Ամերիկա-չինական բախում. չեղարկում վերջին պահին

0

Չինական մամուլը հայտնել է, որ վերջին պահին չեղարկվել է Մեծ քսանի երկրների տեսավեհաժողովը, ինչի պատճառը եղել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հարցում ԱՄՆ ու Չինաստանի դիրքորոշումների տարբերությունը:

Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ն պնդում է, որ ԱՀԿ-ն կորոնավիրուսի հարցում թույլ է տվել սխալներ հօգուտ Չինաստանի, Չինաստանն ու այդ կառույցը թաքցրել են կարեւոր տեղեկություններ վարակի մասին, ինչը դժվար կացության առաջ է դրել մյուս երկրներին: ԱՄՆ սկսել է քննություն եւ դադարեցրել ԱՀԿ ֆինանսավորումը: Ավելին, պետքարտուղար Պոմպեոն հայտարարել է, որ Նահանգներն ընդհուպ կարող է դնել այդ կազմակերպության ղեկավարության փոփոխության նպատակ:

ԱՀԿ ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը սեմական ծագումով եթովպացի է, կառավարող ձախ մեծամասնության ներկայացուցիչ, որին Եթովպիայում մեղադրում են մարդու իրավունքների խախտման, կաշառառության եւ կոռուպցիայի, այդ գնով ԱՀԿ ղեկավարի պաշտոնը ստանձնելու համար: ԱՀԿ ղեկավարի պաշտոնում էլ Գեբրեյեսուսը աչքի է ընկել մի շարք կասկածելի ու սկանդալային քայլերով:

Չինաստանը կտրականապես հերքում է մեղադրանքներն ու սատարում ԱՀԿ ղեկավարությանը: Ահա այդ բախման վրա, ըստ չինական մամուլի, վերջին պահին տապալվել է վեհաժողովը, որը երկրորդն էր լինելու կորոնավիրուսային համաճարակի պայմաններում:

Վեհաժողովը ամենայն հավանականությամբ ավելի ուշ կկայանա, սակայն իրավիճակը իսկապես խորհրդանշական է, այն իմաստով, որ Վաշինգտոնն ու Պեկինը փաստորեն կամա, թե ակամա դրսեւորում են համաշխարհային քաղաքական ռեժիմի սահմանման կամ կառավարման յուրօրինակ գործընթաց:

Ըստ ամենայնի, դա լինելու է հետկորոնավիրուսային աշխարհ կոչվածի գլխավոր տրենդը, երբ Չինաստանը կհաստատվի երկրորդ բեւեռի կարգավիճակում, ինչն անկասկած իր հերթին նոր իրողությունների առաջ է դնելու ուժային այլ կենտրոնների, Եվրամիությանը, Ռուսաստանին: Խոշոր հաշվով, աշխարհքաղաքական խաղի դիրքավորումն ընթանալու է հենց այդ տիրույթում:

Հատկանշական է, որ այդ հանգամանքը արդեն իսկ բավականին տագնապալի արձագանք է ստացել Ադրբեջանում, արտահայտվելով այդ երկրի պրոպագանդայի տիրույթում: Այնտեղ բավական ցավոտ էին ընդունել Հայաստանին Չինաստանի օգնության, եւ արկղերի վրա Արարատի մասին գրառման հանգամանքը:

Չինաստանը հավակնում է Կովկասում ազդեցիկ խաղացող լինելու հեռանկարին, կարեւոր հենակետ դիտարկելով Հայաստանը, ինչի վկայությունը Երեւանում Չինաստանի՝ եվրասիական ռեգիոնում մեծությամբ երկրորդ իր դեսպանատունը կառուցելու հանգամանքն է: Հայաստանն այդ իմաստով առանցք դիտարկելու հանգամանքը անշուշտ պայմանավորված է այն պարզ իրողությամբ, որ ռեգիոնալ անվտանգության նոր համակարգը կառուցված է Հայաստանի հաղթանակի վրա:

Բաքվի համար անշուշտ խիստ անհարմար է լինելու, երբ Թուրքիային եւ Ռուսաստանին մրցակցություն է թելադրելու Չինաստանը, այդպիսով նպաստելով նաեւ Իրանի մրցունակությանը: ԱՄՆ, որպես անվտանգության գլոբալ խաղացող, ամենեւին դեմ չի լինելու Կովկասում ռեգիոնալ մակարդակի տերությունների մրցակցության մեծացմանը, որտեղ Վաշինգտոնը հավակնում է արբիտրի դերին:


Բաժանորդագրվեք և ստացեքհրապարակումների ծանուցումները