Լրահոս

ԱՄՆ զգուշացումը վարչապետին. Թե ինչ է լինում այդ դեպքում՝ գիտե Հովիկ Աբրահամյանը

 

Հայաստանի հետընտրական անդորրը խանգարած ՍԱՍ գրուպի «նախընտրական ժողովի» ձայնագրության ի հայտ գալն ու դրան հետեւող արձագանքները բացում են մի շարք կարեւոր շերտեր, որոնք առնչվում են ոչ միայն բուն ընտրական գործընթացին ու դրա օրինականությանը:Այդ շերտերից մեկն արտացոլվեց իրադրության վերաբերյալ ԱՄՆ դեսպանատան արձագանքում, որտեղ ողջունվում էր հրապարակված ձայնագրության փաստի հանդեպ Գլխավոր դատախազության ուշադրությունը եւ քննություն սկսելու մասին հայտարարությունը:

Դեսպանատան հայտարարության մեջ ուշագրավ էր վարչապետ Կարեն Կարապետյանի անվան հիշատակումը: «Այս բնույթի արժանահավատ ու թափանցիկ քննությունները համահունչ են փետրվարի 9-ին վարչական ռեսուրսի օգտագործման դեմ Վարչապետի հնչեցրած նախազգուշացման հետ: Մենք հավատացած ենք, որ կառավարությունը կապահովի, որպեսզի չլինեն հակընդդեմ մեղադրանքներ կամ հաշվեհարդար որեւէ անձի կամ կազմակերպության դեմ, որը քննությանը կներկայացնի արժանահավատ տեղեկություններ», ասված է ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ:

Վարչապետ Կարապետյանի հիշատակումը պարունակում է բավական նուրբ ակնարկ, մի կողմից աջակցություն վարչապետին, մյուս կողմից՝ նախազգուշացում նրան:ՍԱՍ-ի Արտակը ՀՀԿ այսպես ասած ռեյտինգային թեկնածուներից է: Ռեյտինգային թեկնածուներն են, որ ապահովել են ՀՀԿ միանձնյա մեծամասնությունը խորհրդարանում: Միեւնույն ժամանակ, թե նախընտրական շրջանում, թե դրան հաջորդելիք 2018-ի խնդրում, առկա է որոշակի դիմակայություն ռեյտինգայինների մի զգալի մասի եւ վարչապետ Կարապետյանի միջեւ:

Բանն այն է, որ Կարապետյանը պետք է ցույց տա տնտեսական արդյունք, ինչը հնարավոր չէ առանց համակարգային խորքային փոփոխության առնվազն շոշափելի միտում պարունակող քայլերի: Իսկ դա նշանակում է հարված տնտեսական մի շարք շրջանակների, որոնք էլ կազմում են ՀՀԿ ռեյտինգայինների մի զգալի հատվածը: Մյուս կողմից, հենց նրանք են ապահովել ՀՀԿ  «հաղթանակը»՝ վարչապետ Կարեն Կարապետյանն ապահովել է ընդամենը մթնոլորտը, որտեղ հաղթանակը լինի առավելա լեգիտիմ:Մյուս կողմից, Կարեն Կարապետյանն օբյեկտիվորեն անկարող էր ներկայիս սոցիալական վիճակում որեւէ հաղթանակ ապահովել ՀՀԿ համար, անգամ հրեշտակի թեւերի պարագայում:Ինչպե՞ս է հանգուցալուծվելու այդ դիմակայությունը առաջիկա տարվա ընթացքում, ինչպե՞ս է Կարապետյանը ՀՀԿ ռեյտինգայինների շնորհիվ ստանալով հաղթանակը որպես կառավարություն ու վարչապետ, առաջիկա տարվա ընթացքում չեզոքացնելու ռեյտինգայինների այդ զգալի մասի ազդեցությունը՝ վարչապետ մնալու համար: Հատկապես, երբ Սերժ Սարգսյանն էլ չի որոշակիացնում վիճակն ու չի ասում, թե ինքն ինչ ծրագիր ունի 2018-ի հետ կապված:

Միաժամանակ, Կարեն Կարապետյանը դեռեւս հունվարին ստացել է թե Վաշինգտոնի, թե Բրյուսելի աջակցությունը, քարտ-բլանշը ներիշխանական պայքարի համար, ընդ որում Մոսկվա այցից հետո, այդպիսով փաստացի ունենալով արտաքին ուժային երեք կենտրոնների առնվազն նախնական հավանությունը՝ որպես Հայաստանում ներիշխանական փոփոխությունների առաջնորդող սուբյեկտ:

Նրան այդ կարգավիճակում ներկայացրել է Սերժ Սարգսյանը, բայց այժմ Սերժ Սարգսյանը շահագրգռված է այդ կարգավիճակում նրա տապալումով, 2018-ի համար կամ անձամբ որպես սուբյեկտ ներկայանալու, կամ արդեն իր համար առավել երկարաժամկետ ցանկալի սուբյեկտի ներկայացնելու համար:Այդ պարագայում ռեյտինգայինները Սարգսյանի համար գործիք են, որոնք կարող են կիրառվել Կարեն Կարապետյանի դեմ, եթե նա չի մտնում Սարգսյանի ծրագրերի մեջ եւ չի դիտվում դրանցում իբրեւ վարչապետ:

ՍԱՍ-ի ձայնագրության համատեքստում վարչապետին հիշատակելով, ԱՄՆ դեսպանատունը փաստացի հուշում է Կարեն Կարապետյանին, որ առկա է գրոհի եւ «անցանկալի ռեյտինգայինների» (որովհետեւ ռեյտինգայինների շարքում կան նաեւ անձինք, որոնք կլինեն վարչապետի քաղաքական հենարանը) դեմ դիրքային առավելության պատեհ առիթ, որում նա կարող է ակնկալել ԱՄՆ աջակցությունը:Մյուս կողմից, ԱՄՆ դեսպանատունը հիշեցնում է վարչապետին իր խոսքը եւ ցույց տալիս խոսքը գործով ապացուցելու հնարավորությունը, այդպիսով զգուշացնելով, որ այն չօգտագործելու դեպքում կարող է լուրջ կասկած առաջանալ նրա քաղաքական կենսունակության եւ իսկապես համակարգային բարեփոխման գնալու կարողության հարցում, ինչը կարող է «ժամկետանց» դարձնել առնվազն ԱՄՆ մասով ստացած քարտ-բլանշը կամ զգալիորեն նվազեցնել «պիտանելիության ժամկետը»:Թե ինչ է լինում այդ դեպքում, Կարեն Կարապետյանը կարող է հարցնել Հովիկ Աբրահամյանին, կամ չհարցնել՝ ամեն ինչ պարզ է առանց խոսքի:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing