Լրահոս

Ամեն վայրկյան սպասվում է նոր հարձակում

 

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՆԱՏՕ‐ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Սերժ Սարգսյանը սենսացիոն հայտարարություն արեց, ըստ էության ազդարարելով ապրիլյան քառօրյայից հետո ղարաբաղյան նոր պատերազմի մասին:

«Ապրիլյան պատերազմն ու դրանից հետո շարունակվող կանոնավոր կրակահերթերը՝ ծանր հրետանու և զինտեխնիկայի կիրառմամբ, փաստում են, որ այլեւս այդ հակամարտությունն «ակտիվ» է»,‐ասաց Սարգսյանը:

Մինչ Բրյուսել գնալը Հայաստանում Սարգսյանը զգուշացնում էր, որ ադրբեջանական կողմը ՀՀ առաջիկա ընտրությունների շրջանում կարող է նոր սադրանքների գնալ:

Սադրանքներ սպասելն ու զգոն լինելը մի բան է նշանակում, հակամարտությունն «այլեւս ակտիվ» գնահատելը բոլորովին այլ բան: Շատ կարեւոր է նաեւ, թե որ հարթակից հնչեց այդ հայտարարությունը: Բրյուսելում Սարգսյանը հանդիպեց ԵՄ տարբեր կառույցների ղեկավարների հետ եւ բոլոր հանդիպումներում անդրադարձավ ղարաբաղյան հիմնախնդրին, սակայն այն մասին, որ հակամարտությունը ակտիվ է, հայտարարեց ՆԱՏՕ‐ի ամբիոնից:

Նա նաեւ չափազանց պրովոկացիոն շնորհակալական խոսք ուղղեց Ստոլտենբերգին. «Շնորհակալ եմ, պարո՛ն Գլխավոր քարտուղար, մեզ աջակցելու համար, ես նկատի ունեմ Մինսկի խմբի համանախագահներին աջակցելու համար»:

Մենք, այսինքն` Հայաստանը, ոչ մի կերպ ԵԱՀԿ Մինսկի խումբը չենք: Եվ մեզ աջակցելը չի նշանակում Մինսկի խմբին աջակցել, ինչպես նաեւ`հակառակը: Ճիշտ է հայկական դիվանագիտությունը երկար ժամանակ Հայաստանը ՄԽ‐ի հետ մեկ թիմ է համարում, բայց նույնիսկ այդ դեպքում նման ձեւակերպումը տարօրինակ է:

Հայաստանի եւ Արցախի պաշտպանական ոլորտի պաշտոնական ներկայացուցիչների գնահատմամբ այդ հարձակումները համեմատելի էին ապրիլյան քառօրյայի նախնական գործողությունների հետ եւ, եթե ժամանակին չկանխվեին, բախումները կզարգանային նույն տրամաբանությամբ: Այսինքն, կսկսվեին լայնածավալ ռազմական գործողություններ: Դա այն է, ինչի մասին նախորդող երկու շաբաթների ընթացքում ահազանգում էին Հայաստանի պաշտոնյաները`Սերժ Սարգսյանը, Էդվարդ Նալբանդյանը, Վիգեն Սարգսյանը, Շավարշ Քոչարյանը:

Շատ կարեւոր է, թե երբ տեղի ունեցավ Ադրբեջանի նոր հարձակման փորձը: Փետրվարի 21‐22‐ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով Մոսկվայում էր: Ու քանի որ մինչ այդ արդեն իրավիճակը սահմանում գնում էր սրման, ակնհայտ էր, որ Նալբանդյան‐Լավրով բանակցություններից են կախված լինելու հետագա զարգացումները: Արդեն գրել էինք, որ բանակցությունները հաջող չեն եղել: Բայց փաստորեն ձախողումն այնքան հիմնովին էր, որ Նալբանդյանի Մոսկվայից վերադառնալուց անմիջապես հետո Ադրբեջանը նոր հարձակման գնաց: Իսկ ավելի կոնկրետ դա տեղի ունեցավ Նալբանդյանի Մոսկվայից վերադառնալուց երկու օր հետո, եւ Սերժ Սարգսյանի Բրյուսել մեկնելուց երկու օր առաջ:

Ակնհայտ է, որ հայկական կողմը սպասում էր այդ հարձակմանը: Երեւանում եւ Ստեփանակերտում այս օրերին մեծ ոգեւորությամբ են խոսում, որ ապրիլյան պատերազմից հետո առաջնագծի տեխնիկական վերազինումն իր արդյունքը տվեց եւ, շնորհիվ հատկապես գիշերային տեսանելիության եւ ջերմատեսիլ սարքերի, հարձակումը բնում խեղդվեց:

Հրապարակվեցին համապատասխան տեսանյութեր եւ այլն:

Հայկական կողմի դիվանագիտական ջանքերը` կանխելու նոր լայնածավալ ռազմական գործողությունները, առայժմ որեւէ արդյունք չեն տալիս: Եվ ամեն վայրկյան նոր հարձակման պետք է սպասել առնվազն մինչեւ մարտի 14, երբ Մոսկվայում կկայանա Սարգսյան‐Պուտին հանդիպումը: Իսկ եթե այստեղ էլ խոսակցությունը չստացվի, մեծ է հավանականությունը, որ կընկղմվենք պատերազմի մղձավանջի մեջ, ինչպես ձեւակերպել էր Սերժ Սարգսյանը ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլի հետ հանդիպմանը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing