ԱՄՆ-ն հաստատեց Արցախի ստատուս-քվոն

0

ԱՄՆ-ն պնդում է տարածաշրջանում Հայաստանի կայունացնող դերը
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն ԱՄՆ կառավարության անունից շնորհավորել է Հայաստանին անկախության 26-ամյակի կապակցությամբ: «Շնորհակալ ենք տարածաշրջանային կայունությանն ու միջազգային խաղաղարար առաքելություններին ձեր նվիրվածության համար: Բարձր ենք գնահատում այդ ջանքերը՝ կառուցելու ավելի խաղաղ աշխարհ», — հայտարարել է Թիլերսոնը:
Տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում Հայաստանի դերի մասին նշված է նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձում: «Շնորհավորում եմ հայ ժողովրդին ժողովրդավարության, անվտանգության և տարածաշրջանային կայունության հարցերում ունեցած առաջընթացի համար», — նշված է ուղերձում:
Ի՞նչ նկատի ունեն ԱՄՆ ղեկավարները՝ խոսելով տարածաշրջանային անվտանգության գործում Հայաստանի դերի մասին: Հատկանշական է, որ այս հայտարարությունները հնչում են նույն օրերին, երբ Ադրբեջանի նախագահ Ալիեւը Գլխավոր ասամբլեայի տրիբունայից փորձում էր հասնել նրան, որ Հայաստանի «ագրեսիան» դատապարտվի: Նա կոչ է արել պատժամիջոցներ ընդունել Հայաստանի դեմ, որը զորքերը դուրս չի բերում «Ադրբեջանի օկուպացված տարածքներից»:
Ի պատասխան՝ ԱՄՆ-ն ասում է, որ Հայաստանը ոչ թե խախտում, այլ ամրապնդում է տարածաշրջանային կայունությունը՝ դրանով մատնանշելով, որ հայկական ուժերի հաստատած ստատուս-քվոն սպառնալիք չէ տարածաշրջանային կայունությանը:
ԱՄՆ-ն, փաստացի, աջակցում է անվտանգության ոլորտում հայկական կողմի գործողություններին: Օրինակ, Արկադի Տեր-Թադեւոսյանի խոսքով, Ղարաբաղում ապրիլյան պատերազմից հետո սահմանները հուսալի ամրացվել են ժամանակակից ամերիկյան սարքավորումների շնորհիվ:
2014 թվականին ԱՄՆ-ն չէր թաքցնում, որ հայկական ուժերին օգնել է Ղարաբաղում խոցված հայկական ուղղաթիռի օդաչուների մարմինները տարհանելիս:
ԱՄՆ-ն փորձում է խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ եւ հարմար ալիքներ է փնտրում: Երեւանում է ամերիկացի կոնգրեսականների պատվիրակությունը, որոնք զբաղվում են հայկական շահերի լոբբինգով: Այդ կոնգրեսականները գրեթե ողջ կազմով կոկուսի անդամներ են, որը զբաղվում է ԱՄՆ ներքին քաղաքականության վրա ռուսական ազդեցության հետաքննությամբ: Կոնգրեսականները չեն թաքցնում, որ Ռուսաստանից Հայաստանի կախվածության պայմաններում ԱՄՆ-ում դժվար է Հայաստանի շահերի լոբբինգ անել:
Հայաստանի հետ կապեր հաստատելու ԱՄՆ կարեւոր ալիքներից մեկը կարող է դառնալ տնտեսական համագործակցությունը, եւ պատահական չէ, որ ԱՄՆ պետքարտուղարի երեք կին տեղակալները Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպմանը խոսել են տնտեսական համագործակցության ընդլայնման մասին:
ԱՄՆ-ն ցանկանում է ներդրումներն ուղղել էներգետիկ ոլորտ, ինչը կարող է միանգամից մի քանի հարց լուծել՝ եւ Հայաստանի տնտեսական զարգացումը, եւ Ռուսաստանից կախվածության թուլացումը, եւ տարածաշրջանի բացումը: Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը անգամ ներդրումների թիվ է հնչեցրել՝ 8 միլիարդ դոլար:
Հայաստանը, սակայն, չի արձագանքում այս առաջարկներին՝ փորձելով սլաքներն ուղղել բարձր տեխնոլոգիաների ոլորտ, որովհետեւ Ռուսաստանը չի մենաշնորհել այն:
ԱՄՆ-ն, սակայն, չի շտապում ներդրում անել Հայաստանի այդ ոլորտում, եւ պատճառները հասկանալի են: Այդքան զգայուն ոլորտում ներդրումներ անելու համար ԱՄՆ-ն պետք է վստահ լինի, որ ներդրումներն օգտագործվելու են սուվերեն նպատակների համար:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache