Ալիեւի տագնապը. զորավարժության սլաքի իրական ուղղությունը

0

Արցախի պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը հրավիրել է պաշտպանական բանակի հրամկազմի, ծառայության պետերի, հրամանատարների խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են համաբանակային նշանակության հարցեր եւ տրվել են հանձնարարականներ:

Արցախի պաշտպանության նախարարի խորհրդակցությունն անկասկած արձագանք է Ադրբեջանի սկսած լայնամասշտաբ զորավարժությանը, որի մասին հայտնի դարձավ օրերս: Այդ զորավարժությանը մասնակցելու է մոտ 25 հազար զինվորական, հազարից ավելի ծանր տեխնիկա, օդուժ, փորձարկվելու է լեռնային պայմաններում պաշտպանության եւ հակահարձակման սցենար: Ըստ զորավարժության լեգենդի, հայկական զինուժը հարձակվում է, դիրքեր գրավում, հետո ադրբեջանցիները պետք է հետ մղեն եւ վերագրավեն դիրքերը:Ադրբեջանի լայնամասշտաբ զորավարժությունը Հայաստանում գնահատվել է որպես Ալիեւի նախընտրական քայլ, այն «նախընտրական գաղափարախոսության» համատեքստում, որի վրա նա փորձում է կառուցել ապրիլի 11-ի արտահերթ ընտրությանն իր այսպես ասած վերընտրությունը:

Ալիեւն ակնհայտորեն շեշտադրվել է հակահայկականության վրա, ինչի մաս էր նաեւ Երեւանի ու Զանգեզուրի մասին նրա հայտնի հայտարարությունը:Ալիեւն իհարկե չունի այլ առավելություն, քանի որ տնտեսական վիճակը բոլորովին հեռու է հանրայնորեն իբրեւ նվաճում ներկայացնելուց, դա չի ունենա անհրաժեշտ էֆեկտ: Իսկ Ալիեւին անաղմուկ, կամ հնարավորինս անաղմուկ ընտրություն այդուհանդերձ պետք է: Որքան էլ Ադրբեջանում ընդդիմությունը գրեթե ոչնչացված է, այդուհանդերձ Ալիեւի համար աղմկոտ կեղծիքը կառաջացնի առանց այդ էլ Արեւմուտքի հետ բարդ հարաբերության առավել բարդացում, միաժամանակ կթուլացնի Բաքվի դիրքերը նաեւ Ռուսաստանի եւ Իրանի, նաեւ Թուրքիայի հետ հարաբերությունում:Ալիեւի համար հնարավորինս անաղմուկ վերարտադրվելու միակ հնարավորությունը մնում է ռազմա-հայրենասիրական խաղը եւ այդ համատեքստում հակահայությունը:Մյուս կողմից, զորավարժության լեգենդը կառուցված է ուշագրավ ձեւով՝ Ադրբեջանը ոչ թե առաջին հարվածն է հասցնում, այլ ստանում այն, նույնիսկ կորցնում, հետո անցնում հակագրոհի եւ վերականգնում դիրքերը:

Այստեղ առաջանում է մի փոքր հակասականություն, այն շռնդալից հաղթունակության հետ, որ Ալիեւը փորձում է ներկայացնել իր հանրությանը: Չէ՞ որ կարող են հարցնել, ինչու՞ մենք ոչ թե գրոհում ենք եւ «թուլացած» Հայաստանից վերցնում «մեր տարածքները», Ղարաբաղը, այլ պաշտպանվում ենք եւ ընդամենը վերականգնում դիրքերը:Այսինքն, զորավարժությունն իր լեգենդով մի տեսակ «պարտվողական» կամ «զգուշավոր» է ստացվում, ինչը մի փոքր տարօրինակ է:

Տարօրինակ չէ իհարկե այն, որ Ադրբեջանը փաստացի չի պատկերացնում, որ ռազմական ճանապարհով կարող է հաղթել հայկական կողմին: Ապրիլի քառօրյա պատերազմն այդ իմաստով Ադրբեջանի համար ունեցավ սթափեցնող էֆեկտ, եւ Բաքուն ներկայում կարող է ունենալ մի ակնկալիք՝ որ Հայաստանն աստիճանաբար թուլանա տնտեսա-քաղաքական, դեմոգրաֆիական առումով, ոչ թե ամրանա:

Այդ իմաստով, խնդիրը այստեղ է, իսկ դա առնվազն երեւի թե տարիների, նվազագույնը տասնամյակի ժամանակ ու տարածություն է, որում կստացվեն առանցքային հարցերի պատասխանները:Տարօրինակ է այն, որ Ադրբեջանը զորավարժությամբ փաստացի ցույց է տալիս իր այդ «մտահոգությունները»: Եվ այդ իմաստով առնվազն հարաբերական է, որ զորավարժությունն ունի զուտ քարոզչական նպատակ:Դա չի նշանակում, որ դրա նպատակը ռազմական գործողության անցնելն է: Իհարկե, հույժ կարեւոր է հայկական զինուժի զգոնությունը, եւ այդ իմաստով Արցախի պաշտպանության նախարարի խորհրդակցությունը իրավիճակին միանգամայն անհրաժեշտ ու համարժեք արձագանք է:Բայց Բաքուն հազիվ թե գնար այդօրինակ մասշտաբային զորավարժության եւ իր վրա հրավիրեր մեծ ուշադրություն, եթե ունենար ռազմական արկածախնդրության մտադրություն:Անհրաժեշտ է հնարավորինս համակողմանի դիտարկել եւ հասկանալ, թե ինչու՞ Բաքուն որոշեց այդպես «զուսպ» լինել զորավարժության լեգենդի հարցում:

Դա ընդամենը Արեւմուտքի առաջ կեցվածքի՞ խնդիր է, հաշվի առնելով զորավարժությունից բառացիորեն օրեր առաջ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահից ստացված ազդակը, որ ինչքան էլ ձգվի կարգավորումը, միեւնույն է ռազմական տարբերակը չունի հեռանկար, թե՞ Ալիեւը ունի զորավարժության «համեստ» լեգենդի այլ շարժառիթ:Օրինակ «այլաբանական», երբ զորավարժությունն այդպես բացահայտ ունի հայկական կողմին ուղղված սլաք, բայց տողատակում իրական սլաքը բոլորովին այլ ուղղությամբ է, ասենք Իրանի: Հաշվի առնելով նաեւ Ադրբեջանում իսլամական բավական ուժեղ գործոնը, որը աշխուժանալու դեպքում Ալիեւը կարող է ունենալ խնդիրներ, հատկապես իսլամական գործոնին Իրանից հնարավոր աջակցության դեպքում: Ալիեւը թերեւս ակնարկում է Թեհրանին, որ ունակ է պաշտպանվել:



Загрузка...