ԱՄՆ զգուշացումը Սամվել Կարապետյանին. նա չի «մարսել» մեսիջը

0

Վարչապետ Կարեն Կարապետյանը հունվարի 30-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի դեսպանին ու քննարկել երկկողմ տնտեսական հարաբերությունը, հեռանկարները, խոսել չինական ներդրումներով Հայաստանի շահագրգռության մասին:

Չինաստանի դեսպանի հետ Կարեն Կարապետյանի հանդիպումը խորհրդանշական է Միացյալ Նահանգներում Կրեմլի ցուցակի հրապարակումից հետո, որի մեջ առկա է նաեւ ամենահարուստ հայի՝ ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանի անունը: Այդ ցուցակը ներառում է մարդկանց, որոնք այս կամ այն կերպ առնչվում են Պուտինին, կամ նրանց այսպես ասած «առնչեցնում» է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը, համարելով, որ այդ մարդիկ պոտենցիալ պատժամիջոցների պոտենցիալ թիրախ են:Այդպիսով, Սամվել Կարապետյանը ԱՄՆ պոտենցիալ թիրախ է:

Զուտ տեսականորեն քիչ հավանական է, որ Կարապետյանը առաջիկայում դառնա իրական թիրախ, թեեւ դա թերեւս կախված է նրա վարքից: Սակայն, ԱՄՆ անգամ պոտենցիալ թիրախի դերում հայտնվելը հազիվ թե որեւէ մեկի համար լինի հաճելի կամ հուսադրող հեռանկար:Սամվել Կարապետյանը վարչապետ Կարեն Կարապետյանի հենարանն է՝ իր նախաձեռնած Հայաստանի ներդրողների ակումբով: Եթե Սամվել Կարապետյանը պոտենցիալ թիրախ է, ապա Կարեն Կարապետյանն այդ առումով դառնում է պոտենցիալ ենթաթիրախ:Այդ իրավիճակում էլ խորհրդանշական է դառնում Կարեն Կարապետյանի հանդիպումը Չինաստանի դեսպանի հետ: Ըստ երեւույթին, Կարապետյանները Կրեմլի ցուցակի հրապարակումից հետո որոշում են աշխուժորեն աշխատել այլընտրանքի ուղղությամբ: Չի բացառվում, որ այլընտրանք է փնտրում Կարեն Կարապետյանը՝ Սամվել Կարապետյանի ու ներդրողների ակումբի այլընտրանք:Այս դեպքում թերեւս հիշարժան է հին ու բարի մի անեկդոտ, որ պատմում էր անեկդոտների վարպետ Նիկուլինը:

Կրկեսի հաղորդավարը մի փոքրիկ տղայի հետ դուրս է գալիս ասպարեզ ու հայտարարում, թե՝ պարոնայք, այդ տղան ունի ֆենոմենալ հիշողություն, հիմա նա կմիզի ամբողջ առաջին շարքի վրա: Առաջին շարքի նստածները տեղից նետվում են դեպի այլ շարքեր: Հաղորդավարը հայտարարում է՝ պարոնայք, իզուր եք ջանում, ես ասացի՝ այս տղան ունի ֆենոմենալ հիշողություն:ԱՄՆ թերեւս ունի ֆենոմենալ հիշողություն, եւ ջանքերն իզուր են: Իհարկե, շատ կարեւոր է աշխատել Հայաստան չինական ներդրումներ ներգրավելու ուղղությամբ, ընդհանրապես Չինաստանի ուղղությամբ, որպես ոչ միայն տնտեսական, այլ ռազմա-քաղաքական գործընկեր:Սակայն, տվյալ պարագայում Չինաստանն այլ սինֆոնիա է, եւ դրա հնչողությունը կախված է այն բանից, թե Հայաստանն ինչպիսի հարաբերություն կկառուցի Արեւմուտքի հետ:Այդ տեսանկյունից, Սամվել Կարապետյանին ճանապարհը ցույց են տվել անցյալ տարվա նոյեմբերին, երբ նա հայտարարում էր 1 միլիարդ դոլարի ներդրումային ծրագրի մասին, իսկ այդ արարողությանը ներկա էր Հայաստանում ԱՄՆ դեսպանը:

Հազիվ թե Կարապետյանի մասին ԱՄՆ կարծիքը փոխել է դրանից հետո: Խնդիրն այն է, որ ԱՄՆ դեսպանի միջոցով ցույց է տվել ճանապարհը կամ գործակցության տրամաբանությունը: Ի դեպ, Սամվել Կարապետյանի ներդրումային այդ ծրագրին մասնակցելու է նաեւ ամերիկյան հայտնի ընկերություններից մեկը, որը մասնագիտացած է թունելագործության ոլորտում: Ընկերությունը ներդրում է կատարելու Շնող ՀԷԿ նախագծում, եւ դա կլինի ամերիկյան երկրորդ խոշոր ներդրումը Հայաստանում, Որոտանի կասկադից հետո:Կարապետյանն այդ իմաստով ըստ երեւույթին դիտարկվել է Հայաստանի արդիականացման, տնտեսական կարողությունների գեներացման հարցում թե հայ-ամերիկյան, թե ամերիկա-ռուսական գործակցության յուրօրինակ փոխզիջումային խորհրդանիշ:

Դրանից մի քանի ամիս անց Կարապետյանն ԱՄՆ ֆինանսների նախարարության հրապարակած «Կրեմլի ցանկում» է: Ըստ երեւույթին, Կարապետյանը չի «մարսել» քաղաքական մեսիջը, որ ԱՄՆ դեսպանի մակարդակով ուղղվել է 1 միլիարդի շնորհանդեսին:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache