Ալիև-Պուտին հանդիպման առաջին արդյունքը՝ կրակոցներ Բաղանիսում

157

1in.am — ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան և Բաղանիս գյուղերի ուղղությամբ երեկ` սեպտեմբերի 2-ին, կրակոցներ են հնչել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը: Նա ասել է, որ կրակոցների հետևանքով հրդեհ է բռնկվել միջդիրքային տարածքում։

Ուշագրավ է, որ ադրբեջանական կողմը Հայաստանի պետական սահմանի ուղղությամբ կրակոցներ է արձակել Պուտին-Ալիև հանդիպումից անմիջապես հետո։ Սա մի կողմից՝ ադրբեջանական ավանդական քաղաքականության հերթական դրսևորումն է՝ պետական կարևոր հանդիպումները նախորդել կամ հաջորդել սադրանքներով, մյուս կողմից՝ երեկվա միջադեպն ամբողջովին տեղավորվում է տարածաշրջանային բարդ համատեքստում, երբ Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններում առկա ճգնաժամի ֆոնին Բաքուն փորձում է առավելագույն դիվիդենդներ ստանալ։

Առաջիկայում Նիկոլ Փաշինյանն այցելելու է Մոսկվա, որտեղ հանդիպում է ունենալու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Երեկվա ֆեյսբուքյան եթերի ժամանակ թերևս առաջին անգամ Փաշինյանը տողատակով ընդունել է, որ հայ-ռուսական հարաբերություններում գոյություն ունեն խնդիրներ։ Նա համոզմունք է հայտնել, որ իր ու Պուտինի հանդիպման ընթացքում երկկողմ հարաբերությունների օրակարգում առկա բազմաթիվ հարցեր մանրամասն կքննարկեն և լուծումներ կտան բազմաթիվ հարցերի: «Իհարկե, ես չեմ ցանկանում պնդել, որ բոլոր հնարավոր հարցերը կլուծենք, սակայն համոզված եմ, որ մեր հարաբերությունները բնականոն շարունակվում են և բնականոն կշարունակվեն»,- եզրափակել է վարչապետը:

Ըստ ամենայնի՝ դեռ պարզ չեն Պուտին-Փաշինյան հանդիպման ո՛չ կոնկրետ ձևաչափը և ո՛չ էլ ժամկետը։ Ուշագրավ է, որ շուտով կլրանա Նիկոլ Փաշինյանի վարչապետության չորս ամիսը, սակայն այդպես էլ նրա ու Ռուսաստանի նախագահի միջև պաշտոնական հանդիպումներ չեն եղել՝ սահմանափակվելով մեզ հայտնի երկու հանդիպումներով, որոնք անցկացվել են այլ միջոցառումների հարթակներում՝ կրելով ավելի շատ արարողակարգային, ճանաչողական բնույթ։

Ռուսաստանի հանդեպ վարվող Հայաստանի անայլընտրանք, միավեկտոր արտաքին քաղաքականությունը ոչ միայն արդյունավետ չի եղել, այլ նաև խորքային ճգնաժամ է առաջացրել հայ-ռուսական հարաբերություններում, ինչն արդեն հրապարակային դրսևորումներ է ունենում. մի դեպքում Սերգեյ Լավրովն է հանդես գալիս կոշտ հայտարարությամբ, մեկ այլ դեպքում Պուտինը ցուցադրաբար շնորհավորում է Ռոբերտ Քոչարյանի տարեդարձը՝ ցույց տալով իր անվստահությունը Հայաստանի գործող իշխանության հանդեպ։

Այս համատեքստում խիստ մտահոգիչ է Մոսկվայի ու Բաքվի հարաբերություններում նկատվող զարգացման դինամիկան։ ՌԴ նախագահն Ալիևի հետ նախօրեի հանդիպմանն ընդգծել է երկու երկրների միջև հարաբերությունների ռազմավարական բնույթը։ «Հարաբերությունները զարգանում են և՛ քաղաքական, և՛ տնտեսական ուղղություններով»,- ասել է Պուտինը։

«Մենք նաև այսօր քննարկել ենք հետագա համագործակցությունը ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում։ Այն ունի արդեն մեծ ավանդույթներ։ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կյանքի կոչված պայմանագրերը, ռազմական նշանակության արտադրանքը, որ Ադրբեջանը գնել է Ռուսաստանից, գերազանցում է 5 միլիարդ դոլարը և աճի միտում ունի, քանի որ Ադրբեջանը շարունակում է զինված ուժերի արդիականացումը, իսկ Ռուսաստանը միջազգային շուկաներ ռազմական արտադրանքի համաշխարհային կարևորագույն արտադրող և մատակարար է»,- իր հերթին հայտարարել է Ալիևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքներով։

Նման համատեքստում նույնիսկ օրինաչափ է, որ Պուտին-Ալիև հանդիպումից հետո ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել Հայաստանի պետական սահմանի ուղղությամբ։ Եթե Հայաստանի կառավարությունը թավշյա հեղափոխությունից հետո շարունակ իր հավատարմությունն է արտահայտում Ռուսաստանի հանդեպ, սակայն չի կարողացել հասնել անգամ Ադրբեջանին ռուսական սպառազինության մատակարարման դադարեցմանը, ապա կա՛մ ընտրված քաղաքականությունն է անարդյունավետ, կա՛մ էլ Մոսկվան, ըստ էության, նոր պատերազմ սանձազերծելու քարտ-բլանշ է տալիս Բաքվին։

Հայաստանի կառավարությունը պետք է շուտափույթ փորձի հաղթահարել հայ-ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամը, որովհետև դրա հիմնական շահառուն մնում է Ադրբեջանը, իսկ ամեն ինչ պտտվում է ԼՂ խնդրի շուրջը։ Սակայն դրա բանալին ոչ թե միակողմանի ու տենդենցիոզ, այլ իրապես բազմավեկտոր արտաքին քաղաքականությունն է, որը Մոսկվայում համոզմունք կառաջացնի, որ Հայաստանն ունի այլընտրանք, ու հայ-ռուսական հարաբերությունների այսօրվա բնույթն առաջին հերթին սպառնում է հենց Մոսկվայի շահերին։

Մոսկվայում պետք է ունենան այն նույն մտահոգությունները, որոնք առաջացան 2016-ի ապրիլյան պատերազմից հետո, երբ Հայաստանում իրապես վտանգվեց ռուսական ազդեցությունը հանրային տրամադրությունների հետևանքով, ինչն իր արտացոլումը գտավ անգամ Սերժ Սարգսյանի քաղաքականության մեջ։։ Սակայն շատ կարևոր է, որ Փաշինյանի կառավարությունը հասնի նրան, որ Մոսկվան Հայաստանը կորցնելու վտանգն այս անգամ զգա ոչ թե նոր պատերազմի ու դրա հետևանքների համատեքստում, այլ շատ ավելի վաղ, որպեսզի իր քաղաքականությամբ ոչ թե քաջալերի, այլ կանխի հայ-ադրբեջանական նոր պատերազմի ռիսկերը։




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache