Լրահոս

Ալիեւը գտավ թույլ օղակը. Վերջի սկիզբը

 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Բաքվում ընդունելով Եվրամիության խորհրդի հարեւանության եւ անվտանգության քաղաքականության Կոմիտեի պատվիրակությանը, փաստացի ենթարկել է շանտաժի, ասելով, թե Եվրոպայի խորհրդից դուրս գալու դեպքում Ադրբեջանը չի կորցնի ոչինչ եւ ոչինչ չի ավելանա կամ չի պակասի Ադրբեջանի կյանքում: Ալիեւը ասել է, թե պաշտոնական Բաքուն չունի դուրս գալու տրամադրություն, բայց այդպիսի տրամադրություն շրջանառվում է Ադրբեջանի հասարակական շրջանակներում:
Ալիեւը դժգոհել է նաեւ, որ Եվրոպան աջակցում է հայերին եւ չի պաշտպանում Ադրբեջանի տարածքային ամբողջությունը:
Կտրվի՞ Եվրամիությունն Ալիեւի այդ բացահայտ շանտաժին: Եվոպայի խորհրդից դուրս գալու տրամադրության վերաբերյալ հարցն Ալիեւի առաջ բարձրացրել են հենց եվրոպացիները, ըստ Ադրբեջանի պաշտոնական հաղորդագրության: Նրանք են Ալիեւին հարցրել, թե այդ ինչ միտք է շրջանառվում ադրբեջանական մամուլում: Ու թեեւ Ալիեւը հայտարարել է, որ մամուլն ազատ է եւ կարող է գրել ինչ ուզի, այդուհանդերձ եվրոպացիները հասկանում են, որ Ադրբեջանում չկա ազատ մամուլ եւ այն կգրի ինչ որ ուզի պաշտոնական Բաքուն:
Մյուս կողմից, Եվրոպան Ալիեւին դրել է ծանր վիճակում, մեկը մյուսի հետեւից բացահայտելով կոռուպցիոն սկանդալներ ադրբեջանական խավիարային դիվանագիտության համատեքստում: Ըստ ամենայնի եվրոպացիները փակում են խավիարային խողովակը, եւ Ալիեւը համարում է, որ Եվրոպայի խորհրդում այլեւս չունի անելիք:
Իսկ ի՞նչ է անելու՝ գնալու է ԵՏՄ, թե՞ մնալու է ոչ-ոչի տարբերակում: Օրերս ադրբեջանական մամուլում ուշագրավ հրապարակման փաստն արձանագրել էր իրանագետ Վարդան Ոսկանյանը: Խոսքը լուսանկարի մասին էր, որ հրապարակվել էր շիաների կրոնական տոնի միջոցառումից՝ բազմամարդ հրապարակի տեսքով: Ադրբեջանի քարոզչության միջոցներից մեկը այդ կապակցությամբ գրել էր, թե մտահոգվում է Ադրբեջանի ապագայի հանդեպ:
Հայաստանցի իրանագետը արձանագրել էր, որ Ադրբեջանում բավական նուրբ աշխատանք է տանում եւ կրոնական հարթության միջոցով բավական արդյունավետ ազդեցություն է տարածում Իրանը, օգտագործելով նաեւ հանգամանքը, որ հանրության մոտ խիստ վարկաբեկված է ներկայիս իշխանությունը:
Գործնականում, Ադրբեջանի նախագահ Ալիեւի համար իրավիճակը փակուղային է համակողմանիորեն: Բանն այն է, որ Ադրբեջանի արտաքին քաղաքականության առանցքում դրվել էր ռազմական դիվանագիտությունը, որը տապալվեց ապրիլի պատերազմին: Դրանից հետո պարզվեց, որ Ադրբեջանը այդ առանցքից դուրս գործնականում չունի դիվանագիտություն՝ ամեն ինչ կառուցված էր դրա վրա:
Այն վերականգնելու հարցում Ադրբեջանն ակնկալված ծավալի աջակցությունը չի ստանում նաեւ Թուրքիայից ու Ռուսաստանից: Միեւնույն ժամանակ, Բաքվի համար անցանկալի շեշտադրումներ է ստանում ԱՄՆ քաղաքականությունը: Մինսկի խմբի տարածաշրջանային այցից առաջ ԱՄՆ պետքարտուղար Թիլերսոնը, պատասխանելով ԱՄՆ կոնգրեսականների հարցերին, հայտարարել էր, որ ամբողջությամբ աջակցում է Արցախի մարդասիրական ականազերծման գործընթացն ամբողջականացնելու եւ ավարտելու խնդրին, նաեւ դիպուկահարների հետաքաշմանն ու հրադադարի մեխանիզմների ներդրմանը:
Մեծ հաշվով, Ալիեւը թերեւս ընտրել է այդ ամենի ամենաթույլ օղակը՝ Եվրամիությունը, շանտաժի համար: Դժվար է շանտաժի ենթարկել ԱՄՆ-ին, իսկ Ռուսաստանի հետ այդ տոնով խոսելու փորձը, որ տեղի էր ունենում ամիսներ առաջ, կասեցվեց Մոսկվայի մի քանի կոշտ հայտարարությամբ: Կօգնի՞ դա նրան թուլացնել իր շուրջ սեղմվող օղակը:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing