Լրահոս

Ալիեւի կրակելու սահմանը. Լավրովն ասել է կրակելու գինը

 

Հայաստանում կա տարածված կարծիք, թե Ադրբեջանը հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտումներով փորձում է իր հանրությանը շեղել ներքին խնդիրներից: Այդ կարծիքի վրա «յուղ» լցրեց Մեհրիբան Ալիեւայի նշանակումը այդ երկրի առաջին փոխնախագահի պաշտոնին, որը նախորդել էր փետրվարի 25-ի խոշոր միջադեպին, երբ հայկական զինուժը կանխարգելիչ հարվածով տապալեց Ադրբեջանի հարձակման նախապատրաստությունը: Ըստ մեկնաբանությունների, Ալիեւը փորձում է այդպիսով քաղաքացիների ուշադրությունը շեղել դեպի պատերազմ, դրանով փորձելով վերահսկել սոցիալական բողոքը եւ ընդդիմադիր տրամադրությունները:
Այն, որ հակամարտությունը իշխանության համար լծակ է հանրային տրամադրությունները վերահսկելու գործում, աներկբա է: Ընդ որում, ոչ միայն պատերազմի հոխորտանքով աչքի ընկնող Ադրբեջանում, այլ նաեւ խաղաղության դիրքերից հանդես եկող Հայաստանում: Եվ ընդհանրապես՝ արտաքին վտանգը հանրությունների հանդեպ լծակ է ցանկացած իշխանության համար, եւ ցանկացած իշխանություն փորձում է այդ լծակն օգտագործել, որքանով դա թույլ են տալիս տվյալ պետության հասարակական-քաղաքական համակարգը, ավանդույթները, ինստիտուտները:
Այդուհանդերձ, արդյոք իրատեսական է սահմանային լարվածությանն ուղղված քայլերը, առավել եւս խոշոր սադրանքները կապել Ադրբեջանի իշխանության, Ալիեւի ներքին խնդիրների հետ: Արդյոք այդպիսի գնահատականը Արցախի խնդրի աշխարհաքաղաքական նշանակության որոշակի թյուր պատկերացման վկայություն չէ:
Արցախի հակամարտությունը գործնականում աշխարհակարգի վերաձեւման ուղեկից է, ընդ որում տարբեր փուլերով, ընդհուպ որպես այդպիսին ձեւավորվելիս, երբ կամայական որոշմամբ Արցախը հայտնվել է Ադրբեջանի ազդեցության տակ: Այդ ամենը տեղի է ունեցել աշխարհքաղաքական եւ տարածաշրջանային վերադասավորումների, ստատուս-քվոյի փոփոխության, անվտանգության համակարգերի խորքային վերափոխման զուգորդմամբ:
Խնդիրը առաջացել է այդպես, ԽՍՀՄ տարիներին «ննջել» է այդպես, ԽՍՀՄ փլուզմանը զուգահեռ աշխուժացել եւ պատերազմի է վերածվել այդպես, այդպես է եղել հրադադարի երկու տասնամյակի ընթացքում եւ գործնականում այդպիսին է լինելու միշտ:
Հայաստանի, հայկական պետականության խնդիրը պետք է լինի այն, որ Արցախի հարցի այդ նշանակությունն ուղեկցվի խաղաղության ռեժիմով: Իսկ դրա համար Հայաստանին անհրաժեշտ է նախ գիտակցել խնդրի այդ ընդգրկունությունն ու նշանակությունը, ու ըստ այդմ արձանագրել, որ Հայաստանի համար խնդիրը զիջել-չզիջելու տրամաբանության մեջ չէ, այլ լինելու է միշտ՝ զիջելով, թե չզիջելով, քանի որ այն լոկ Հայաստանի եւ Ադրբեջանի խնդիրը չէ:
Հետեւաբար, Հայաստանն այդ հարցում ունի գերակա մի հարց՝ անել հնարավորը Արցախի խնդիրը խաղաղության ռեժիմում պահելու համար: Առավել եւս, որ Հայաստանն այդ գործում ամենեւին միայնակ չէ եւ ունի կարեւոր շահընկերներ: Առանցքայինն այն է, որպեսզի Հայաստանը կարողանա ապահովել իր բավարար տնտեսական ներուժը, այդ ներուժի գենարացման դիվերսիֆիկացված մեխանիզմները, միաժամանակ դրանք տեղավորել առավել ընդգրկուն միջազգային մեխանիզմի շրջանակում, օգտագործելով շահընկեր պետությունների հետաքրքրությունները եւ դրան զուգահեռ նրանց համար առաջացնելով նոր հետաքրքրություններ, ձգտել տարածաշրջանային նոր տնտեսական, անվտանգության ստատուս-քվոյի հաստատմանը: Կամ, ավելի շուտ՝ արցախյան պատերազմի արդյունքում հաստատած ստատուս-քվոյի տնտեսա-քաղաքակրթական փաթեթավորմանը:
Դա է լինելու Հայաստանի անվտանգության ու Արցախի խնդիրը խաղաղության կայուն, հաստատուն ռեժիմում պահելու գրավականը:
Արցախի խնդրի երկու տասնամյակի պատմությունը, դրանում ներգրավված գերտերությունների կազմը հուշում են խնդրի ընդգրկունությունը, հետեւաբար այդ իրավիճակում թերեւս մոլորություն է կարծել, թե Ադրբեջանի իշխանությունը կարող է իրեն թույլ տալ ներքին խնդիրներ լուծելու համար լարել իրավիճակը հակամարտության գոտում:
Այդ գոտին Ադրբեջանի գոտին չէ, այդ գոտին Ադրբեջանի իրավասության գոտին չէ, ինչի մասին հստակ հայտարարեց նաեւ ՌԴ արտգործնախարար Լավրովը, թե հակամարտությունն Ադրբեջանի «ներքին գործը» չէ:
Սահմանին որեւէ միջադեպ շոշափում է գերտերությունների եւ տարածաշրջանային պետությունների մի ամբողջ խմբի շահերը, ինչը բավական ընդգրկուն երեւույթ է՝ Ալիեւի ներքին կամայականությունների գործիք հանդիսանալու համար: Լավրովը ասել է կրակելու գինը, ինչն Ալիեւը անկասկած չէր կարող չհասկանալ:
Նրա կրակելու պատճառը հանրությանը շեղելը չէ, այլ այն, որ ինքը չի կարողանում շեղվել եւ չկրակել: Նա ինքը չի կարող շեղվել այն քաղաքական հունից, որում խորացել է մի քանի տարի շարունակ եւ արդեն հայտնվել փոսում ապրիլի պատերազմի հետեւանքով:
Այդ իմաստով, վիճակն Ալիեւի համար իսկապես հակասական է: Նա հայտնվել է փակուղում ռազմական արկածախնդրության եւ ուժերի սխալ գնահատման հետեւանքով, միեւնույն ժամանակ չունի այդ արկածախնդրությունից շեղվելու ճանապարհ եւ կրակելու է այնքան, որքան կարող է: Նրան արգելել են խոշոր սադրանք, բայց թողել մանր «խուլիգանության» տարբերակները:
Այդտեղ արգելք պետք է դնի Հայաստանը, բայց ոչ միայն ռազմական՝ կանխարգելիչ հարվածների տեսքով, որովհետեւ Ադրբեջանը թե ռազմա-տեխնիկական, թե վայրագության բավական պաշար է կուտակել դրա համար:
Ռազմական կանխարգելիչ հարվածները Հայաստանը պետք է ուղեկցի առկա ստատուս-քվոյին համարժեք քաղաքական տրամաբանություն, տնտեսական եւ քաղաքակրթական լծակներ գործադրելով եւ Արցախի խնդրի շուրջ ռազմավարական քաղաքականության նոր ռեժիմ ձեւավորելով:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing