good-banner
Լրահոս

ԱՄՆ-ն կփակի՞ հայկական բանակի թիկունքը

 

arm146787885653

lragir.am — ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի վրացական այցի առանցքային բովանդակությունը, համենայն դեպս հայտարարություններից դատելով, ամերիկա-վրացական ռազմական գործակցությունն է: ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ Նահանգները միարժեք աջակցելու է վրացական բանակի արդիականացմանն ու Վրաստանի պաշտպանունակության բարձրացմանը: Դա տեղի է ունենում ՆԱՏՕ վարշավյան Վեհաժողովից առաջ, որտեղ ամենայն հավանականությամբ կներկայացվի կազմակերպության նոր ռազմավարությունը:
ՆԱՏՕ Վեհաժողովը առանցքային է դառնում ոչ միայն Արեւմուտք-Ռուսաստան դիմակայության շարունակման, այլ նաեւ բրիտանական հանրաքվեի ու Եվրամիության դիլեմայի ֆոնին:
Այդ իմաստով հատկանշական է մի քանի օր առաջ ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի հայտարարութունը բրիտանական հանրաքվեի կապակցությամբ: «Brexit-ի շուրջ քվեարկությունից հետո սկսվեց որոշ հիստերիա, կարծես ՆԱՏՕ-ն ինչ-որ տեղ կորավ, անդրատլանտյան դաշինքը տրոհվում է, իսկ յուրաքանչյուր երկիր պարփակվում է ինքն իր մեջ: Դա այն չէ, ինչ տեղի է ունենում», հայտարարել էր Օբաման, ընդգծելով հենց ՆԱՏՕ առանցքային դերակատարումը ստեղծված իրավիճակում:
Այդ իմաստով, բրիտանական հանրաքվեից հետո տեղի ունենալիչք ՆԱՏՕ Վեհաժողովը եվրաատլանտյան միջավայրի համար ստանում է վճռորոշ նշանակություն: Դա չի նշանակում, որ այնտեղ կլուծվեն բոլոր հարցերը, բայց Վարշավայի վեհաժողովը կնախանշի եվրատլանտյան հանրության առաջնահերթությունները:
Այդ իմաստով հետաքրքիր է՝ Քերիի հայտարարությունները Թբիլիսիում ենթադրում էին Վարշավայում Վրաստանի վերաբերյալ կարեւոր որոշումնե՞ր, դրանց ա՞զդն էին, թե՞ հակառակը՝ ԱՄՆ Վարշավայից առաջ կարեւոր քաջալերում հայտնեց Վրաստանին, որի վերաբերյալ Վարշավայի Վեհաժողովը կարող է չընդունել նոր առանցքային որոշում, քանի որ կան առավել առանցքային եւ կարեւոր ուղղություններ ու խնդիրներ:
Բոլոր դեպքերում, փաստը, որ ԱՄՆ Վարշավայի ՆԱՏՕ Վեհաժողովից առաջ Թբիլիսիում անում է այդպիսի կարեւոր ժեստեր, վկայում է Վրաստանի նշանակությունը եվրատլանտյան ռազմավարության ծիրում:
Ի դեպ, այդ համատեքստում հետաքրքիր է նաեւ այն, որ դրա ֆոնին տեղի է ունենում Օբամա-Պուտին հեռախոսազրույց, որտեղ ի թիվս աշխարհքաղաքական հարցերի, քննարկվել է նաեւ Արցախի հակամարտության կարգավորման գործընթացը, Պուտինը Օբամային պատմել է Սանկտ-Պետերբուրգի հանդիպման մասին, իսկ դրա դիմաց արժանացել Ռուսաստանի ջանքի գնահատման:
Ռուսաստանին կարող է դուր չգալ այն, որ ԱՄՆ բավական բաց տեքստով հայտարարում է Վրաստանի հետ ռազմական գործակցությունը խորացնելու եւ Վրաստանի պաշտպանունակությունը բարձրացնելու մտադրության մասին: Կդառնա՞ այդ հանգամանքը ռուս-ամերիկյան քննարկման առարկա: Կարո՞ղ է ԱՄՆ պահանջել Մոսկվայից չգնալ Արցախի գործընթացում անջատ գործողությունների, այդ դեպքում համաձայնելով շատ մեծ դինամիկա չհաղորդել Վրաստանի բանակի հետ հարաբերությանը խորացմանը:
Խոշոր հաշվով, Նահանգների համար վրացական բանակը «պահեստային» տարբերակն է կովկասյան ապագայի առանցքային՝ Արցախի խնդրի համար: Վրաստանում պաշտպանական գծի կազմակերպումը այն դեպքի համար է, երբ ռուս-թուրք-ադրբեջանական եռյակին կհաջողվի ճեղքել հայկական պաշտպանական գիծը, կամ կկազմակերպվի դրա ավելի ու ավելի իրական դարձող նոր փորձ:
Ընդ որում, այստեղ կա ուշագրավ մի զուգահեռ 2008 թվականի համեմատությամբ: Քերիի Վրաստան այցը եւ դրա ընթացքում արված պաշտպանական շեշտադրումները, ինչպես նաեւ Օբամա-Պուտին հեռախոսազրույցը տեղի են ունենում ռուս-թուրքական հաշտության կայծակնային գործընթացի ֆոնին: Ռուս-թուրքական հաշտությունը եւ ընդհանրապես հարաբերությունը դա 1921 թվականի ռուս-թուրքական մոսկովյան պայմանագիրն է, որով Ռուսաստանն ու Թուրքիան փաստացի պայմանավորվում են, որ Կովկասում չկա այլ սուբյեկտ՝ իրենցից բացի:
Այդ իմաստով ուշագրավ զարգացումներ էին տեղի ունենում 2008 թվականին, երբ Մոսկվան ու Անկարան սկսել էին բավական ինտենսիվ խորացնել ռազմավարական հարաբերությունը, որը երեք տարի անց պետք է պսակվեր հենց նախագահների մակարդակով մոսկովյան պայմանագրի 90-ամյակը նշելով: Ինչ էր տեղի ունենում 2008 թվականին: Հնգօրյա ռուս-վրացական օսական պատերազմ, որի հետեւանքով Ռուսաստանի զինուժը հասել էր գրեթե Թբիլիսի:
Ինչ կատարվեց զուգահեռ: Հունիսին Մոսկվայից Գյուլին ուղղված Սերժ Սարգսյանի հրավերը Թուրքիայի իշխանությունն ընդունեց մի քանի ամիս անց միայն՝ հենց օգոստոսին ռուս-վրացական պատերազմից հետո, երբ փաստացի ստեղծվել էր մի վիճակ, երբ գործնականում 90 տոկոսանոց իրականություն էր դարձել Ռուսաստանի վրացական ճեղքումը:
Այդ պայմաններում Թուրքիան ընդունեց Մոսկվայից երկու-երեք ամիս առաջ արված հայ-ռուսական հրավերը, որն իր բովանդակությամբ ենթադրելու էր արդեն հայկական ճեղքում, իհարկե խաղաղ տարբերակով: Սերժ Սարգսյանը Գյուլին հրավիրել էր նույնիսկ ներգրավվել ղարաբաղյան խնդրի կարգավորմանը:
Փաստացի, 8 տարի առաջ ռազմական ճեղքումը որոշվեց իրականացնել Վրաստանով, ակնկալելով դրանով նաեւ հասունացնել հայկական ուղղությամբ դիվանագիտական ռուս-թուրք-ադրբեջանական ճեղքումը:
Դա չստացվեց՝ ԱՄՆ թույլ չտվեց Ռուսաստանին անցնել վրացական ճեղքման վերջին 10 տոկոսը, ռուսական զինուժը հեռացավ Թբիլիսիից եւ քաշվեց աբխազ-օսական գծից անդին, իսկ հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտությունը բարեհաջող մղվեց փակուղի, որպես հետեւանք փակուղի մտցնելով նաեւ կազանյան պլանը:
2016 թվականի ապրիլին փորձ արվեց ԽՍՀՄ փլուզումով եւ արցախյան առաջին պատերազմի հայկական հաղթանակով երերված ռուս-թուրքական պայմանագրի ուժը վերականգնելու համար անհրաժեշտ անմիջական ռազմական ճեղքումն իրականացնել արդեն հենց հայկական պաշտպանական գծի ուղղությամբ: Հայկական բանակը կասեցրեց այն, թույլ չտվեց ճեղքել ավելի, քան 800 հեկտարը: Այսինքն, ի տարբերություն 8-ամյա վաղեմության ռուս-վրացական տարբերակի, այս դեպքում ստացվեց ոչ թե 90 տոկոսը եւ չստացվեց տասը, այլ հակառակը՝ ստացվեց 10-ը եւ չստացվեց 90 տոկոսը:
Դրան հաջորդող ռուս-թուրքական բռնկուն հաշտությունը հուշում է, որ նախապատրաստվելու է ճեղքման երրորդ փորձը: Ընդ որում, հնարավոր է շատ ավելի լայն դիապազոնով, ներառյալ Ղազախստանն ու Իսրայելը, քանի որ այս դեպքում կա նաեւ Իրանի արգելափակման խնդիր, որի միջուկային ծրագրի հարցում Արեւմուտքի հետ համաձայնությունը Կովկասում ստեղծել է նոր իրավիճակ եւ հեռանկար, Իրանը դարձնելով տարածաշրջանային զարգացումներում ավելի կենսունակ եւ մրցունակ սուբյեկտ:
Այդ ֆոնին, ԱՄՆ փաստացի հայտարարում է Վրաստանում պաշտպանական գիծ կառուցելու մտադրության մասին: Դա անկասկած կզսպի Վրաստանում նոր ճեղքման փորձը: Իսկ բավարար կլինի՞ զսպելու այդպիսի փորձը նաեւ Արցախի ուղղությամբ: Թեեւ, այստեղ իհարկե կանգնած է հայկական բանակը, որը գործնականում ցուցադրել է իր մարտունակությունն ու անգամ ամենաբարդ վիճակում խնդիրներ լուծելու կարողությունը:
Ապրիլյան պատերազմը եւ դրան հաջորդած իրադարձությունները ցույց տվեցին, որ հայկական բանակի խնդիրը ոչ թե պաշտպանունակությունն է՝ անգամ տնտեսա-քաղաքական խայտառակ կառավարման պայմաններում, այլ ռազմա-քաղաքական համարժեք թիկունքի բացակայությունը՝ անարժանապատիվ եւ անինքնիշխան դիվանագիտական աշխատանքի հետեւանքով:
Վրաստանում կառուցվող ամերիկյան կամ եվրատլանտյան պաշտպանական գիծը կարող է դառնալ Կովկասի պաշտպանական առաջնագծում կանգնած հայկական բանակի ռազմա-քաղաքական թիկունքը: Այն, ինչ համառորեն չի անում հայկական դիվանագիտությունը, Վրաստանում կարող է փոխհատուցվել գոնե ամերիկյան դիվանագիտության ջանքով: Դա բխում է ամերիկյան շահից, այն ներկայում էապես համընկնում է Հայաստանի շահին ու անվտանգությանը:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am