Լրահոս

Ալիևը երկու պատճառ ուներ այս գիշերվա հարձակման փորձի համար

 

Փետրվարի 25-ին ադրբեջանական հարձակման փորձի տապալումը ցույց է տալիս հայկական պաշտպանական զորքերի պատրաստությունը: Նոր իրավիճակ չկա, սա, ըստ էության, 2014 թ. ամռան ամիսներից աստիճանաբար զարգացող իրադրության դրսևորևումներից է:

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձավ փետրվարի 25-ի գիշերը ադրբեջանական ուժերի կողմից շփման գծի երկու ուղղություններով ձեռնարկված հարձակման փորձին՝ նշելով երկու պատճառ:

Դրանցից մեկը Ադրբեջանի իշխանության ներսում տեղի ունեցող խմորումներն են, մասնավորապես՝ կլանային պայքարը իշխանության համար և նախիջևանյան ու Փաշաևների դաշինքի ամրապնդումը: Մյուսը Խոջալուի դեպքերի 25-ամյակն է: Ալիևը փորձում է «փիառ» ակցիա անել Խոջալուի դեպքերի 25-ամյակին, որոշակի հաջողությունների հասնել ռազմական ճակատում և ցույց տալ, թե ինքը «վրեժխնդիր է լինելու»:

Բայց երկու պարագայում էլ, քաղաքագետի խոսքով, հիմնական պատճառը հայ-ադրբեջանական թշնամանքն է և Արցախը նվաճելու Ադրբեջանի ցանկությունը. «Նախորդ տարվա ապրիլին Ադրբեջանը ձախողեց իր ռազմական կամպանիան, որի արդյունքում կորցրեց ոչ միայն հաջողություն ունենալու, այլև բանակցային գործընթացում որոշակի դրույթներ որպես խաղաքարտ օգտագործելու հնարավորությունը: Ադրբեջանական կողմը այլևս չի կարող պատերազմ չվերսկսելը որպես փոխզիջում ներկայացնել, և ըստ էության քանդվեց այն թեզը, թե իրենք ցանկացած պահի կարող են ռազմական ճանապարհով լուծել խնդիրը: Ալիևը հիմա փորձում է այդ իրավիճակը շտկել, նա հասկանում է, որ լայնածավալ պատերազմի համար բավականաչափ ներուժ չունի, և այսօրվա հարձակման տապալումը դրա ապացույցներից մեկն է: Բայց պատերազմի իմիտացիա անելու տարբերակը կարող է աշխատել իրենց համար, և ըստ էության՝ Ադրբեջանի իշխանությունները այսօր հենց դա են անում՝ փորձելով պատերազմի իմիտացիայի միջոցով իրավիճակ փոխել, հասնել նրան, որ բանակցային սեղանին իրենց դիրքերն ուժեղանան և նորից կարողանան խոսել շանտաժի և պահանջատիրության լեզվով:»

Հրանտ Մելիք-Շահնազարյանի մեկնաբանությամբ՝ քանի դեռ Ադրբեջանում իշխում է Ալիևների կլանը, արդարացված են բոլոր այն գնահատականները, որ հակամարտությունը քաղաքական քաղաքական լուծում չի կարող ունենալ, քանի որ Ադրբեջանի իշխանության տրամաբանությունն է այդպիսին՝ ներքին ցանկացած ձախողում կամ ձեռքբերում պայմանավորել Հայաստանի ու Արցախի հանդեպ իրենց թշնամանքով:

«Եթե իշխանության տրամաբանությունը այդ թշնամանքն է, բնականաբար նրանք չեն կարող այդ քաղաքականությունից հրաժարվել, որովհետև դրա հետ զուգահեռ ստիպված են լինելու հրաժարվել նաև իշխանությունից, ինչը Ալիևը, բնականաբար, չի անի: Եվ դա է պատճառը, որ Ադրբեջանը շարունակում է հանդես գալ պահանջատիրությամբ, դա է պատճառը, որ Ադրբեջանի իշխանությունները օգտագործում են պատերազմի սպառնալիքը՝ որպես կարևոր քաղաքական գործոն իր գործունեության մեջ: Համոզված եմ, որ դա շարունակական է լինելու»:

Զինված հակամարտության նոր սրացման կամ ադրբեջանական ուժերի ավելի խոշորամասշտաբ հարձակման դեպքում հայկական զինված ուժերը, ապրիլյան «քառօրյա պատերազմի» համեմատ, որքանո՞վ են պատրաստ՝ ավելի արդյունավետ գործելու, ավելի հաջող կերպով կազմակերպելու պաշտպանությունը:

Հարցին քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը այսպես պատասխանեց. «Այս գիշերվա դեպքերը ցույց տվեցին, որ Ադրբեջանի հարձակման փորձը տապալվել է: Ձեռնարկվել են համապատասխան գործողություններ, և թշնամին կորուստներով ետ է շպրտվել: Կարծում եմ, որ սա խոսում է մեր պատրաստության մասին: Իհարկե, ապրիլին էլ, չնայած անսպասելիության գործոնին, մեզ հաջողվեց հիմնական խնդիրները լուծել և հասնել նրան, որ հակառակորդի ծրագիրը տապալվի»:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

1in.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing