Լրահոս

ԱՄՆ դեսպանը առաջարկում է պատժել նրանց

 

Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան պարոն Ռիչարդ Միլսը երեկ բացառիկ հարցազրույցով հանդես եկավ: «Ա1+» հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում դեսպան Միլսը մի քանի կարևոր հարցերի վերաբերյալ խոսեց: Դեսպանի խոսքի ամենակարևոր հատվածը վերաբերվում էր կոռուպցիայի դեմ պայքարին:

«Ցանկացած երկրում, ցանկացած հասարակության մեջ կոռուպցիայի դեմ պայքարում հաջողության հասնելու համար կարևորվում է քաղաքական կամքը ամենավերին օղակից, օրենքների հավասար կիրառումը։ Վերջին մեկ տարվա ընթացքում, այն, ինչ հուսադրող է ինձ համար, այն է, որ Կառավարության կողմից լրջորեն գիտակցվում է կոռուպցիայի խնդիրը և նաև գիտակցվում է, որ հասարակությունը ցանկանում է, որ Կառավարությունն այդ խնդիրը կարգավորի։ Վարչապետի, փոխվարչապետի, Արդարադատության նախարարների, Դատախազի, Հատուկ քննչական ծառայության և մյուսների հետ մենք խոսել ենք այս հարցերի շուրջ»,-հեռուստաընկերության եթերում ասաց դեսպանը։

Այս առումով ԱՄՆ դեսպանը մեկ այլ հետաքրքիր դիտարկում իրականացրեց: Խոսելով կոռուպցիայի դեմ կառավարության պայքարի մասին ասաց. «Վարչապետի պաշտոնավարման ժամանակահատվածում տեսել ենք կոռուպցիայի հետ կապված գործեր դատավորների նկատմամբ։ Այդ գործերը դեռ քննության ընթացքում են, և դրանց վերջնական հանգուցալուծումը չկա։ Ուզում եմ նշել, որ պետք է լինեն այլ գործեր ևս՝ քաղաքական, տնտեսական ազդեցիկ կապեր ունեցող մարդկանց հետ, որոնք միգուցե ներգրավված են կոռուպցիայի հետ կապված գործերում»։

Սա իսկապես կարևոր հայտարարություն է: ԱՄՆ դեսպանը ակնարկում է, որ իշխանության բարձր օղակներում կան մեծ ազդեցություն ունեցող գործիչներ, որոնք ևս կարող են կապված լինել կոռուպցիայի հետ: Իհարկե դեսպանը դիվանագիտական կոռեկտությունից ելնելով է օգտագործում «միգուցե ներգրավված են կոռուպցիայի հետ կապված գործերում» արտահայտությունը և իր այդ հայտարարությունը իրականում մատնանշում է այն քայլը, որին սպասում է ԱՄՆ կառավարությունը Հայաստանի կառավարությունից:

Դեսպանը հստակ հայտարարում է, որ եթե ցանկանում եք ձեր գործողությունները համարվեն արդյունավետ, ապա պետք է քայլեր ձեռնարկեք օլիգարխների դեմ, որոնք էլ հիմնականում հանդիսանում են այս արատավոր համակարգի հիմնասյուները:

Իսկ ովքեր են Հայաստանում քաղաքական, տնտեսական ազդեցիկ կապեր ունեցող մարդիկ: Դրանք նույն իշխանության ներկայացուցիչներն են՝ Սամվել Ալեքսանյանը, Հակոբ Հակոբյանը, Գագիկ Խաչատրյան, Գագիկ Բեգլարյան, Ալեքսանդր Սարգսյան, Միրհան Պողոսյան և այլ  ՀՀԿ-ամերձ գործիչներ, որոնք օգտվելով քաղաքական լծակներից տնտեսական օգուտներ են ձեռք գցում:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing