Լրահոս

Ալիեւը բացեց փակագծերը եւ Հայաստանին դրեց երկիմաստ վիճակում

 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Եվրամիության խորհրդի քաղաքականության և անվտանգության հարցերով հանձնաժողովի պատվիրակության հետ: Խոսելով նոյեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի մասին՝ Ալիևը նշել է, որ «Եվրոպական հանձնաժողովը հետխորհրդային տարածքում բոլոր հակամարտությունների վերաբերյալ պետք է միասնական մոտեցում ունենա: Հակառակ դեպքում մենք արդարացիորեն կընկալենք դա որպես երկակի չափանիշների կիրառում: Այդ պատճառով, շատ կարևոր է, որ ամփոփիչ հռչակագրում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հստակ ընդգծվի տարածքային ամբողջականությունը»:
Ադրբեջանը փորձում է նոյեմբերին Եվրամիության հետ ստորագրվելիք համաձայնագրում ներառել նաեւ Լեռնային Ղարաբաղը, հակառակ դեպքում սպառնալով չստորագրել այն:
Ադրբեջանը ժամանակին դուրս եկավ ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրից, քանի որ Վրաստանի օրինակով դրանում ներառված չէր Ղարաբաղը. Վրաստանն ասոցացվել է տարածքային ամբողջականության շրջանակով՝ ներառյալ Աբխազիան ու Հարավային Օսիան: Եվրամիությունը փաստացի ընդառաջ էր գնացել Հայաստանին եւ չէր ներառել այդ կետը Ադրբեջանի հետ համաձայնագրում:
Սակայն, չնայած դրան, Հայաստանը հրաժարվեց նախաստորագրել ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը:
Ներկայում Հայաստանն ու Ադրբեջանը կանգնած են ԵՄ հետ նոր փաստաթղթերի ստորագրման շեմին, եւ Եվրամիությունը կրկին չի հիշատակել Ղարաբաղի մասին: Հայաստանը եթե այս անգամ էլ հրաժարվի ստորագրել փաստաթուղթը, ապա չի բացառվում, որ Ադրբեջանի հետ համաձայնագրում կատարվի համապատասխան փոփոխություն:
Այսպիսով, նոյեմբերին ընդառաջ ստեղծվել է ուշագրավ իրավիճակ: Կստորագրի՞ Հայաստանը ԵՄ հետ նոր փաստաթուղթը: Ադրբեջանը միշտ գանգատվում է, որ Եվրոպան ու ԱՄՆ-ն հայամետ դիրքորոշում ունեն եւ անտեսում են տարածքային ամբողջականության սկզբունքը, եւ ԵՄ հետ համաձայնագրի պատմությունը հաստատում է այս իրողությունը:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing