Լրահոս

ԱՄՆ-Ռուսաստան դիմակայության «շփման գիծը» կանցնի՞ Ղարաբաղով

 

Մանիլայում ԱՍԵԱՆ-ի ֆորումի շրջանակում հանդիպել են Ռուսաստանի եւ ԱՄՆ արտաքին գործերի նախարարները, որի ժամանակ «հաշտվելու» նոտաներ են հնչել: Մասնավորապես, Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ Ռուսաստանը «որոշակի պատրաստակամություն» է ցույց տվել ուկրաինական հակամարտության լուծման շուրջ բանակացությունների հարցում:
Լավրովն ասել է, որ կողմերն անհրաժեշտ են համարել պրագմատիկ, ապաքաղաքականացված երկխոսություն սկսել փոքր եւ միջին հեռահարության հրթիռների վերաբերյալ: «Ինձ թվաց, որ պետքարտուղարի հետ ըմբռնում ենք գտել», – ասել է Լավրովը:
Ամերիկա-ռուսական հարաբերությունները կարեւոր են Հայաստանի համար նախ եւ առաջ այն պատճառով, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը ղարաբաղյան կարգավորման գլխավոր դերակատարներն են: ««Իրականում մենք ուշի ուշով հետևում ենք բոլոր զարգացումներին: Այդ խաղացողների հետ, որոնց հարաբերությունները սրվել են, մենք ոչ միայն երկուսի հետ ունենք հարաբերություններ, այլ երկուսն էլ Մինսկի խմբի համանախագահներ են», – ասել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Փաստացի, Մինսկի խմնի համանախագահներից մեկը կոշտ պատժամիջոցներ է ընդունում մյուսի դեմ: Դժվար է ասել, թե ղարաբաղյան կարգավորման շրջանակում ինչպես է ստացվում երկխոսությունը պահպանել:
Մինչ այժմ ԱՄՆ-ի պատժամիջոցներին եւ «պատժի» մյուս միջոցներին Ռուսաստանում խոստանում էին պատասխանել, Մոսկվան անգամ «անհամարժեք պատասխան» է տվել, որից տուժել են Ռուսաստանի քաղաքացիները: Օրինակ, արգելք է դրվել ամերիկացիների կողմից Ռուսաստանում երեխաներ որդեգրելու վրա:
Այս անգամ Ռուսաստանի արձագանքն անսովոր անաղմուկ էր, արձագանք ընդհանրապես չկար, եթե հաշվի չառնենք ամերիկացի դիվանագետների թվի կրճատումը: Լավրովն ավանդաբար զենք չի ճոճել, Շոյգուն չի հայտարարել Սիրիայում «Կալիբր» հրթիռներով նոր հարվածների մասին:
Կարելի՞ է պնդել, որ Ռուսաստանը եզրահանգել է, որ եկել է ԱՄՆ հետ հաշտվելու ժամանակը: Ի՞նչ պայմաններով են Պուտինն ու Լավրովը ճանաչում ԱՄՆ առաջատարությունը եւ համաձայնվում ամերիկյան ծրագրերին բոլոր տարածաշրջաններում:
Շուտով Ռուսաստանում նախընտրական շրջան է, եւ բուրյաթ ֆերմերն արդեն խնդրել է Պուտինին դիտարկել նորից առաջադրվելու հնարավորությունը: Պուտինը խոստացել է մտածել, սակայն դրա համար անհրաժեշտ է գոնե ժամանակավոր թուլացնել ԱՄՆ հետ առճակատումը նախ եւ առաջ յուրային օլիգարխներին հանգստացնելու համար:
Թիլերսնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չպետք է վերջնականապես փչացնի հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն հայտնի չէ, թե ինչ կարծիք ունի Կոնգրեսը, որտեղ մեծանում է Մաքքեյնի ազդեցությունը, ով կարծում է, որ Ռուսաստանին ու Պուտինին պետք է խիստ պատժել:
Ղարաբաղյան կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբն իրոք մնում է միակ հարթակը, որտեղ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համագործակցում են, գոնե հավասարակշռում են միմյանց: Փորձագետները բազմիցս կարծիք են հայտնել, որ Մինսկի խումբն ու ղարաբաղյան հակամարտությունը կարող են ամերիկա-ռուսական հարաբերությունների վերափոխման հարթակ դառնալ:
Հարաբերությունների վերջնական վատթարացումը եւ առճակատումը կարող են հանգեցնել Մինսկի ձեւաչափի փլուզման եւ ղարաբաղյան հակամարտության գոտում Ռուսաստանի եւ ԱՄՆ «անջատ» քայլերի: Հաշտությունը նույնպես կարող է ազդել ղարաբաղյան հակամարտության վրա. կարող է «ազդեցության գոտիների նոր բաժանումը» Հարավային Կովկասում փորձարկելու գայթակղություն առաջանալ:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing