Լրահոս

Ալիեւի չուշացած ծառայությունն Արցախին

 

Ադրբեջանի դատարանը երեք տարվա ազատազրկման է դատապարտել բլոգեր Լապշինին, որին միջազգաին հետախուզում էին հայտարարել Արցախ այցելելու եւ Ադրբեջանի նախագահի դեմ գրառումներ անելու համար: Լապշինին ձերբակալեց Բելառուսը, իսկ հետո հանձնեց Ադրբեջանին, որտեղ էլ նրան փաստորեն դատապարտեցին երեք տարվա ազատազրկման:
Լապշինի փաստաբանն իհարկե ասում է, որ դա վատ ելք չէ: Գուցե նա սպասում էր իր պաշտպանյալի հանդեպ ավելի դաժան հաշվեհարդար: Ընդ որում, դատելով Ալիեւի իշխանության բնույթից, որտեղ հակահայկականությունը հավատամք է, իսկ ագրեսիան՝ իմաստ, Լապշինին կարող էր սպառնալ ավելի խիստ դատավճիռ: Առավել եւս, որ Ադրբեջանը նրա հետապնդումով ակնհայտորեն փորձում էր իրականացնել սպառնալից ակտ՝ միջազգային մասշտաբի, ահաբեկելով նրանց, ովքեր կկամենան այցելել Արցախ: Եվ, ի դեպ, փաստորեն այդ ահաբեկչական ակտին իր ակտիվ մասնակցությունն ունեցավ Հայաստանի ԵՏՄ ու ՀԱՊԿ դաշնակից Բելառուսը:
Ինչպես հայտնի է Անդրեյ Լապշինը Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացի է եւ փաստաբանն ասում է, որ ըստ միջազգային նորմերի, նա կարող է իր պատիժը կրելու համար արտահանձնվել այդ երկրներից մեկին:
Թեեւ Լապշինի փաստաբանը ելքը համարում է համեմատաբար դրական կամ ոչ վատ, այդուհանդերձ ակնհայտ է, որ Արցախ այցելելու եւ ընդամենն Ալիեւին հասցեին քննադատության համար մարդուն աշխարհով մեկ հետապնդելն ու նրան թեկուզ երեք տարի դատապարտելը ժողովրդավարական աշխարհի համեմատությամբ ուղղակի բարբարոսություն է:
Գուցե ինչ որ առումով անպատեհ թվա, քանի որ խոսքը կոնկրետ մարդու ճակատագրի մասին է, բայց Ադրբեջանը Լապշինի հանդեպ իր բարբարոսությամբ հերթական անգամ օգնեց Արցախին: Ընդ որում նաեւ կարեւոր մի պահի, երբ Արցախում փաստորեն երրորդ ժամկետի գնաց գործող նախագահ Բակո Սահակյանը՝ սահմանադրական փոփոխությունների եւ անցումային շրջանի հայտնի հիմքով: Ընդ որում դեռ պարզ չէ նույնիսկ, թե արդյո՞ք նա բացառում է չորորդ ժամկետը:
Անկախ Բակո Սահակյանի անձից եւ նրա նախագահական պաշտոնավարման արդյունքից, նախագահական պաշտոնավարման ժամկետային սահմանափակումը չգրված միջազգային ժողովրդավարական նորմ է, սկզբունք, ժողովրդավարական մտածողության եւ հանրային գիտակցության անկյունաքարերից մեկը: Եթե նախագահը նույնիսկ գերարդյունավետ է, միեւնույն է, նա պետք է սահմանափակված լինի ԱՆԸՆԴՄԵՋ իշխելու ժամկետի մեջ: Անգամ Պուտինը թեկուզ ձեւական, բայց պահեց այդ նորմը:
Արցախի համար այդ նորմը կարեւոր է մի շարք առումներով, բայց ոչ միայն Ադրբեջանի հանդեպ ավելի ժողովրդավար երեւալու: Բանն այն է, որ ժողովրդավարությունն Արցախին միայն համեմատության համար չէ պետք, այլ հանրային բազմաբնույթ ներուժի դրսեւորման համար առեվալագույն բարենպաստ միջավայր, եւ նաեւ մտածողության ու հանրային համակեցության, պետական մշակույթի հիմք ձեւավորելու համար, որի առանցքում ժողովրդավարությունն իբրեւ գիտակցումն է: Դա բոլոր առումներով ուժեղացնելու է Արցախը, եւ արդեն իսկ ուժեղացրել է՝ անցնող տարիներին կատարված քայլերով:
Եվ առավել եւս այդ քայլերի համատեքստում բավական մթագնող տպավորություն է թողնում Բակո Սահակյանի «երրորդ ժամկետը»՝ հատկապես չորորդը «մտքում» տարբերակի առկայության պայմաններում: Այդ առոմով Սահակյանն անկասկած ունի կարեւոր հարցերի պատասխանելու անհրաժեշտություն, Արցախի ժողովրդավարական, քաղաքական եւ քաղաքակրթական կշիռը չվտանգելու համար:
Մինչ Բակո Սահակյանը կպատասխանի այդ հարցերին՝ իսկ առայժմ ընդունում է շնորհավորանքներ, իր «պատասխանը» տվեց Ալիեւը, Լապշինի հանդեպ կայացված բարբարոսությամբ: Ալիեւը դրանով հերթական անգամ ակնառու հնարավորություն տվեց աշխարհին եզրակացնելու, թե ինչպիսին է Արցախի եւ Ադրբեջանի տարբերությունը ժողովրդավարության հարցում: Իսկ դա կարեւոր է, իրական քաղաքականության ռեժիմում արձանագրելու համար, որ արցախ-ադրբեջանական սահմանը արդիական քաղաքակրթության սահմանն է եւ այն պահող հայ զինվորն ու սպան, նրանց թիկունքում ամուր կանգնած արցախցին պահում են թե իրենց չճանաչված պետությունը, թե միջազգային արդիական քաղաքակրթության անվտանգությունը:
Լապշինի հանդեպ դատավճիռը ցույց տվեց, որ այդ մասին խոսակցությունը պաթոս չէ, այլ գործնական իրողություն:
Իհարկե վատ է, որ այդ իրողությունն ընդգծվում է անմեղ մարդու ճակատագրով, որին գուցե վերջապես տեր կկանգնի Ադրբեջանին միլիարդավոր դոլարների սպառազինություն վաճառող նրա երկու պետություններից որեւէ մեկը:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing