Ամոթալի է, որ ՀՀ ԱԱԾ պետը կարող է գաղտնալսվել․ Մոսկվան փորձում է խառնել խաղաքարտերը

201

1in.am — «Թերևս ամոթալի է, որ ՀՀ ԱԱԾ պետը կարող է գաղտնալսվել, այն էլ՝ դաշնակից երկրի տարածքում, ու հասկանալի է, թե ում հատուկ ծառայությունների կողմից»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությանը։

Նշենք, որ ձայնագրության մեջ առկա խոսակցությունից պարզ է դառնում, որ Վանեցյանը Հայաստանում չէ, Մոսկվայում է։ Հենց այս փաստն էլ Սաֆարյանին թույլ է տալիս ենթադրել, որ ձայնագրությունը արվել է դրսում և ուղղակիորեն կապված է Փաշինյան-Պուտին վերջին հանդիպման հետ։

«Ես շարունակում եմ այս ամենի մեջ տեսնել Ռուսաստանի ներսում ինձ համար տակավին անհասկանալի մի վիճակ։ Ակնհայտորեն վերջին հանդիպման ժամանակ Փաշինյանն ու Պուտինը նաև Հայաստանի ներքին խնդիրներով զրույց են ունեցել և եկել են համաձայնության։ Համաձայնություն է եղել նաև խաղի կանոնների հետ կապված։ Եթե չլիներ այդ համաձայնությունը, որևէ պարագայում Փաշինյանը նման հայտարարություն չէր անի, և նման հայտարարություն չէր լինի նաև ՌԴ նախագահի կողմից։ Ակնհայտորեն այս ձևով Ռուսաստանի որոշակի շրջանակներ ինչ-որ խաղ են խաղում և փորձում են խառնել խաղաքարտերը՝ ցույց տալով, որ Պուտինը սխալ է արել, որ համաձայնել է Փաշինյանի հետ։ Ես կարծում եմ՝ սա առավելապես ուղղված է այս հանդիպմանը, որի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները ՌԴ ինչ-որ շրջանակի և դրանց հետ կապված հայկական շրջանակների սրտով չէին, և այժմ վերջին փամփուշտն են կրակում»,- նկատեց Սաֆարյանը՝ հավելելով, որ այդպիսով նրանք իբր նպատակ են հետապնդել տապալել Քոչարյանի ու Խաչատուրովի գործի վերջնական բացահայտումը։

Միևնույն ժամանակ Սաֆարյանը չբացառեց նաև, որ ձայնագրությունը կարող է արված լինել նաև հայաստանյան ԱԱԾ-ի, ԱԱԾ պետին Մոսկվա ուղեկցած ինչ-որ աշխատակցի կողմից՝ կրկին հատուկ նպատակով. «Մինչ այժմ մտածում էի, թե ՀՀ իշխանությունները չեն հաշվարկել Մարտի 1-ի գործի քաղաքական զգայունակությունները, իրականում նկատելի է, որ դա արել են: Վանեցյանը մտահոգվում է Ռուսաստանի ռեակցիայով ու հորդորում Սասուն Խաչատրյանին քաղաքական ասպեկտի առումով խորհրդակցել Փաշինյանի հետ, Սասուն Խաչատրյանը խոսում է որպես զուտ իրավաբան՝ չկարևորելով այդ պահը, այսինքն՝ առաջնորդվելով զուտ ձեռք բերված ապացույցներով: Հեռախոսազրույցից ակնհայտ է երկու պաշտոնյայի ակնարկը, որ դատավորները և վկաները կաշկանդված են Քոչարյանի ու մյուսների ազատության մեջ մնալով, և դա թերևս լավագույնս բացատրում է, թե ինչու են գնացել կալանավորման տարբերակով: Բայց ուզում եմ ասել, որ ոչ մի արտառոց բան հեռախոսազրույցներում չկա, որոնք կխոսեն մեղադրանքների քաղաքական մոտիվացվածության մասին. եթե անգամ կա քաղաքական արձագանքների դիտարկում, ապա ոչ ամենևին քննությունը ուղղորդելու մասով, այլ Ռուսաստանի ռեակցիաները, վկաների՝ ցուցմունք տալու կաշկանդվածության, մեղադրվող ու կասկածվող անձանցից դատավորների վախենալու ու անհանգստանալու մասով»,- ասաց Սաֆարյանը։

Նշենք, որ ԱԱԾ ու ՀՔԾ պետերի ձայնագրությանը անդրադարձել է արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա մանրամասներ հաղորդելը թողել է ԱԱԾ պետին, որը հանդես է գալիս ասուլիսով, բայց նաև նկատել, որ ձայնագրության մեջ ոչ մի մտահոգվելու, հետաքննության արդյունքում բացահայտվող ոչ մի բան չկա։ Եվ իր պաշտոնավարման ժամանակ ոչ մի ձայնագրություն, գաղտնալսում, տեսաձայնագրություն չի կարող խոչընդոտել «թալանչիների դեմ պայքարի, կոռուպցիայի դեմ պայքարի և Մարտի 1-ի գործի լիարժեք բացահայտմանը»։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache