Լրահոս

Ալիեւը սկսեց. Ինչ է պատրաստում Սերժ Սարգսյանը

 

arm14790274125

lragir.am — Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, թե Իլհամ Ալիեւը մեկնել է առաջնագիծ, ծանոթացել օպերատիվ իրավիճակին, նվերներ հանձնել մարտական խնդիրների իրականացման ժամանակ աչքի ընկած ծառայողներին:
Ապրիլի պատերազմից հետո Ալիեւը կարծես թե երկրորդ անգամ է մեկնում առաջնագիծ: Առաջին անգամ նա այդ բանն արեց ապրիլի վերջերին, երբ իրավիճակը սահմանին, հատկապես հյուսիս-արեւելյան ուղղությամբ բավական լարվել էր, տեղի էր ունենում ինտենսիվ արկակոծում եւ հրետանակոծում: Այդ ժամանակ Ալիեւը տիկնոջ հետ այցելել էր Թալիշին սահմանակից Թերթերի շրջան, որտեղ նրան ցուցադրել էին հայկական զինուժի պատասխանի հետեւանքները:
Հայկական զինուժը այդ օրերին իրականացրել էր պատժիչ գործողություններ, ադրբեջանցիներին ստիպելով հանդարտվել:
Այժմ Ալիեւը երկրորդ անգամ է այցելում սահման, կրկին որոշակի լարվածության պայմաններում: Արդեն մի քանի շաբաթ Արցախի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություններով հայտնում էր, որ Ադրբեջանը սկսել է հաճախ կրակել, նույնիսկ կատարել էր դիերսիոն ներթափանցման փորձեր:
Նախօրեին տեղի էր ունեցել ապրիլից հետո առավել ծավալուն արկակոծում, ընդ որում նաեւ ցերեկային ժամերի ընթացքում՝ Թալիշի ուղղությամբ: Ներկայում, սահմանային վիճակին զուգահեռ, Արբեջանը նաեւ սկսել է ծավալուն զորավարժություն, որում ներգրավված է մոտ 60 հազար զորք, 150-ից ավելի տանկեր, օդուժ, այլ տեխնիկա, մի քանի հարյուր միավոր հրետանային կայանք: Դա իհարկե չի նշանակում, որ այդ բոլորը կենտրոնացած են մեկ տեղում, դրանք ներգրավված թվերն են, ինչը ամենեւին չի նշանակում կենտրոնացում նույն ժամին նույն վայրում: Բայց, բոլոր դեպքերում հակառակորդի այդօրինակ վարժանքը հայկական կողմից պահանջում է խիստ զգոնություն:
Նախօրեին Արցախ էր մեկնել Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, իսկ երեկոյան Արցախի ԱԳՆ-ն տարածեց հաղորդագրություն, որով միջազգային հանրությունից պահանջում է դատապարտել Ադրբեջանի գործողություններն ու անել ամեն ինչ լարվածության աճ թույլ չտալու համար: Հայաստանի ԱԳՆ-ն օրեր առաջ հայտարարել էր, որ Ադրբեջանը զորավարժությունն անցկացնում է միջազգային կարգի խախտումով:
Մեկ այլ ուշագրավ հանգամանք է այն, որ մեկ-երկու շաբաթ առաջ Հայաստանի եւ Արցախի քաղաքական իշխանությունը սկսեց խոսել Թալիշի վերաբնակեցման անհրաժեշտության մասին: Ինչն էր այդ խոսակցության ինտենսիվացման պատճառը, պարզ չէր: Արդոք ադրբեջանիների ակտիվության նպատակը Թալիշի վերաբնակեցման ուղղությամբ հայկական քայլերը կասեցնելն է, թե՞ ադրբեջանցիները մտավախություն ունեն, որ վերաբնակեցման համար հայկական զինուժը կփորձի հատուկ օպերացիա իրականացնել Թալիշի մոտ ադրբեջանցիների դիրքը վերցնելու ուղղությամբ, որը նշանառության տակ է պահում գյուղը եւ վտանգում այնտեղ քաղաքացիների բնակեցումը:
Ընդհանրապես, ապրիլյան պատերազմը, իր առաջացրած որոշակի ընդհանուր առեղծվածային հարցերով հանդերձ, մասնավորապես Թալիշի ուղղությամբ բաց է եւ անորոշ է պահում իրավիճակը: Այդ պատերազմում Ադրբեջանին հաջողվեց կատարել դիրքային մի քանի փոփոխություն՝ թե հյուսիսում, թե հարավում: Վիեննայի հանդիպումից հետո, որտեղ համանախագահները խոսեցին 1994 թվականի հհրադադարին վերադառնալու անհրաժեշտության մասին, ասել կուզի այդ հրադադարի ընթացքում հաստատված ստատուս-քվոյի մասին, Սանկտ-Պետերբուրգի հանդիպմանը Ռուսաստանի նախաձեռնությամբ կարծես թե փորձ արվեց որոշակի նոր վեկտոր հաղորդել հետպատերազմական իրավիճակին:
Ուշագրավ էր, որ Սանկտ-Պետերբուրգից անմիջապես հետո Սերժ Սարգսյանը մեկնեց Արցախ եւ այցելեց հարավային սահմանագիծ: Ընդ որում, սովորաբար դիրքեր կամուֆլյաժով այցելող Գերագույն գլխավոր հրամանատարը Արցախի հարավային սահման այցելեց կոստյումով: Թե ինչ ազդակ էր դա պարունակում, կամ Սերժ Սարգսյանը պարզապես չէր ուզել ժամանակ կորցնել Սանկտ-Պետերբուրգից հետո զգեստափոխվելու վրա, դժվար է ասել:
Ակնհայտ է, որ այցը ունեցել է էական անհրաժեշտություն, եւ միաժամանակ ուշագրավ է, որ հյուսիսային սահմանը Սերժ Սարգսյանը փաստորեն թողել էր բաց: Արդյոք դա բաց էր մնացել նաեւ Սանկտ-Պետերբուրգում, թե՞ Սերժ Սարգսյանը դրանով փորձում էր պատասխանել այդ սահմանի հարցն էլ փակելու Սանկտ-Պետերբուրգի փորձին՝ ցույց տալով, որ հայկական կողմը չի համաձայնի այդ հարցը փակելուն:
Սահմանի հյուսիսային հատվածում կա առանձնահատկություն՝ այնտեղ դիրքային փոփոխությունը փաստացի «շարքից հանել է» հայկական բնակավայր, անհնար դարձրել այնտեղ քաղաքացիական կյանքը:
Եվ այս իմաստով, ուշագրավ է Թալիշի վերաբնակեցման անհրաժեշտության մասին հայկական կողմից քաղաքական հայտարարությունների ինտենսիվացումն ու սահմանին հրադադարի խախտումների ինտենսիվացումն Ադրբբեջանից:
Դա ընդհանուր առմամբ ապրիլի պատերազմից հետո ծավալված դիվանագիտական-քաղաքական դիրքային պայքարի տրամաբանության շրջանակում է, որտեղ արբեջանական կողմը փորձում է ստանալ կամ նոր պատերազմի աշխարհքաղաքական հավանություն, կամ դրա շանտաժի միջոցով ստանալ դիվանագիտական դիվիդենտներ եւ ճնշում հայկական կողմի վրա, իսկ հայկական կողմը փորձում է ստանալ ստատուս-քվոյի ամրագրման միջազգային մեխանիզմ, թերեւս մինչ այդ ակնկալելով ինչ որ կերպ հասցնել հնարավորին չափ շտկել ապրիլի դիրքային խախտումները, կամ կարգավորման գործընթացում սահմանել նաեւ հյուսիսային սահմանում նոր իրավիճակի որոշակիացման քաղաքական գինը:

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am