Լրահոս

Ալիեւի պատասխան հարվածը Էրդողանին. խաղը սրվում է

 

Ադրբեջանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Իլհամ Ալիեւի հայտարարությունը Եվրամիության պատվիրակության հետ հանդիպմանը, թե Ադրբեջանը կարող է դուրս գալ Եվրոպայի խորհրդից եւ դրանից ոչինչ չի կորցնի, բնականորեն առաջացրել է բավական մեծ ուշադրություն նաեւ Հայաստանում:

Ալիեւը գնում է Եվրոպայի հետ հարաբերության խնդիրը սրելու, դժգոհելով, որ Եվրոպան աջակցում է հայերին, իսկ Ադրբեջանի տարածքային ամբողջության խնդիրը՝ անտեսում: Ալիեւը դիմում է շանտաժի, որ իրավիճակը չփոխվելու դեպքում կարող է ընդառաջ գնալ «հանրային տրամադրություններին», եւ Ադրբեջանն առանց ԵԽ-ի չի կորցնի ոչինչ:Եվրոպա-Ադրբեջան կոնֆլիկտի սրացման ալիեւյան այդ փորձը պարունակում է մի շարք զուգահեռ շերտեր, այդ թվում նաեւ Ադրբեջան-Թուրքիա կոնֆլիկտ: Խոշոր հաշվով, Եվրամիության հետ խնդրի սրման Ալիեւի քայլը նաեւ պատասխան է Թուրքիային, Ադրբեջանի խնդիրների հանդեպ անտարբերության, ու նաեւ այդ երկրի պաշտպանության նախարարի Բաքվում արած վերջին հայտարարության կապակցությամբ, թե «Ադրբեջանի ժողովրդի ցանկությունը հրաման է Թուրքիայի համար»:

Առաջին հայացքից Բաքվի իշխանությանն աջակցող այդ ռազմատենչ հայտարարությունը տողատակում հակառակն էր՝ անվստահություն այդ իշխանության հանդեպ: Դրա պատճառը եւ շարժառիթը իհարկե բավական խորն է եւ պայմանավորված է ներկայում Թուրքիայի ներքին ու արտաքին խնդիրներով, որ առկա են Էրդողանի առաջ եւ որոնցում նա բացարձակապես չունի Ալիեւի խնդիրները տեղավորելու թե ցանկություն, թե պարզապես տարածություն: Ի դեպ, հատկանշական է, որ Էրդողանը հետաձգեց նախապես ազդարարված այցը Բաքու, որ պետք է տեղի ունենար սեպտեմբերին: Դրանով կարծես թե ցույց տրվեց, որ նրա օրակարգում Բաքուն ամենեւին առաջնային չէ:Մյուս կողմից, կա իհարկե այսպես ասած բարոյական կապը երկու ժողովուրդների միջեւ, եւ այստեղ կասկած չկա, որ Ալիեւը փորձում է օգտագործել այդ կապը Անկարային կապված պահելու համար:

Պատահական չէ, որ Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարում է ադրբեջանական ժողովրդի ցանկության մասին, ցույց տալու համար, որ Անկարան չունի խնդիր ադրբեջանական ժողովրդի առաջ պատասխանատվության հետ, բայց ահա հարց է՝ այդ ժողովրդի առաջ որքան է պատասխանատու Բաքուն եւ որքանով է Բաքուն վայելում այդ ժողովրդի վստահությունը եւ արտահայտում ցանկությունները, օրինակ Արցախում պատերազմելու իմաստով:

Տպավորություն է, որ ադրբեջանական հասարակությունը պահանջում է պատերազմ եւ Արցախի «ազատագրում», բայց արդյոք դա է իրական ցանկությունն ու պատկերը, թե՞ այդ «ցանկությունը» Բաքվի քարոզչական գործիքն է, ցույց տալու համար, որ ռազմատենչությունն ունի հանրային աջակցություն:Այդ իմաստով, հատկանշական է, որ եվրամիության պատվիրակության հետ խոսակցությունում Ալիեւը իրավիճակը սրում է հենց «հանրային տրամադրությանը» հղում անելով, դրանով նաեւ ակնարկ հղելով Թուրքիային, այն ձեռնոցի շրջանակում, որ Անկարային Ալիեւը նետում է Եվրամիության հետ կոնֆլիկտը սրելու հռետորաբանության շրջանակում:

Ներկայում բավական սուր կոնֆլիկտ կա Եվրամիության ու Թուրքիայի միջեւ, մասնավորապես նաեւ Գերմանիա-Թուրքիա ֆորմատում: Իսկ ի՞նչ է կոնֆլիկտը՝ հարաբերությունների պարզաբանման միջավայր, որտեղ ռիսկերից բացի կան նաեւ հնարավորություններ: Ալիեւը գործնականում իր կոնֆլիկտային հայտարարությամբ «խցկվում» է Եվրամիության ու Թուրքիայի արանքը, այդպիսով ինչ որ իմաստով «տարածություն» խլելով Անկարայից եւ ուշադրություն շեղելով Եվրոպայից:

Այլ կերպ ասած, Ալիեւն այդպիսով փորձում է իրեն պարտադրել Էրդողանին: Ընդ որում բացառված չէ, որ այստեղ խնդիրն ավելի լայն է եւ ուշագրավ է ՄԱԿ ամբիոնից Սերժ Սարգսյանի արած հայտարարության համատեքստում, կապված հայ-թուրքական արձանագրությունների հետ: Սարգսյանն, ինչպես հայտնի է, կարծես թե ժամանակ տվեց Թուրքիային մինչեւ 2018-ի գարուն որեւէ հարաբերության կամ շփման մեջ մտնել Հայաստանի հետ, տարանջատվելով Ադրբեջանից:

Կգնա՞ Անկարան դրան, թե ոչ, դժվար է ասել, բայց Ալիեւի մոտ տագնապ թերեւս առաջացել է, գուցե ոչ այնքան Սերժ Սարգսյանի հայտարարությունից, որքան դրանում Մոսկվայի կամ Արեւմուտքի մտադրության առկայության հնարավորությունից, ինչն Ալիեւ մոտ կարող էր առաջացնել լուսանցքից դուրս մնալու մտավախություն:Ընդ որում, հատկանշական է, որ Ադրբեջանի նախագահը Եվրամիության հետ խնդիրը սրում է Անկարայում Էրդողան-Պուտին հանդիպումից հետո:

lragir.am


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing