Լրահոս

Ալիևը ճանաչել է Արցախի իրական կարգավիճակը

 

1aead50806b7c54c4f10a8eee975abf8

yelaket.am —  Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով Հայաստանի տարածքների նկատմամբ նկրտումների վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Ալիեւի օրերս արած հայտարարություններին, նրան հիշեցրել է, որ Աուդի գերմանական մեքենաշինական ընկերությունն 9 տարով է Ադրբեջանից ավելի մեծ, իսկ ԲՄՎ գերմանական մեքենաշինական ընկերությունը` 2 տարով: Դժվար է ասել, թե Հայաստանում ինչ լրջությամբ է ընկալվում Ալիեւի այդօրինակ որեւէ հայտարարություն: Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն օրինակ հայտարարեց, թե այդ խոսքերը եւս մեկ անգամ հուշում են, որ միջազգային հանրությունը պետք է ճանաչի Արցախի անկախությունն ու պատասխանատվության ենթարկի Ադրբեջանին: ԱԺ փոխնախագահն էլ փաստորեն ծաղրում է Ալիեւին, հիշեցնելով Ադրբեջանի տարիքը, այն էլ համեմատելով ոչ թե Հայաստանի, այլ գերմանական մեքենաշինական ընկերությունների հետ: Հայաստանի հետ Ադրբեջանը համեմատության եզր ընդհանրապես չունի: Բայց, կա մի նրբերանգ: Իսկ արդյոք միջազգային քաղաքականության ասպարեզում նշանակություն ունի, թե ինչ տարիք ունի որեւէ սուբյեկտ` պետություն: Օրինակ, ԱՄՆ որպես պետություն ամենեւին էլ ամենատարեցը չէ, նույնիսկ չափազանց երիտասարդ է` եվրոպական պետությունների, ասիական պետությունների զգալի մասի համեմատ, բայց ներկայում հանդիսանում է աշխարհի միակ գերտերությունը, միջազգային գործընթացների անվիճելի առաջատարը: Որեւէ նշանակություն չունի, թե քանի տարեկան է պետությունը: Դրա կենսունակությունն ու մրցունակությունը տարիքը չէ, որ որոշում է, այլ որակները, այդ պետության էլիտայի առկայությունը, մտածողության մասշտաբն ու խորությունը, այն արժեքները, որով կյանքին ու աշխարհին նայում է այդ էլիտան եւ որոնք հաղորդում է հասարակությանը: Բարեբախտաբար, Ադրբեջանի «էլիտան» այդ իմաստով նվեր է Հայաստանին, որովհետեւ եթե հայկական ներկայիս «էլիտայի» պայմաններում հանկարծ Ադրբեջանի «էլիտան» լիներ ավելի որակյալ՝ մտածողությամբ, արժեքներով, պետականության մասին պատկերացումներով, ապա իր ներկայիս «էլիտայի» պարագայում Հայաստանը տանուլ էր տալու թե Արցախը, թե հայկական պետականությունը: Ավելին, ապրիլին Հայաստանը գրեթե տանուլ էր տալիս, եթե Հայաստանի զինվորն ու սպան, ի տարբերություն երկու տասնամյակ պետությունը ղեկավարած «էլիտայի», չգտնվեին ամենաբարձր մակարդակի վրա` թե մարտական պատրաստության, թե մտածողության առումով: Նրանց միակ «թերացումը» ռազմա-տեխնիկական, նյութա-տենիկական հագեցածության անբավարար մակարդակն էր, ինչը դարձավ հենց հայկական «էլիտայի» որակական հատկանիշների, ավելի շուտ դրանց անհրաժեշտ մակարդակի բացակայության ցուցիչը: Հայաստանն Ադրբեջանի հետ տարիքով չէ, որ պետք է մրցի: Հայաստանը պետք է մրցակցի եւ հաղթի որակներով: Ընդ որում, հաշվի առնելով տնտեսական ռեսուրսների Ադրբեջանի առավելությունը` նավթի ու գազի շնորհիվ, Հայաստանը ոչ թե պարզապես պետք է լինի Ադրբեջանից առաջ, այլ պետք է անհամեմատ գերազանցի Ադրբեջանին իր պետական, քաղաքակրթական նկարագրով: Ալիեւը, որ ապրիլից հետո հայտնվել է իսկապես ծանր կացության մեջ եւ փաստացի դիվանագիտական ծուղակում, դրանից դուրս գալու իր ձգտման մեջ Հայաստանին տալիս է նոր հնարավորություններ, որոնք սակայն պետք է օգտագործել պետական քաղաքականությանը նոր բովանդակություն հաղորդելու համար, ոչ թե մեքենայական համեմատությունների: Ալիեւը գնում է վա բանկ, նա չունի նահանջի տեղ, չունի նաեւ առաջ շարժվելու հնարավորություն: Նա բացահայտորեն ներկայացնում է Հայաստանի հանդեպ տարածքային պահանջ, դրանով փորձելով ստեղծել Արցախի հանդեպ տարածքային պահանջների «ողջախոհության» որոշակի մթնոլորտ: Ի պատասխան դրա, հայկական կողմը խոսում է աուդիներից ու բմվներից, կամ առավելագույնը հայտարարում, թե ինչու պետք է միջազգային հանրությունը ճանաչի Ղարաբաղը: Այսինքն, հայկական կողմը գտնվում է մի մակարդակի վրա, որտեղ Ալիեւի «տվա՞ծ» փաստարկների հույսին է` Ղարաբաղի ճանաչման միջազգային գործընթացում: Հայաստանի տարածքների նկատմամբ Ալիեւի հայտարարությունները հայկական կողմի համար պետք է առնվազն հիմք հանդիսանային հայտարարելու, որ Ադրբեջանի համար Արցախի հակամարտության կարգավորման գործընթացը այլ բան չէ, քան ընդամենը Հայաստանի շուրջ օղակը սեղմելու ռազմավարության տարր, ինչի մասին վկայում է Ալիեւի հայտարարությունը: Ըստ այդմ, հայկական կողմի արձագանքը պետք է լիներ համարժեք, ինչը նշանակում էր Ալիեւի հայտարարությունը բումերանգի վերածել ազատագրված տարածքների մասով եւ անցնել Արցախի խնդրում պետական քաղաքականության մոտեցման հայեցակարգային փոփոխության: Ալիեւի համար գոյություն չունի Արցախի առանձին խնդիր, տարածքների խնդիր: Նրա համար այդ ամենը մարտավարություն է, որովհետեւ ի տարբերություն հայկական երկու տասնամյակի տարածված մտածողության, Ալիեւը Արցախի խնդիրը դիտարկում է ադրբեջանական պետականության խնդրի տեսանկյունից եւ թե ներքին, թե արտաքին սպառման համար մատուցում հենց այդ ընդգրկումով: Որովհետեւ լավ է պատկերացնում, որ այդ խնդրում չի կարող ունենալ ոչ միայն ռազմավարական, այլ նաեւ մարտավարական հեռանկար այն կողմը, որն Արցախի խնդիրը թեկուզ հռետորաբանության մակարդակում կդիտարկի պետականության խնդրից առանձին: Հարցն այն է, թե այդ գործում ով է լինելու առավել արդյունավետ` հայկական, թե ադրբեջանական պետականությունը: Հայկական կողմում երկու տասնամյակ շարունակ ներդրվել է մտածողություն, թե Արցախի հարցը հայկական պետականության զարգացման խնդիր է, խոչընդոտ, որից պետք է ազատվել հնարավորինս շուտ, այլապես չի ստացվի զարգանալ: Այդ իմաստով, առաջացել է լուրջ խզում հայկական պետականության ռազմավարական խնդիրների, պետական քաղաքականության եւ հանրային մտածողության միջեւ: Ապրիլը դրա հետեւանքն էր, որը թե Հայաստանի, թե տարածաշրջանի համար աղետի չվերածվեց զինվորի եւ սպայի ջանքի գնով: Կովկասում խաղաղությունը պահելու բանաձեւը Արցախի միջոցով հայկական պետականության ամբողջությունը պահելն է: Եթե չհաղթահարվի այդ խզումը, հասունանալու է նոր ապրիլ` վաղ, թե ուշ, բայց անխուսափելի, որովհետեւ Արցախը հայկական պետականության ամբողջական խնդիրն է, այն չունի մաս: Դա նույնիսկ Ալիեւն է հասկանում եւ փաստացի ճանաչում: Ռազմա-քաղաքական անհարմար դրության մեջ մնացած Ալիեւը Երեւանի, Մեղրու եւ Գորիսի մասին հայտարարություններով փաստացի ակամա ճանաչում է Արցախի իրական կարգավիճակն ու ընդգրկումը: Նա չունի այլ ելք, եթե նրան այդ ելքը եւս մեկ անգամ չընձեռի հայկական «էլիտան» իր կոնցեպտուալ անհամարժեքությամբ, ինչպես սկսել է ընձեռել առաջին պատերազմի ավարտից գրեթե անմիջապես հետո:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

newhing

newhing