Լրահոս

Ալիևի գալու գինը Ղարաբաղն է. Մոսկվան բաց է խաղում

 

Մոտակա ժամանակներս հնարավոր են շփումներ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի, Էլմար Մամեդյարովի և Էդվարդ Նալբանդյանի մակարդակով, հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հավելելով, որ հենց տեղեկատվություն լինի, այն կհրապարակեն:

Ռուսաստանն, ակնհայտորեն, շարունակում է ակտիվությունը` Հայաստանի և Ադրբեջանի հետ ղարաբաղյան կարգավորման շուրջ` Ռուսաստանի ազդեցիկ դերն ի ցույց դնելու ուղղությամբ:

Աշխարհաքաղաքական իրավիճակն, իհարկե, այնպիսին չէ, որպեսի կարծել, թե այս փուլում Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պետք է ընդհանուր հայտարարի կգան ԼՂ հարցում, բայց նման իրավիճակներն ավելի հարմար են Մոսկվայի համար, Ռուսաստանն իր ձեռքում է պահում Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ ճնշման լծակը` պահպանում է այդ կարևոր «զենքը»:

Հնարավոր է, որ առաջիկայում կրկին եռակողմ` Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան ֆորմատով նոր բանակցություններ անցկացվեն, Ռուսաստանն այդկերպ ցույց կտա, որ ամեն ինչ անում է, որպեսզի կանխի հնարավոր էսկալացիան:

Բայց Մոսկվան ունի ակնկալիքներն ու այս փուլում մի քանի անգամ տարբեր մակարդակներով բարձրաձայնեց այդ մասին: Նախ` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ բնականաբար դեմ չեն ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցությանը:

Այնուհետև, վերջերս թեման լայնորեն շարունակեց ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը, որն ապրիլի 7-ին այցելել էր Բաքու: Նա «Վեստի FM» ռադիոկայանի եթերում նոր մանրամասներ էր ներկայացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից: Սոլովյովն անկեղծացել էր ու պատմել, որ Ալիևի հետ հանդիպմանը քննարկվել է Լեռնային Ղարաբաղի 5 շրջանների հարցը, 2016թ. ապրիլին հակամարտության էսկալացիան:

Ու հանկարծ, Սոլովյով-Ալիև խոսակցության թեման տեղափոխվել էր Մոսկվայի համար սիրելի` ԵԱՏՄ-ի դաշտ: «Փոխզիջման որոնումը հնարավոր է: Դա կհանգեցնի նրան, որ Հայաստանը դուրս կգա շրջափակումից: Հսկայական ներդրումներ կլինեն Ադրբեջանի կողմից: Կարևոր է նաև, որ Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը կգտնվեն ԵԱՏՄ-ի միասնական տարածքում», ասել էր Սոլովյովը:

Թե ինչպես է «փայփայում» Ռուսաստանը ԵԱՏՄ-ական չենթարկվող առաջնորդներին, դրանում կարելի է համոզվել աչքի առաջ ունենալով Բելառուսի և Ղազախստանի օրինակները: Որքան էլ այս երկրի առաջնորդները ժամանակ առ ժամանակ քննադատեն Մոսկվային, միևնույն է Մոսկվան գտնում է ձևեր Լուկաշենկոյի և Նազարբաևի «սիրտը շահելու»:

Վերջերս օրինակ հայտնի դարձավ, որ Ռուսաստանը 1 միլիարդ դոլարի հերթական վարկը կտրամադրի Բելառուսին, և սա ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգում այդ երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի բանակցությունների հիմնական արդյունքն է: Բելառուսի փոխվարչապետ Վլադիմիր Սեմաշկոն օրերս նշել էր. «Լավ պայմաններով հավելյալ վարկի մասին համապատասխան հանձնարարականներ էին տրվել երկու նախագահների վերջերս կայացած հանդիպմանը»: Սեմաշկոյի խոսքով՝ ՌԴ-ն կաջակցի, որպեսզի Բելառուսը Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամից ստանա երրորդ և չորրորդ տրանշերը՝ յուրաքանչյուրը 300 միլիոն դոլարի: 2016-ին Բելառուսն արդեն ստացել էր այդ հիմնադրամի երկու փոխանցումները, որոնք կազմել էին 800 միլիոն դոլար։

Փորձագետները նկատում են, որ ռուս-բելառուսական տնտեսական հարցերի շուրջ կոշտ հակամարտությունից հետո երկու նախագահների հանդիպումը Սանկտ Պետերբուրգում արդյունավետ էր հատկապես բելառուսական կողմի համար։ Լուկաշենկոյին հաջողվել է պայմանավորվել՝ և՛ ռուսական պարտքի, և՛ գազի գնի շուրջ, որը նվազելու է 2018-ին և 2019-ին։ Բացի այդ, Մոսկվան պարտավորվել է Բելառուսին տրամադրել էներգակիրները նախկին ծավալով, ինչը, Լուկաշենկոյի խոսքով, կփոխհատուցի ռուսական գազի բարձր գինը։

Բելառուսին «Գազպրոմ»-ը, հիշեցնենք, գազը 1000 խորանարդ մետրը 130 դոլարով է վաճառում: Հենց գազի, Մինսկի կարծիքով, բարձր գինն է, որ դարձել է ռուս-բելառուսական հակամարտության պատճառ։ Երկրի նախագահը պարբերաբար կոշտ հայտարարություններ է անում Մոսկվայի հասցեին։ Երկու ամիս առաջ, մասնավորապես, Լուկաշենկոն հայտարարել էր, որ երկրին ռուսական նավթի մատակարարումների կրճատումը պետք է լրացվի այլընտրանքային տարբերակներով։ Ավելին՝ Բելառուսի նախագահն անգամ սպառնացել էր դուրս գալ ՀԱՊԿ-ից։

Բայց Մոսկվան ստիպված է հաշվի նստել Բելառուսի նախագահի իրարամերժ հայտարարությունների հետ, քանի որ այսօր չի կարող հրաժարվել ևս մեկ դաշնակցից՝ ի դեմս Բելառուսի:

Ռուսաստանը քիչ դաշնակիցներ ունի, եղածներին ստիպված է «փայփայել», իսկ եթե «բախտը ժպտա»` ինչու ոչ, նոր անդամներ ձեռքբերել: Տվյալ դեպքում հարմար «թեկնածուն» Ադրբեջանն է:

Մնում է հարցը` ինչի՞ դիմաց կարող է Ալիևը համաձայնել անդամակցել ԵԱՏՄ-ին…

Հարցն, ինչպես ասում են` հռետորական է:

Թամար Բագրատունի



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing