Լրահոս

Ալիեւն ընդունեց պայմանը. Ձեւակերպվում է հրադադարի մեխանիզմը

 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ ղարաբաղյան բանակցությունը վերսկսվում է առանց որեւէ նախապայմանի, որ առաջ էր քաշում Հայաստանը: Հայտնի է, որ Հայաստանն առաջ է քաշում վստահության մեխանիզմի հարցը, որպես նախապայման, կամ այլ կերպ ասած՝ Վիեննայի օրակարգը: Դա նշանակում է հրադադարի պահպանման միջազգային հետաքննության մեխանիզմ, որպեսզի մի ձեռքով բանակցելով, Իլհամ Ալիեւը մյուս ձեռքով չշարունակի մարդ սպանել սահմանին:
Այժմ Ալիեւը հայտարարում է, թե չկա որեւէ նախապայման: Այլ կերպ ասած, դա նշանակում է, որ Ալիեւը հայտարարում է մարդասպանության «իրավունքի» մասին՝ մի կողմից կբանակցի, մյուս կողմից կսպանի սահմանին:
Ալիեւն արտահայտում է իրականությու՞նը, թե՞ փորձում է դեմքը փրկել իր հանրության շրջանում, ցույց տալով, թե գնում է բանակցության, բայց չի տրվում Հայաստանի պայմանին:
Ի վերջո, բանակցություն ասվածն իհարկե հարաբերական է, եւ խնդիրն այն է, թե ինչ օրակարգի շուրջ է այն լինելու: Որովհետեւ, առավել հավանական է, որ օրակարգը կազմելու է ոչ թե կարգավորման որեւէ տարբերակի, այլ հենց «վստահության մեխանիզմի» հարցը: Բանն այն է, որ դա միայն Հայաստանի պայմանը չէ: Դա Մինսկի խմբի երեք համանախագահների պայմանն է, որոնք ունենալով ռազմավարական տարբեր շահեր, այդ հարցում ներկայում եկել են կոնսենսուսի:
Ընդ որում, համանախագահ երկրներին այդ կոնսենսուսի բերել է հայկական բանակը, կանխելով Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան ու ցույց տալով, որ պատրաստ է ոչ միայն կասեցնել, այլեւ անցնել նաեւ հակագրոհի եւ լուրջ վնաս պատճառել Ադրբեջանին:
Ապրիլյան պատերազմից հետո իրավիճակը փոխվել է արմատապես, ինչն էլ ստիպել է որոշակի փոփոխության գնալ հրադադարի պահպանման հարցում անջատական դիրքորոշում ունեցող համանախագահ Ռուսաստանին: ԱՄՆ-ն ու Ֆրանսիան հրադադարի պահպանման մեխանիզմի առաջնահերթության մասին հայտարարում էին նաեւ ապրիլի պատերազմից առաջ: Ռուսաստանն այդ պատերազմից առաջ ոչ թե դրա մասին էր խոսում, այլ հակառակը՝ գործնականում սնում էր պատերազմը, անելով հնարավորը Հայաստանի դիմադրունակությունը թուլացնելու, իսկ Ադրբեջանի ագրեսիայի համար էլ միջազգային նվազագույն լեգիտիմություն ապահովելու համար:
Այդ լեգիտիմությունը Ռուսաստանի համար պետք է դառնար ադրբեջանական ագրեսիայի միջոցով ղարաբաղյան գոտում համեմատաբար լեգիտիմ ռազմական ներկայություն հաստատելու ճանապարհ: Ռուսաստանին ու Ադրբեջանին չստացվեց «խաբել» միմյանց, բայց հայկական զինուժի դիմադրությունը բացահայտեց նրանց միջեւ փոխադարձ «ռազմավարական խաբեությունը», երբ մեկը մյուսի միջոցով ակնկալում էր լուծել խնդիր եւ վճռորոշ պահին «անջատվել»՝ դուրս գալ գործարքից:
Ապրիլի պատերազմից հետո Ռուսաստանը հայտնվել է նոր իրավիճակում: Ադրբեջանի հետ գործակցությունը «մեկ պատերազմի» գործակցություն էր: Այն «պատռվեց»:
Մոսկվան ներկայում ստիպված է աշխատել հարաբերական կայունության ուղղությամբ, որքան էլ ռազմավարական առումով շարունակում է դիտարկել ղարաբաղյան գոտում ռազմական ներկայությամբ հայտնվելու հնարավորությունները:
Ալիեւն իրավացի է, նա Հայաստանի պայմանը չի ընդունել: Հայաստանի պայմանն ընդունել են Մինսկի խմբի համանախագահները, քանի որ հայկական բանակը չի թողել չընդունելու տեղ: Իսկ Ադրբեջանն ընդունել է արդեն Մինսկի խմբի համանախագահների պայմանը: Ավելի շուտ, ընդունվածը գործնականում արդեն պայման էլ չէ, այլ մեխանիզմների իրականացված ներդրում, որը պարզապես տեղի է ունեցել հայկական զինված ուժերի ռազմա-տեխնիկական հագեցածության մակարդակում, տրամադրված դիտարկող-հետախուզական խորքային կարողությունների տեսքով: Ինչպես հայտարարել էր Կոմանդոսը՝ Արկադի Տեր-Թադեւոսյանը, դրանք հայկական զինված ուժերի տրամադրության տակ հայտնվել են ԱՄՆ աջակցությամբ:
Կասկած չկա, որ դա տեղի է ունեցել Ռուսաստանից խոչընդոտների չհարուցման պայմաններում:
Ալիեւն անկասկած գիտակցում եւ պատկերացնում է դա, համաձայնելով Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը: Բանակցությունը ելք է նրա համար, քանի որ միայն այդպես նա կարող է բացատրել իր հանրությանը, թե ինչու՞ չի պատերազմում՝ եթե իր ուժով գերազանցում է Հայաստանին:
Դա ամենեւին չի նշանակում, որ նա այլեւս չի կրակելու: Ի վերջո, բանակները կանգնած են խրամատներում, միմյանց դեմ: Սակայն էապես նվազեցված է Ադրբեջանի ռազմական շանտաժի կարողությունը, ինչը նշանակում է, որ խնդիրն ընդամենը հայկական առաջնագծում կարգապահության եւ զգոնության հարցն է, ադրբեջանցիներին անցք գտնելու հնարավորություն չտալու համար:
Այդպիսով, ղարաբաղյան խնդրում «վերսկսվող» բանակցությունը գործնականում լիովին նոր փուլ է, եւ այդ բանակցությունը խոշոր հաշվով հրադադարի պահպանման մեխանիզմի ոչ ֆորմալ ներդրվածության ֆորմալացման յուրօրինակ տարբերակ է:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing