good-banner
Լրահոս

Ալիեւի ՌԴ քաղաքացի պատանդներն ավելանում են. Ինչ է ուզում Ադրբեջանի նախագահը

 

arm148662736579

Հայաստանում շարունակվում է աշխույժ քննարկումը, թե ինչ պետք է անի Հայաստանն ի պատասխան Բելառուսի քայլի, կապված բլոգեր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու հետ: Հնչում են ամենատարբեր գնահատականներ ու կոչեր՝ Բելառուսում Հայաստանի դեսպանին հետ կանչելուց մինչեւ ՀԱՊԿ-ում Բելառուսի անդամակցությունը դադարեցնելու հարց բարձրացնելը:Մինչդեռ, գնացքը, այսինքն Լապշինն, արդեն գնացել է՝ Բաքվում է, այսինքն Բելառուսը խաղաքարտն արդեն տվել է Ալիեւի ձեռքը, եւ այդ խաղաքարտն այլեւս խաղարկելու է Ադրբեջանը: Հետեւաբար, Հայաստանն իհարկե ունի Բելառուսի գործողության հանդեպ քաղաքական դիրքորոշման անհրաժեշտություն, բայց Հայաստանի բուն աշխատանքն այլեւս պետք է լինի այլ դաշտում, այն իրողության ելակետով, որ խաղաքարտն այլեւս Ալիեւի ձեռքին է:

Անկասկած է, որ Ալիեւը Լապշինի դեմ հետապնդումն իրականացնում է Արցախի խնդրում արդեն տարիներ շարունակ իրականացվող իր քաղաքականության համատեքստում՝ անել հնարավորը Արցախի միջազգային մեկուսացման հասնելու համար, անել հնարավորը Արցախի ինքնորոշման հարցը հնարավորինս «մարգինալացնելու» համար: Ինչ արդյունքի է հասնում Ալիեւը այդ գործում, այլ խնդիր է, քանի որ նա ինքն էլ խոստովանում է, որ միջազգային հանրությունը պահանջում է ճանաչել Արցախի անկախությունը: Այսինքն, Ալիեւի քաղաքականությունն այդ իմաստով արդյունավետ չէ:

Բայց նա հետեւողականորեն շարունակում է իր այդ քաղաքականությունը՝ ռազմական սադրանքներին զուգահեռ:Այդուհանդերձ, կա՞ կամ կարո՞ղ է լինել արդյոք Լապշինի գործում այլ շարժառիթ, որ առաջնորդում է Ադրբեջանին: Փաստացի, Ալեքսանդր Լապշինի գործը ադրբեջանական այսպես ասած «սեւ ցուցակի» պատմության առաջին աղմկոտ գործն է, երբ այլ երկրում ձերբակալվում է Արցախ այցելած օտարերկրացին: Ադրբեջանը մինչ այդ փորձե՞լ է անել այդպիսի ձերբակալություն, թե՞ Լապշինն առաջին փորձն է: Թե՞ որեւէ պետություն չի ընդառաջել Ադրբեջանի այդօրինակ խնդրանքներին, հասկանալով դրանց իրավա-քաղաքական անհեթեթությունը, իսկ Բելառուսը համաձայնեց սիրահոժար՝ հաշվի առնելով այդ երկրի փաստացի միապետական կարգը: Իսկ գուցե Ադրբեջանի համար առանցքային է ՌԴ քաղաքացիության հանգամանքը, եւ այստեղ էլ ընդհանուր շահ է գտնվել Բելառուսի հետ:Փաստն այն է, որ տեւական ժամանակ խաղարկելով արտահանձման հարցը, Մինսկը խաղաքարտը փոխանցեց Բաքվին, եւ Ռուսաստանը ներկայում իր քաղաքացու ազատման հարցում պետք է քննարկում ունենա կամ բանակցի Ադրբեջանի հետ: Ըստ ամենայնի, Լուկաշենկոն Ռուսաստանից չստացավ այն, ինչ կուզեր եւ որոշեց այլեւս չպահել Լապշինին: Կստանա՞ իր ուզածն Ալիեւը: Իհարկե, Լապշինը նաեւ Իսրայելի քաղաքացի է, հետեւաբար հնարավոր է ինչ որ բան ուզում են Իսրայելից: Բայց ակնհայտ է նաեւ, որ առնվազն տեղեկատվական հարթության վրա ավելի շատ շոշափվում է հենց ՌԴ քաղաքացիության հանգամանքը: Եվ նաեւ կարծես թե հենց Ռուսաստանի ԱԳՆ-ն էր առավել շատ անդրադառնում նրա խնդրին:Իսկ ի՞նչը կարող է լինել Ալիեւի ուզածը տվյալ պարագայում, այսինքն Լապշինի գործը «հրահրելու» մոտիվացիոն շղթան է՞լ ինչ օղակներ կարող է ունենալ նրա համար՝ Արցախի դեմ մեկուսացման քաղաքականությունից բացի:Այստեղ երեւի թե արժե հիշել այն մասին, որ Արցախում ցմահ ազատազրկման են դատապարտված ադրբեջանցի երկու դիվերսանտներ, որոնք ներթափանցել էին Քարվաճառ եւ սպանել էին 17-ամյա մի բնակչի եւ զինված ուժերի սպայի: Երեք դիվերսանտներից մեկը սպանվեց, մյուս երկուսը վնասազերծվեցին, կալանավորվեցին եւ դատապարտվեցին երկարատեւ ժամկետով ազատազրկման, իսկ պատիժը կրում են Արցախում: Ընդ որում, խոսքը թերեւս ամենեւին էլ շարքային դիվերսանտների մասին չէ, դատելով այն հանգամանքից, որ նրանցից մեկը՝ Դիլհամ Ասքերովը՝ գնդապետ է: Եվ ամենաուշագրավը՝ նա ՌԴ քաղաքացի է, Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայության աշխատակից:

Ընդ որում, Ասքերովի վերաբերյալ եղան տեղեկություններ, որ նա Ռուսաստանի հարավում՝ Ադրբեջանի հետ Դաղստանի սահմանին մասնակցել է ՌԴ անվտանգության ծառայությունների հետ համատեղ գործողությունների: Այսինքն, Ասքերովը չէր կարող հենց այնպես լինել ՌԴ քաղաքացի եւ աշխատել Ադրբեջանի անվտանգության մարմիններում: Այն, որ նա Ադրբեջանի անվտանգության ծառայության աշխատակից է եղել՝ ունենալով ՌԴ քաղաքացիություն, վկայում է, որ Ասքերովը եղել է առանձնահատուկ ֆիգուր եւ ունեցել է «ոչ շարքային» դերակատարում:

Ադրբեջանը երկու տարի շարունակ փորձում է անել հնարավորն իր դիվերսանտներին հետ ստանալու համար: Հայկական կողմը մերժում է: Ադրբեջանն այդ հարցը բարձրացնում է նաեւ ՌԴ առաջ, խաղարկելով հենց հանգամանքը, որ Ասքերովը ՌԴ քաղաքացի է: Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը մի քանի անգամ հայտարարել է, որ այդ հարցն իրենց ուշադրության կենտրոնում է, եւ զբաղվում են այդ խնդրով:

Չի բացառվում, որ Լապշինի գործում Ալիեւի մոտիվացիոն հիմքերի շարքում իր դերն ունի նաեւ դա, ինչի համար էլ կարեւոր է դառնում ձերբակալվողների ՌԴ քաղաքացի լինելու հանգամանքը:2016-ի ամռանը Ադրբեջանը ձերբակալել էր ՌԴ մեկ այլ քաղաքացու՝ Մարատ Ուելդանովին: Նա ծագումով հայ է, ազգանունը Գալստյան: Նրա ձերբակալման պաշտոնական պատճառը թմրանյութի իրացման կասկածանքն է: Սակայն նրա քույրը՝ ՌԴ քաղաքացի Վ. Միրզոյանը, դիմել էր Ռուսաստանի պետական կառույցներին եւ խնդրել զբաղվել եղբոր հարցով, նշելով, որ նրա ձերբակալության իրական պատճառը լրտեսության կասկածանքն է, քանի որ նա ազգությամբ հայ է:

Загрузка...
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing