Ալիեւի խոշոր ծառայությունը Հայաստանին. Որն է հաջորդ քաղաքը

215

Ալիեւի հերթական հայտարարությունից հետո, թե Ադրբեջանի ռազմավարական թիրախը Երեւանն է, Հայաստանում հնչում են հարցեր՝ ինչ անել դրա դեմ, ինչու Հայաստանի իշխանությունը քայլ չի անում դրա դեմ:Իսկ պե՞տք է քայլ անել դրա դեմ: Թերեւս պետք է «դրանով» անել քայլ, որովհետեւ Ալիեւի այդօրինակ հայտարարությունները այլ բան չեն, քան գործիք Հայաստանի դիվանագիտության համար:Պետք չէ անել քայլեր, որոնք Ալիեւին կխանգարեն անել այդպիսի հայտարարություններ:

Պետք է անել քայլեր, որոնք Ալիեւին երբեք թույլ չեն տա անցնել հայտարարությունից այն կողմ եւ կես քայլ անել անգամ այդ հայտարարության գործնականացման ուղղությամբ: Ամեն ինչ շատ պարզ է՝ Հայաստանը պետք է փոխվի, արդիականանա, դառնա առավել էֆեկտիվ պետություն, որը կարողանում է ստեղծել իր տնտեսա-քաղաքական անվտանգության կորիզը, ու դրա շնորհիվ նաեւ ապահովել արտաքին հավելյալ հնարավորություններ:Եթե Հայաստանը չկարողանա ստեղծել այդ կորիզը, ինքը ստեղծել իր անվտանգության առանցքը, ապա հնարավոր չի լինելու անվտանգության ապահովման հարցում հասնել արտաքին սկզբունքային աջակցության:Անվտանգության կորիզ ստեղծելու համար ազգ-բանակ հայեցակարգը Հայաստանում չունի այլընտրանք:

Գնալով այսպես ասած «դասական» ճանապարհով, Հայաստանը չի կարող զուտ համամասնության սկզբունքով ապահովել իր պաշտպանունակությունն ու սուբյեկտությունն այդ առումով, քանի որ ունի մի քանի անգամ գերազանցող ռեսուրսներով հակառակորդ:Ընդ որում, այստեղ վտանգավոր մոլորություն է այն մտայնությունը, թե 90-ականների սկզբին էլ հակառակորդը մի քանի անգամ գերազանցում էր, բայց հաղթեցինք: Ուժերի հարաբերակցությունը զուտ նոմինալ վիճակագրության խնդիր չէ, այլ նաեւ ուժերի որակական աճի: Այդ տեսանկյունից, Հայաստանի եւ Ադրբեջանի ռեսուրսային տարբերությունը կարող է գուցե ավելի նվազած լինել առաջին պատերազմի համեմատ, սակայն ավելի նվազած տարբերությունն առավել մեծ խնդիր լինել Հայաստանի համար, քանի որ առավել ուժգնացել է ռեսուրսների այսպես ասած ՍԳԳ-ն՝ սարսափելի գործողության գործակիցը:Ըստ այդմ, Հայաստանն ունի առանձնահատուկ ռեսուրսային մոբիլիզացիայի անհրաժեշտություն:

Դրա անունը կարող է լինել ազգ-բանակ, կարող է անունը լինել այլ, կամ անուն չլինել, բայց զուտ մեխանիզմի առումով Հայաստանը չունի այլընտրանք, քան անվտանգության կորիզ ստեղծել իր ամբողջ բնակչությամբ:Ստեղծել անվտանգության կորիզ՝ ամենեւին չի նշանակում ստեղծել բացառապես ռումբ, զինվորական համազգեստ, պատիվ առնել ու պատրաստ լինել մեկնել ռազմաճակատ: Ստեղծել անվտանգություն՝ նշանակում է ստեղծել մրցունակ պետություն եւ կենսունակ հասարակություն, ստեղծել արդիական քաղաքակրթական հասարակարգ՝ սկսած զինված ուժերից, մինչեւ արտադրող տնտեսություն եւ միտք ու արժեք «արտադրող», եւ ոչ իրականությունից կտրված տրաֆարետների վրա մակաբուծող հասարակական ինստիտուտներ, որոնք կկարողանան խստագույնս վերահսկել իշխանության գործողությունն այդ առումով եւ թույլ չտալ, որպեսզի անվտանգության եւ պետական ինքնիշխանության տեսանկյունից այլընտրանք չունեցող մոդելը ծառայեցվի ընդամենը իշխանության կենսունակությանն ու հանրային գիտակցության մանիպուլյացիային:

Ազգ-բանակ գրված թե չգրված մոդելի հիմնարար նպատակներից մեկը պետք է լինի նաեւ այնպիսի արդյունք ստեղծելը, որը կունենա նաեւ համաշխարհային նշանակություն, դեր, որպեսզի այդ արդյունքի պաշտպանությունը լինի այլեւս ոչ միայն Հայաստանի, այլ միջազգային հանրության խնդիրը, կամ այլ կերպ ասած՝ երբ Ալիեւը հայտարարի, թե իր նպատակը Երեւանն է, դա միջազգային ընկալման մեջ հավասարազոր լինի հայտարարության, թե նրա նպատակն ասենք Մոսկվան է, Վիեննան կամ Բրյուսելը:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache