել է իր տուն և մի քանի օր շարունակ պահանջել է, որ Արմենը վերադարձնի հափշտակած գումարը: Համոզվելով, որ չի վերադարձնում, նա 2016 թվականի հունվարի 7-ին դիմել է ոստիկանություն:

Արմեն Մուրադյանը մեղավոր է ճանաչվել ավազակային հարձակման համար և դատապարտվել է 6 տարի ազատազրկման:

Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել Արմեն Մուրադյանի շահերի պաշտպանը: Նա նշել էր, որ Արմեն Մուրադյանի մեղադրանքի հիմքում դրվել են հիմնականում տուժող ճանաչված  Աիդայի ցուցմունքները: Պաշտպանը կասկածելի է համարել, որ տուժողն իր նկատմամբ կատարված վտանգավոր ոտնձգության մասին հաղորդում է տվել դեպքից տասն օր հետո, ավելին, նա իր նկատմամբ ոտնձգություն կատարած անձի հետ դեպքից անմիջապես հետո գնացել է նրա տուն, մնացել է այնտեղ:

Աիդան ցուցմունք է տվել նաև դեպքի պահին իր բնակարանում գտնված Դավիթի դեմ, բայց վարույթն իրականացնող մարմինը Դավիթի մասով նշել է, թե բացի Աիդայի ցուցմունքից այլ տվյալներ ձեռք չեն բերվել, իսկ Արմեն Մուրադյանի մասով միայն Աիդայի ցուցմունքը բավական է եղել ծանր մեղադրանք առաջադրելու համար: Պաշտպանը նշել է, թե նախաքննական մարմինը ցուցաբերել է խտրական ու կամայական մոտեցում:

Արմեն Մուրադյանը դատարանում հայտնել  է, թե Աիդայի ազդրերին դանակով հարվածել է, որովհետև Աիդան հայհոյել է: Նա գտնվել է նոպայի մեջ, ինքը Դավիթին խնդրել է, որ «սկոչ» բերի ու Աիդայի ձեռքերը կապի:

Ինքը Աիդայի տան բանալին ուներ, եթե ցանկանար հափշտակություն կատարել, կարող էր նրա բացակայությամբ մտնել նրա տուն: Բացի այդ, ինքը երբեք Աիդայից ոսկեղեն չէր պահանջի, որովհետև գիտեր, որ Աիդայի ոսկեղենը գրավադրված է, տանը նա ոսկեղեն չուներ: Իր կողմից տրամաբանական չէր լինի Աիդայից պահանջել մի բան, որը նա չէր կարող ունենալ…

Ըստ պաշտպանի՝ գործով ձեռք բերված ապացույցներով չի հիմնավորվել, որ Արմեն Մուրադյանը կատարել է ավազակային հարձակում:

Պաշտպանը նշել է նաև՝ եթե վերաքննիչ դատարանը գտնի, որ Արմեն Մուրադյանը կատարել է մեղսագրված արարքը, ապա թող հաշվի առնի, որ նա բազմաթիվ հիվանդութւններ ունի, այդ թվում՝շատ վտանգավոր ու անբուժելի: Հիվանդությունների առկայությունը կարող է դատարանը դիտել որպես բացառիկ հանգամանք, ու Արմեն Մուրադյանի նկատմամբ նշանակել օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ:

Վերաքննիչ քրեական դատարանն ամբողջությամբ  մերժել է պաշտպանի վերաքննիչ բողոքը՝ ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը գնահատելով որպես օրինական,  հիմնավոր, և այն թողել է  անփոփոխ:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing