Լրահոս

ԱՄՆ-ն համառորեն հրաժարվում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը

 

Վրացական լրատվամիջոցները գրում են, որ ԱՄՆ Սենատը Կոնգրեսից հետո կարող է բանաձեւ ընդունել Վրաստանի տարածքային ամբողջականության մասին: ԱՄՆ-ում է գտնվում Վրաստանի բարձրաստիճան պատվիրակությունը, որը փորձում է հասնել Սենատի կողմից բանաձեւի ընդունմանը: Ընդունման հնարավորությունները մեծ են:

ԱՄՆ-ն բազմիցս բանաձեւեր է ընդունել Վրաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի տարածքային ամբողջականության պաշտպանության օգտին: Սակայն, ինչպես նկատում են Ադրբեջանում, ԱՄՆ-ն համառորեն չի պնդում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:2011 թվականին ադրբեջանական լոբբիստները Վաշինգտոնում փորձել են այնպես անել, որ Վրաստանի օգտին բանաձեւ ընդունած Սենատը ճանաչի նաեւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Ադրբեջանցիներն ավելի ուշ խոստավանել են, որ ԱՄՆ-ն Ուկրաինայի, Վրաստանի եւ Մոլդովայի դեպքում պաշտպանում է տարածքային ամբողջականությունը, իսկ Ադրբեջանի դեպքում անպայման խոսում է Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի մասին:Մեր կողմից ավելացնենք, որ ԱՄՆ բանաձեւերում Ուկրաինայի, Մոլդովայի եւ Վրաստանի դեպքում խոսվում է միջազգային ճանաչված սահմաններում այդ երկրների «ինքնիշխան իրավունքների իրացման» մասին, իսկ Ղարաբաղի դեպքում նշվում է ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը:Այս հարցով ԱՄՆ-ն հերթական բանաձեւն ընդունել է 2014 թվականի դեկտեմբերին: «Կոնգրեսը դատապարտում է Ուկրաինայի, Վրաստանի եւ Մոլդովայի դեմ Ռուսաստանի քաղաքական, տնտեսական եւ ռազմական ագրեսիան, ինչպես նաեւ դրանց ինքնիշխանության, անկախության եւ տարածքային ամբողջականության խախտումը», – նշված է բանաձեւում:

2017 թվականի մարտի 3-ին ԱՄՆ Կոնգրեսը եւս մեկ բանաձեւ է ընդունել ի աջակցություն Վրաստանի տարածքային ամբողջականության: Փաստաթղթի համաձայն՝ ԱՄՆ-ն չի ճանաչում Ռուսաստանի դե ֆակտո վերահսկողությունը Վրաստանի որեւէ հատվածի վրա: Մայիսի 7-ին նախագահ Դոնալդ Թրամփն օրենք է ստորագրել ԱՄՆ դաշնային բյուջեի մասին: Օրենքն ԱՄՆ ֆինանսների նախարարությանը պարտավորեցնում է անհրաժեշտ կանոններ մշակել միջազգային ֆինանսական ինստիտուտների համար, որ բացառվի Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը խախտող ցանկացած ծրագրի՝ վարկերի, պարտքերի, երաշխիքների իրականացումը: Ընդ որում, օրենքն արգելում է աջակցել աշխարհի որեւէ երկրի, որը ճանաչում է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը:

2017 թվականի հուլիսին էլ ընդունվել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքը, որում նշվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է Ռուսաստանին կոչ անի զորքերը դուրս բերել Վրաստանից, Ուկրաինայից ու Մոլդովայից եւ սահմանների վերահսկողությունը վերադարձնի այդ երկրներին:Դրանում կետ կա նաեւ, որ պետք է «Ռուսաստանի Դաշնության կառավարությանը զսպել Ուկրաինայում, ինչպես նաեւ Կենտրոնական ու Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի այլ երկրներում հետագա ապակայունացումից եւ ներխուժումից:2017 թվականի հունիսի 7-ին Ադրբեջանի անկախության օրվա կապակցությամբ Պետդեպարտամենտի հայտարարությունում ընդգծվում է ԱՄՆ ու Ադրբեջանի միջեւ ամուր գործընկերությունը:

Դրանում շեշտվում է, որ ԱՄՆ-ն հավատարիմ է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, եւ ոչ մի խոսք չկա տարածքային ամբողջականության մասին:Նույն օրն ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը անկախության օրվա առթիվ նմանատիպ շնորհավորանք է հղել Վրաստանին:Պետքարտուղար Թիլերսոնի խոսքով, ԱՄՆ-ն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը միջազգային մակարդակով ճանաչված սահմաններում, ինպես նաեւ ազատ ժողովուրդների համագործակցության շրջանակում սեփական ապագան ընտրելու իրավունքը:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing