Լրահոս

ԱՄՆ-ն սառեցրեց Արցախի խնդիրը

 

arm147522025259

lragir.am — ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Վաշինգտոնում տեղի ունեցած ամենամյա ֆորումի ընթացքում հայտարարել է, որ չկան Արցախի հակամարտության կարգավորման պայմաններ: Նա ասել է, որ աշխարհում կան սառեցված մի շարք հակամարտություններ, այդ թվում արցախյանը, որոնցում ներկայում չի դիտարկվում կարգավորման տրամաբանությունը:
ԱՄՆ պետքարտուղար Քերին փաստորեն հայտարարում է Արցախի հակամարտության սառեցման մասին, ինչն այլ կերպ նշանակում է ստատուս-քվոյի պահպանություն: Բանն այն է, որ Արցախի հակամարտության կարգավորում, որպես այդպիսին, գոյություն չունի, եւ Միացյալ Նահանգներն օրինակ թերեւս շատ լավ է գիտակցում այդ հանգամանքը: Կարգավորումը պատերազմն է, ինչն ակնհայտ դարձավ ապրիլին: Բանն այն է, որ մինչ այդ ԵԱՀԿ Մինսկի խումբը ստանձնել էր Արցախի հակամարտության սառեցման, փաստացի ստատուս-քվոյի ամրագրման եւ պահպանման առաքելությունը:
Վերջին տարիներին սակայն ակնհայտ դարձավ այդ խմբում Ռուսաստանի անջատական ջանքը` գալ կարգավորման ինչ որ տարբերակի: Մոսկվան մշակեց եւ կողմերին ներկայացրեց այսպես ասած կազանյան պլանը, մի քանի տարի շարունակ ինտենսիվորեն փորձելով ներդնել այդ պլանը, զուգահեռ ջանքեր գործադրելով Հայաստանի ինքնիշխանությունը ջլատելու եւ դիմադրունակությունը կազմաքանդելու ուղղությամբ, դրա համար օգտագործելով թե իշխանությանը, եւ թե ոչիշխանական ուժերին` վերջիններին թերեւս ավելի շատ եւ խորը:
Այդ ամենն ի վերջո հանգեցրեց փակուղու, մեծացրեց Բաքվի ագրեսիվ տրամադրվածությունը եւ բերեց ապրիլի պատերազմի, որը դիտարկվեց կազանյան պլանն իրականացնելու միակ գործնական կամ իրատեսական տարբերակ:
Բայց այդ տարբերակը չաշխատեց` հայկական զինված ուժերի աներեւակայելի սխրանքի շնորհիվ: Թվում էր, թե անցնող տարիներին արվել էր ամեն ինչ Հայաստանը թուլացնելու համար, բոլոր առումներով, սակայն պարզվեց, որ Հայաստանն ունի «գաղտնի զենք», որն էլ հանրային համախմբումն էր զինված ուժերի շուրջ եւ զինվորի ու սպայի հերոսությունը: Արդյունքը եղավ այն, որ Ռուսաստանից միլիարդավոր դոլարների ռազմա-տեխնիկական աջակցությամբ եւ ռազմա-քաղաքական նպաստավոր պայմաններով Ադրբեջանը չկարողացավ լուծել իր մարտական հիմնական խնդիրները եւ ստիպված էր Մոսկվային խնդրել, որ կանգնեցնի հայերին:
Մոսկվան արեց դա, կատարեց «կազանյան դարաշրջանի» փաստորեն վերջին դաշնակցային պարտավորությունն Ադրբեջանի հանդեպ, փրկելով Բաքուն պատերազմի արդեն ռազմական անդառնալի հետեւանքից:
Բայց դիվանագիտական-քաղաքական հետեւանքից Բաքվին փրկել Մոսկվային փաստորեն չհաջողվեց, թեեւ իհարկե Մոսկվան գործադրեց այդ ջանքը` նախ Մեդվեդեւի, հետո Լավրովի տարածարջանային այցերով, այսպես ասած լավրովյան պլանի փորձով, սակայն ապրիլի պատերազմում հայկական զինուժի փաստացի հաջողությունը բերեց նրան, որ Հայաստանի դիվանագիտական-քաղաքական ղեկավարությունը այլեւս պարտավոր էր առավել հստակ եւ բացահայտ դիմադրել մոսկովյան այդ փորձերին: Իսկ քանի որ Մոսկվան մի շարք թե աշխարհքաղաքական, թե նաեւ ապրիլյան պատերազմական գործոնների ազդեցությամբ հայտնվել էր փակուղային վիճակում, չուներ բավարար ներուժ Հայաստանի իշխանության վրա վճռորոշ ճնշում բանեցնելու եւ այդպիսով Ադրբեջանի համար ապրիլի պատերազմի դիվանագիտական-քաղաքական հետեւանքներն էլ կանխելու կամ չեզոքացնելու համար:
Մոսկվան առավելագույնը սկսեց զբաղվել այդ պատերազմում Ադրբեջանի կողմից եկող իր հետքերը հնարավորինս վերացնելով, թեեւ դրանք այնքան խորն են, որ փոսերը հնարավոր չէ լցնել նույնիսկ մատակարարված Իսկանդերներով:
Ի վերջո, ռուս-ադրբեջանական նախաապրիլյան դաշնակցությունը հետապրիլյան շրջանում հարկադրված էր բավարարվել ընդամենը նվազագույն խնդիրներ լուծելու նպատակադրմամբ, որոնց թվում առաջնայինը հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմների ներդրման համատեղ դիմադրությունն է, քանի որ այդ մեխանիզմները փաստացի նշանակելու են Ադրբեջանի եւ Արցախի սահմանի միջազգային ճանաչում, իհարկե անուղղակի: Հետեւաբար՝ նաեւ անուղղակիորեն Արցախի սուբյեկտության միջազգային ճանաչում, քանի որ եթե այդ մեխանիզմի մի կողմում Ադրբեջանն է, ապա մյուս կողմում բնականաբար պետք է ընդունվեր արդեն Արցախի որոշակի սուբյեկտային գոյությունը` անգամ որպես պետություն դե յուրե չճանաչվածության պայմաններում:
Բայց, անգամ անվտանգության մեխանիզմի ներդրման եվրատլանտյան ջանքին ռուս-ադրբեջանական համատեղ դիմադրության որոշակի հաջողությամբ հանդերձ, ապրիլի պատերազմում հայկական զինուժը պարտադրեց, որ Բաքուն եւ Մոսկվան առժամանակ հրաժարվեն կարգավորման որեւէ պլանի մտքից: Ի դեպ, դրա մասին է վկայում նաեւ այն, որ ապրիլից հետո Ալիեւն Ադրբեջանում փաստորեն ձեռնամուխ եղավ իր իշխանության սահմանադրական վերակազմակերպմանը, ինչը տեւական գործընթաց է եւ նշանակում է, որ Ալիեւի համար փոխվել է առաջնահերթությունը:
Այդպիսով, ապրիլի պատերազմը խորքային առումով վճռորոշ նշանակություն ունեցավ արցախյան հակամարտության հեռանկարի համար: Ընդ որում, այն պատերազմ է նաեւ հենց դրանով` իր թողած քաղաքական եւ աշխարհքաղաքական ազդեցությամբ, քանի որ ռազմական գործողությունների բնորոշումը թերեւս չի կարող պայմանավորված լինել լոկ ֆիզիկական ծավալներով կամ զինատեսակների տրամաչափով ու ծանրությամբ, այլ նաեւ դրանց քաղաքական, աշխարհքաղաքական մասշտաբով եւ ռազմա-քաղաքական ազդեցությամբ:
Եվ այդ իմաստով ապրիլը պատերազմ էր, որը ստեղծեց բոլորովին նոր իրավիճակ` դրանից առաջ կարգավորման ռուս-ադրբեջանա-թուրքական ջանքով նենգափոխված իրականությունը վերադարձնելով համեմատաբար կայուն միջավայր եւ ռազմական դիվանագիտության հեռանկարը դրա ջատագովների եւ հետեւորդների համար մտցնելով համապատասխան փակուղի:
Ավելին, թերեւս բացառված չէ, որ հենց այդ նկատառումով էլ Մինսկի խմբի մյուս համանախագահները, մասնավորապես Միացյալ Նահանգները, գործնական եւ աշխույժ ջանք չեն գործադրել ապրիլի պատերազմը կանխելու համար: Այդ առումով հատկանշական է, որ Ալիեւը գործնականում հենց Միացյալ նահանգներում իր գտնվելու ընթացքում սկսեց գրոհը Արցախի վրա: Այդ հանգամանքը շատերն էին նկատել եւ արձանագրել, առաջ բերելով հարցեր, թե արդյոք Նահանգները կարող էին տեղյակ չլինել նրա մտադրությանը, թե ինչպես է նա համարձակվել:
Մյուս կողից, հիշարժան է, որ Ալիեւին Վաշինգտոն հրավիրել էին միջուկային անվտանգության Վեհաժողովին մասնակցելու համար: Այդ հրավերի բուն ենթատեքստը դիտարկվում էր հրադադարի պահպանման մեխանիզմի ներդրման հարցում առաջընթացի հասնելը: Վաշինգտոնը դեռեւս ապրիլի պատերազմից առաջ փորձում էր այդ մեխանիզմի գաղափարն առաջ մղելով թուլացնել անընդհատ աճող եւ անխուսափելի պատերազմի մոտեցող լարվածությունը, որ ռուս-ադրբեջանական դաշնակցության հետեւանքն էր:
Բացառված չէ, որ ի վերջո կայացվեց որոշում, որ պատերազմն անխուսափելի է եւ այն կանխելու փորձերի փոխարեն, գուցե պետք է չխանգարել դրան, հենց դրա միջոցով իրավիճակը լիցքաթափելու եւ արդեն կայուն միջավայրի նոր հեռանկարի ձեւավորման առավել արդյունավետ գործընթաց սկսելու համար: Ի դեպ, այդ առումով արժե նկատել, որ վերջին տարիներին եվրատլանտյան հանրությունը, Միացյալ Նահանգները բավական աշխուժացրել էին ուշադրությունը հայկական զինուժի հանդեպ եւ ըստ երեւույթին եկել եզրակացության, որ հայկական զինուժը լիովին ի վիճակի է անգամ Ռուսաստանի խախտած հավասարակշռության պայմաններում դիմադրել եւ կասեցնել Ադրբեջանին, կամ փաստացի պարտության մատնել` թեկուզ համեմատության մեջ:
Ըստ այդմ, Ադրբեջանին թույլ է տրվել կատարել սխալը, գուցե նույնիսկ ճակատագրական սխալը, այդպիսով փակուղի մղելով թե իր ռազմատենչությունը, թե դա հասունացնող Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականությունը, ստեղծելով Արցախի թեժացած հակամարտությունը վերստին սառեցնելու եւ իրավիճակը թեկուզ համեմատաբար կայունացնելու համար առավել նպաստավոր իրավիճակ, ինչն էլ փաստացի արձանագրում է այժմ ԱՄՆ պետքարտուղարը:
Այստեղ խնդիրն այն է, որ Հայաստանն էլ չկատարի ճակատագրական սխալ` ինչպես կատարեց առաջին պատերազմից հետո, եւ ապրիլից հետո գոնե իրականացնի պետական արդիականացման սկզբունքային եւ հետեւողական քաղաքականություն, փոխելով Հայաստանի քաղաքակրթական նկարագիրը, բնույթը, որակը եւ այդպիսով էլ ավելի ամրացնելով տարածաշրջանային կայունության եւ խաղաղության հեռանկարը:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...