Լրահոս

Ալիեւը զգաց հարվածը. 4:1 հօգուտ Հայաստանի

 

Միջազգային մամուլում Ալիեւների հետ կապված հերթական կոռուպցիոն աղմուկին Ադրբեջանը հայտարարեց, որ դա հայկական լոբբիի եւ բրիտանական հատուկ ծառայությունների գործակցության արդյունքն է: Այն, որ Ադրբեջանի համար Ալիեւի դեմ կատարվող միջազգային ամեն ինչ հայկական լոբբիի արդյունքն է, նորություն չէ:

Ընդ որում, Բաքվում այդ տեսանկյունից հայտնվել են բավական երկիմաստ վիճակում: Մի կողմից այդպիսով նրանք խոստովանում են՝ ակամա, որ հայկական լոբբին կարող է թելադրել կամ հասնել Ադրբեջանի դեմ այդօրինակ աղմկոտ հարվածների, ինչը նշանակում է սեփական հանրության մոտ ակամա խոստովանել անզորություն այդ լոբբիի առաջ, մյուս կողմից հայկական լոբբին հարմար է որպես «ամեն ինչի հետեւում կանգնած» գործոն, ցույց տալու համար, որ դա ոչ թե աշխարհն է Ալիեւին ինչ որ բան ասում, ոչ թե միջազգային հանրությունն է Ալիեւի դեմ, այլ պարզապես հայերի գործն է, վրեժխնդրություն:Իհարկե, հայկական լոբբիի հանգամանքը խաղարկելն ունի նաեւ այլ նշանակություն՝ ցույց տալ Ադրբեջանի անզորությունը, եւ այդպիսով արդարացնել Ադրբեջանի պատասխան քայլերին ուղղված ծախսերը՝ հայկական լոբբիին հակազդելու համար:

Պաշտոնական Բաքուն սեփական հանրության մոտ կարող է արդարանալ, որ այսպես ասած փողերի լվացումը, օֆշորները եւ այլն ոչ թե Ալիեւի եւ նրա ընտանիքի գրպանի համար են, այլ ընդամենը միջոցների կուտակում են հենց այդ «չարաբաստիկ» հայկական լոբբիի հարձակումներից Ադրբեջանի «պատիվն ու արժանապատվությունը» պաշտպանելու համար:Այս դեպքում, սակայն, ուշագրավ է այն, որ ադրբեջանցիները խոսում են բրիտանական հատուկ ծառայությունների մասին: Իսկ դա արդեն լուրջ է, որովհետեւ խոսքը վերաբերում է պետական կառույցի, այն էլ Մեծ Բրիտանիայի: Մեծ Բրիտանիայի, որի նավթային հսկան՝ Բրիթիշ Փեթրոլիումը, զգալի մասնաբաժին ունի Ադրբեջանի նավթային ենթակառուցվածքներում:Ի՞նչ է ստացվում, ըստ Ալիեւի վարչակազմի արձագանքի՝ Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունը Բրիթիշ Փեթրոլիումի՞ դեմ է դուրս եկել, թե՞ Բրիթիշ Փեթրոլիումն է դուրս եկել Ալիեւի դեմ, նրա հետ ունենալով խնդիրներ կամ հաշվարկելով, որ այդպիսիք կարող է ունենալ մոտ ապագայում:Համենայն դեպս, Ադրբեջանի նախագահն անկասկած հիմար չէ, ինչպես կասեր Լեւոն Տեր-Պետրոսյանը, եւ նա թույլ չէր տա հենց այնպես մեղադրել բրիտանական հատուկ ծառայություններին: Եթե այդ մեղադրանքը հնչել է, ապա պետք է ենթադրել, որ Ալիեւը չունի հնարավոր կամ հասունացող կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով կարգավորելու հույս եւ այդ իսկ պատճառով զգալով գրոհը, փորձում է անցնել արդեն հրապարակային պաշտպանության:Բացառված չէ, որ Ալիեւը ստանում է նախազգուշացում նաեւ Մեծ Բրիտանիայից՝ տարածաշրջանային կայունությունը ռիսկի չենթարկելու հարցում:

Մեծ Բրիտանիան ըստ երեւույթին Ալիեւին նախազգուշացնում է, որ լավ չի լինի, եթե նա իր քաղաքականությամբ ռիսկերի ենթարկի բրիտանական տնտեսական շահերը: Իսկ եթե Ադրբեջանը գնա ռազմական մասշտաբային արկածախնդրության, ապա բրիտանական շահի համար այդ ռիսկն անկասկած առկա է, ընդ որում լուրջ ռիսկ: Իհարկե, ասել, թե աղմուկն ընդամենն այդ զգուշացման համար էր, թերեւս այդքան էլ ճշմարտացի չի լինի:

Մեծ է հավանականությունը, որ կան նաեւ ֆինանսական ռիսկեր Ադրբեջանի բարդ տնտեսական վիճակի եւ հատկապես ֆինանսական համակարգի խնդիրների հետ կապված, ու բրիտանացիներն Ալիեւին զգուշացնում են, որ չտրվի իրենց «գցելու» մտադրությանը:Ի դեպ, այստեղ հետաքրքիր է մեկ այլ հանգամանք՝ Մեծ Բրիտանիան ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական հինգ անդամներից մեկն է: Երեքը Մինսկի խմբի համանախագահներ են՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան, իսկ մյուսը Չինաստանն է: Այդ համատեքստում ուշագրավ է, որ հենց այս օրերին Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն, իհարկե անհատական կարծիքի փաթեթավորումով, բայց ի տարբերություն նախորդ անդամի շատ ավելի հստակ ու թափանցիկ տողատակով բարձրացրեց ՄԱԿ անվտանգության խորհրդում ղարաբաղյան հակամարտության կողմերին զենքի վաճառքն արգելելու բանաձեւի ընդունման անհրաժեշտության հարցը:

Փաստացի, հնարավոր է ասել, որ ՄԱԿ անվտանգության խորհրդի մշտական չորս անդամներ անուղղակի գտնվում են այդ տրամաբանության ներքո՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա՝ ինչը վկայում է Ալիեւի արձագանքը, եւ ըստ ամենայնի Չինաստան, որովհետեւ հազիվ թե Պեկինը դեմ լինի Հայաստանի այդ գաղափարին, հաշվի առնելով մի շարք տնտեսական ու քաղաքական շարժառիթներ:

Մնում է Ռուսաստանը, որն Ադրբեջանին մատակարարում է միլիարդավոր դոլարների սպառազինություն: Ստացվում է ուշագրավ պատկեր՝ 4-ը մեկի դիմաց, հատկապես հայ-ռուսական այսպես կոչված Մեծ բարեկամության պայմանագրի 20-ամյակին՝ Հայաստանի ռազմավարական դաշնակիցն ամենավերջինն է Հայաստանին հուզող առաջնային նշանակության հարցում:Իհարկե, հասկանալի է, որ սպառազինությունը Ռուսաստանի կովկասյան միակ գործիքն է, ինչպես Ադրբեջանի միակ գործիքն է ղարաբաղյան խնդրում: Հետաքրքիր է, ինչ է անելու կամ ասելու Մոսկվան, եթե որեւէ մեկը բարձրացնի հարցը: Եվ ինչու՞ դա Հայաստանը չի առաջարկում պաշտոնապես:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing