Լրահոս

Ամենամարտավարական ու ռազմավարական նշանակություն ունեցող դիրքերից ենք կորցրել՝ Ս. Սարգսյանի անգործության պատճառով

 

serj3-320x228

ԳԱԼԱ-ի հետ զրույցում Արցախի ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանն այսպես մեկնաբանեց Ս.Սարգսյանի հարցազրույցի այն տողերը, համաձայն որոնց հայկական ԶՈՒ-երը պատրաստ էին վերականգնելու ստատուս քվոն, բայց նպատակային չի եղել ստատուս քվոյի վերականգնումը, քանի որ, Ս. Սարգսյանի խոսքերով, անտրամաբանական կլիներ մարտավարական առումով ոչ արժեքավոր դիրքերի համար զոհեր տալը:

«Մենք կորցրել ենք այդ դիրքերը, որովհետև որոշակի սպառազինության պակաս ենք ունեցել, և թշնամին ունեցել է որոշակի տեխնիկական առավելություն պատերազմի 3-րդ, 4-րդ օրերի ընթացքում: Սա ամբողջությամբ Ս.Սարգսյանի անգործության հետևանքն է, որովհետև նա է Հայաստանի սահմանների անվտանգության պատասխանատուն, և բանակի սպառազինությունն առաջնահերթ նրա լուծելի խնդիրների մեջ է»,- ասաց Խանումյանն՝ ընդգծելով, որ 800 հա տարածք կորցրել ենք Ս.Սարգսյանի անգործության հետևանքով:

10377912_504475709681041_1617907975_o-320x246

Հայկ Խանումյան

Ըստ Հայկ Խանումյանի՝ Ս.Սարգսյանի համար ամենացանկալի կարգավիճակն այն է, որ լինի մոտավորապես այն, ինչ որ եղել է մինչև ապրիլի 2-ը, այսինքն՝ լինեն փոքր լարվածություններ, չվերածվի էական ռազմական գործողությունների.

«Այդ ամենն օգտագործի հասարակությանը ցույց տալու համար, որ մենք անվտանգության համար, բանակի համար ծախսեր ենք անում, դրանով ապահովելով գործող օլիգարխիկ տնտեսության համակարգը, ինչպես նաև որոշակի քաղաքական լեգիտիմություն, և շարունակի այն, ինչ շարունակում է, այսինքն մենաշնորհների, անձնական շահերի հետապնդումը: Նրա համար լավագույն միջոցը դա է: Ռազմական գործողությունները նշանակում են ֆորմալային իրավիճակ, սա նշանակում է, որ տնտեսությունը չի կարող աշխատել այնպես, ինչպես աշխատել է, նշանակում է, որ հստակ ծախսեր պետք է կատարվեն պաշտպանությունը կազմակերպելու ուղղությամբ: Նման վիճակը Ս.Սարգսյանի համար ամենաանձեռնտու վիճակն է»:

Մեկնաբանելով Ս. Սարգսյանի երեկվա հարցազրույցի վերջին հատվածը, թե ով համաձայն չէ տարածքների կորստի հետ, կարող է գնալ եւ վերադարձնել, Խանումյանն ասաց, որ անհասկանալի է իր համար Ս. Սարգսյանի այդ հայտարարությունը.

«Նա իրականությունից էր կտրվել, թե խոսքի ադեկվատության հետ խնդիր ուներ, կասկածներ են առաջացնում նրա հայտարարությունները»:

Մեր հաջորդ հարցին, թե Արցախի իշխանությունների լռությունն ինչով է պայմանավորված, համաձա՞յն են նրանք Ս.Սարգսյանի խոսքերի հետ, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց այսպես.

«Արցախում մի սովորություն կա. Արցախի իշխանությունները, խորհրդարանը և նախագահը հրապարակային չեն մեկնաբանում Հայաստանի իշխանություններին, նրանք դա անում են անմիջականորեն: Կարծում եմ դա արդարացված մոտեցում էր միայն մինչ ապրիլի 1-ը: Արցախի տարբեր ճյուղեր պետք է արդեն հրապարակային պատասխաններ տան Հայաստանի իշխանություններին»:

Ըստ արցախցի գործչի՝ ամենամարտավարական ու ռազմավարական նշանակություն ունեցող դիրքերից են հայկական կողմի կորցրած դիրքերը:

«Թալիշում կորցրած դիրքերը հնարավորություն չեն տալիս մի ամբողջ գյուղի վերադառնալ իրենց բնակավայրերը: Լուրջ խնդիրներ կան նաև այլ դիրքերի մատակարարումն ապահովելու տեսանկյունից, հետևաբար պետք է լինել ոչ ադեկվատ՝ նշելու համար, որ այդ դիրքերը որևէ ռազմավարական նշանակություն չունեն, ավելին, սա մեծ արհամարհանք է այդ դիրքերի պաշտպանության և անվտանգության համար զոհված մեր զինվորների հիշատակին»,- ասաց պատգամավորը:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...