ԱՄՆ. Թուրքիան վախենալու հիմքեր ունի

0

lragir.am — Հայաստանի արտաքին գործերի նախկին փոխնախարար, դեսպան Արման Նավասարդյանը կարծում է, որ ԱՄՆ վերջնական նպատակը ռազմական գործողությունները Սիրիայից Թուրքիայի տարածք տեղափոխելն ու երկրի մասնատումն է: Դեսպանն այդ մասին խոսել է՝ մեկնաբանելով Վաշինգտոնի դիրքորոշումը Սիրիայի քրդերի դեմ թուրքական ուժերի գործողությունը:

Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը նշել է, որ Թուրքիան վախենալու բան ունի: Նա ընդգծել է, որ «անվտանգության հարցերում Անկարայի մտահոգությունը հիմնավոր է»: ԱՄՆ-ն փաստացի «հասկանում է», որ Թուրքիային վտանգ է սպառնում քրդերից:

Թուրքիան ԱՄՆ-ին տեղյակ է պահել Վաշինգտոնից աջակցություն ստացող քրդական ջոկատներին հարվածելու մասին, հայտնել է Ջեյմս Մեթիսը: Նա սակայն չի նշել, թե արդյոք ամերիկացի զինվորականները թուրքերին խորհուրդ են տվել չիրականացնել մտադրությունը:Ընդ որում, Մեթիսը նշել է, որ Սիրիայում քրդական ջոկատներն ապացուցել են իրենց արդյունավետությունը: «Նրանք մարդկային հազարավոր կորուստներ են ունեցել, սակայն… կոալիցիայի աջակցությամբ ջախջախել են ԻՊ խալիֆայությունը, եւ սա թվաբանության հարց է», ասել է նա:

Պենտագոնի ղեկավարը ասել է սակայն, որ ԻՊ դեմ պայքարում հաջողությունը չի նպաստել Թուրքիային անհանգստացնող բազմաթիվ հանգամանքների վերացմանը: Նա նշել է, որ դժվար չէ հասկանալ՝ Անկարան վախենում է, որ կոնֆլիկտը կտարածվի Սիրիայի սահմանից դուրս:

Թուրքիան կկարողանա՞ այնպես անել, որ հակամարտությունը Սիրիայի սահմաններից դուրս չգա: Այս հարցը, թերեւս, մտահոգում է տարածաշրջանի բոլոր դերակատարներին: Վաշինգտոնը, ճանաչելով Թուրքիայի անհանգստանալու «իրավունքը», միեւնույն ժամանակ չի հայտարարում քրդերին աջակցությունը դադարեցնելու մասին եւ «երաշխիք» չի տալիս, որ հակամարտությունը չի տարածվի Թուրքիայում:

Ռուսաստանի դիրքորոշումը նույնպես միանշանակ չէ. Սերգեյ Լավրովն ԱՄՆ-ին մեղադրել է Սիրիայի քրդերին «անկանոն զինելու» մեջ, միեւնույն ժամանակ Ռուսաստանն իր զորքերը դուրս է բերել մարտական գործողությունների շրջանից՝ կարծես թե թույլ տալով Թուքիային ավելի խրվել Սիրիայում:

Այսօր ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսն սկսել է մերձավորարեւելյան շրջագայությունը: Նա նախ կայցելի Իսրայել: Թուրքիան շրջագայությունում չկա, սակայն ակնհայտ է, որ Փենսը պետք է ԱՄՆ դիրքորոշումը ներկայացնի Սիրիայում Թուրքիայի գործողության նկատմամբ: Հիշեցնենք, որ ավելի վաղ Փենսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պաշտպանելու է Մերձավոր Արեւելքի քրիստոնյա փոքրամասնություններին:

 



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache