Լրահոս

ԱՄՆ-ն գտել է Հայաստանը քրեա-օլիգարխիայից ազատելու տարբերակը

 

Հայկական ժամանակը տեղեկություն է հրապարակել, որ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը, պատրաստվում է արտագաղթել ԱՄՆ:

Թերթը գրում է, որ Սեդրակյանի երկու որդիներն արդեն արտագաղթել են:Մհեր Սեդրակյանը մոտ երկու տասնամյակ Հայաստանի համակարգի առանցքային ֆիգուրներից է, որը արձանագրել է սեփական ազդեցության դինամիկ վերելք:

Բայց վերջին ամիսներին սկսվեց Սեդրակյանի կտրուկ վայրէջքը: Նա «շնորհազրկվեց» ՀՀԿ-ում, աշխատանքից հեռացվեցին նրա որդին, որ զբաղեցնում էր Կադաստրի պետական կոմիտեի տեղակալի պաշտոնը, դուստրը՝ որ մանկարապտեզի տնօրեն էր, հեռացվեց նրա ազգականը, որ Մհերի հարազատ համայնքի՝ Էրեբունի վարչական շրջանի ղեկավարն էր: Մհեր Սեդրակյանը չհայտնվեց ՀՀԿ համամասնական կամ ռեյտինգային ցուցակում, միեւնույն ժամանակ չիրականացավ մամուլի հրապարակումը այն մասին, որ Սեդրակյանի որդին կարող է հայտնվել Ծառուկյան դաշինքում:Օրերս էլ մամուլը գրեց, որ Սեդրակյանի բիզնեսները հայտնվել են ՊԵԿ ուշադրության կենտրոնում:

Մհեր Սեդրակյանի հետ տեղի ունեցողը շատերը կապում են այսպես ասած իշխանության դեմքի փոփոխության հետ, երբ մի շարք օդիոզ կերպարներ մղվում են երկրորդ պլան:Սակայն Սեդրակյանի դեպքում բանն ըստ երեւույթին այլ է, քանի որ այստեղ ոչ թե երկրորդ պլան մղվելու, այլ գործնականում «օտարվելու» գործընթաց է: Իսկ այդպիսի գործընթաց կարող է լինել կամ Սերժ Սարգսյանի հետ անձնական խնդիրների պատճառով, կամ համակարգային խաղի կանոնի ֆինանսական կամ «բարոյական» որեւէ այլ խախտման դեպքում:

Այս դեպքում սակայն ուշագրավ է մեկ այլ բան, եթե Մհեր Սեդրակյանն իսկապես պատրաստվում է արտագաղթել եւ բիզնեսներն էլ տեղափոխել ԱՄՆ, իսկ որդիներն էլ արդեն հեռացել են ԱՄՆ:Մհեր Սեդրակյանն այն պատգամավորն է, որը մի առիթով հայտարարել էր, թե Հայաստանը չի կարող անկախ լինել, ինքնուրույն լինել եւ մեր «գլխին միշտ ինչ որ մեկը պետք է լինի», ինչից ելնելով էլ Սեդրակյանը հարցազրույցում եզրակացրել էր, որ ավելի լավ է դա լինի Ռուսաստանը:Ընդ որում, այդ մտածողությունն ամենեւին էլ միայն «սեդրակյանական» չէ, դա հայկական «էլիտայում» եւ նաեւ հանրային մի շարք շերտերում տարածված մտածողություն է, իհարկե խորքային մշակութաբանական պատճառներով ու արմատներով:

Ուշագրավը սակայն այն է, որ մարդիկ ցանկանում են մեր «գլխին» Ռուսաստանին ունենալ, բայց երբ որոնում են փրկություն կամ ելք, արտագաղթում են ԱՄՆ:Բայց, կրկնակի ուշագրավ է այն, որ նրանք ստանում են ԱՄՆ արտագաղթելու եւ իրենց կյանքն ու փողերը այնտեղ վայելելու հնարավորություն:

Ու դա այն դեպքում, երբ օրինակ Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը նույնիսկ զբոսաշրջային կարճատեւ ուղեւորության հնարավորություն չեն ստանում եւ գործնականում առանց որեւէ պատճառաբանության մերժվում են Հայաստանի օրինապահ քաղաքացիներ:Իսկ դա այն դեպքում, երբ ԱՄՆ մշտապես հանդես է գալիս Հայաստանում կոռուպցիայի, անօրինականության դեմ պայքարի, արդարացի կառավարման անցնելու կարեւոր կոչերով, նաեւ Հայաստանին հսկայական թե ֆինանսական, թե բարոյական աջակցություն ցուցաբերելով այդ ամենի համար:

Բայց ինչպե՞ս է պատահում, որ Հայաստանում այդ արատավոր երեւույթների հետ ասոցացվող, դրանց գրեթե «իրեղեն ապացույց» համարվող նախկին այս կամ այն պաշտոնյաներն ու համանման դեմքերը ստանում են ԱՄՆ-ում առոք-փառոք ապաստանելու իրավունք: Իսկ այդ մարդկանց թիվը կարծես թե բավական շատ է եւ վերջին շրջանում մամուլում հաճախ են տեղեկությունները, թե այս կամ այն նախկին բարձրաստիճան պաշտոնյան կամ պատգամավորը իր ընտանիքով, հարազատներով արդեն փաստացի բնակվում է ԱՄՆ-ում կամ պատրաստվում է տեղափոխվել:Ընդ որում, այնտեղ նրանք գնում են թանկարժեք տներ ու նաեւ բիզնեսներ:

Մյուս կողմից, ԱՄՆ երեւի թե այդպես օգնում է ոչ թե նրանց՝ ապահով հեռանալ Հայաստանից, այլ նրանց վերցնելով իր վրա՝ Հայաստանին է օգնում՝ ազատվել նրանցից:Կամ էլ գուցե մտածում են, որ այդ մարդկանց օրենքի դաշտ բերելու կամ օրենքի առաջ պատասխանատվության ենթարկելու միակ տարբերակը ԱՄՆ տեղափոխելն է, որտեղ նրանք, ի տարբերություն Հայաստանի, կամ խելոք կապրեն ամերիկյան օրենքի ենթակայությամբ, կամ կհայտնվեն ամերիկյան բանտում, եթե ԱՄՆ հետ փորձեն անել այն, ինչ արել են Հայաստանի հետ:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing