good-banner
Լրահոս

Ալիեւի ակնկալիքը Պուտինից. Որ դեպքում նա կստանա ուզածը

 

Պակիստանում մեկնարկող Տնտեսական գործակցության կազմակերպության Վեհաժողովի շրջանակում տեղի է ունեցել Իլհամ Ալիեւի եւ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հանդիպումը, որը լրատվամիջոցների համար փակ է եղել: Ըստ տեղեկատվության, հանդիպումը տեւել է մոտ 50 րոպե:Ալիեւն ու Էրդողանը «շուտափույթ» հանդիպման մասին պայմանավորվել էին փետրվարի 26-ին, երբ Էրդողանին զանգահարել էր Ալիեւն ու շնորհավորել ծննդյան տարեդարձի կապակցությամբ:Հեռախոսազանգը համընկել էր դրա նախօրեին Ադրբեջանի ստացած ծանր հարվածի հետ:

Դրա հետեւանքով Ադրբեջանը չեզոք դիրքում թողել էր առնվազն 5 զոհ:Փետրվարի 25-ին Ալիեւի խնդիրն իհարկե զոհերը չէին, այլ տեղի ունեցածն ընդհանրապես, երբ հայկական կողմը ոչ միայն հասցրել էր կանխարգելիչ ուժգին հարված, այլ գործնականում նաեւ ձեռք բերել իրեղեն ապացույցներ: Այսինքն, Ալիեւի համար բանը նոր զոհերը չէին, այլ նոր իրավիճակը:

Եթե հայկական կողմը հետեւողական ու սկզբունքային լինի իր այդ ռազմա-քաղաքական մարտավարության մեջ, ապա այդ իրավիճակն էապես կարող է փոխել տրամաբանությունը թե սահմանին, թե հակամարտության շուրջ քաղաքական մթնոլորտում:Ադրբեջանը փորձում է կանխարգելել հենց այդ միտումը, առայժմ անհաջող, ընդ որում անհաջող թե արեւմտյան, թե ռուսական ուղղությամբ: Էրդողանի օգնությանը դիմելը ստեղծված իրավիճակում Ալիեւի «բնական» պաշտպանական արձագանքն է, որի արդյունավետության մասով շատ բան թերեւս որոշակի կլինի մարտի 9-10-ին, երբ Թուրքիայի նախագահն այցելի Մոսկվա:Էրդողանը Մոսկվա է այցելում ռուս-թուրքական մի կողմից կարգավորման, մյուս կողմից դրա տողատակում բավական լարված մթնոլորտի պայմաններում:

Բանն այն է, որ շաբաթներ առաջ ռուսական ավիացիան Սիրիայում հարված էր հասցրել թուրքական դիրքերին, որի հետեւանքով զոհվել էր 4 թուրք զինվորական: Ռուսաստանը հայտարարեց, թե Թուրքիան չի համաձայնեցրել իր զինուժի տեղակայումը, եւ ռուսական ավիացիան հարված է հասցրել այն դիրքերին, որտեղ պետք է լինեին ահաբեկիչները: Թուրքերը հայտնեցին, որ ռուսական կողմը տեղեկացված էր իրենց զորքի դիրքավորման մասին:Քաղաքականության մեջ, այն էլ այդպիսի մակարդակում, թերեւս չի լինում պատահական ոչինչ, եթե ոչ պատճառի, ապա հաստատ արդեն հետեւանքի մասով:

Կարո՞ղ է արդյոք Ադրբեջանի նախագահն ակնկալել, որ այդ իրավիճակում Էրդողանը Մոսկվայում կստանա ոչ միայն այն, ինչ պետք է իրեն, այլ նաեւ այն, ինչ պետք է Ալիեւին:Ալիեւին պետք է, որ Ռուսաստանը Հայաստանին վերադարձնի նախաապրիլյան քննարկումների հուն կամ այսպես ասած կազանյան պլանի տրամաբանություն:Մարտի 14-ին, Էրդողանի այցից չորս օր անց Մոսկվա է այցելելու Սերժ Սարգսյանը: Եթե Մոսկվա այցելելուց առաջ Էրդողանը Պակիստանում հանդիպել է Ալիեւի հետ, Սերժ Սարգսյանը Մոսկվա այցելելուց առաջ ներկայացուցչական հանդիպումներ է ունեցել Բրյուսելում՝ թե Եվրամիության, թե ՆԱՏՕ ղեկավարության հետ, հայտարարելով, որ ԵՏՄ ու ՀԱՊԿ անդամակցությունը Հայաստանին չի խանգարում արդյունավետ գործակցել ԵՄ եւ ՆԱՏՕ-ի հետ:Ավելին, Սերժ Սարգսյանը գործնականում է ցույց տվել, որ վտանգի պահին չի վարանի անել կտրուկ շրջադարձեր, ինչպես ապրիլի պատերազմի օրերին, երբ նա ապրիլի 6-ին մեկնեց Բեռլին ու Գերմանիայի կանցլերի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց «հզոր հովանավորների», ասել է թե դաշնակցի բացակայության մասին՝ Ռուսաստանի պահվածքի հանդեպ բավական թափանցիկ ակնարկով:Իհարկե, առկա իրավիճակում առանցքային հանգամանքն այն չէ, որ Ռուսաստանը մտավախություն կունենա, թե Սերժ Սարգսյանը Հայաստանը կտանի Արեւմուտք:Մոսկվայի համար այդ հարցում ապրիլի պատերազմից հետո խնդիրը Հայաստանի իշխանությունը չէ, այլ Հայաստանի հասարակությունը:
Եթե մինչեւ ապրիլ հնարավոր էր Հայաստանի հանրությանը ենթարկել տեղեկատվա-քարոզչական մանիպուլյացիայի, ապա ապրիլից հետո այդ խնդիրը չափազանց բարդացել է, գործնականում դարձել անհնար, եւ եթե ապրիլին Ադրբեջանը տապալվել է ռազմաճակատում, Ռուսաստանը տապալվել է Հայաստանում ծավալած քարոզչական ճակատում:Ադրբեջանը ռազմաճակատում «վերականգնվելու» հարցում Ռուսաստանի աջակցություն կամ օժանդակություն կարող է ակնկալել այն դեպքում, երբ Ռուսաստանը վերականգնվի կամ տեսնի Հայաստանում իր դիրքերի վերականգնման շոշափելի հնարավորություն:
Загрузка...
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing