Ամուլսարի ծուղակը. Ինչու մերժեցին վարչապետին

93

Նիկոլ Փաշինյանն այցելել է Ջերմուկ, որտեղ հանդիպել է Լիդիան ընկերության ղեկավարությանն ու Ամուլսարի հանքի շահագործման դեմ հանդես եկող քաղաքացիներին: Հանդիպմանը նա հայտարարություններ է արել, որոնցից հետեւում է, որ շահագործումից հրաժարվելը Հայաստանին բարդ միջազգային դատավարությունների մեջ կարող է ներքաշել: Փաշինյանն առաջարկել է ժամանակ տալ կառավարությանը՝ հարցը ուսումնասիրելու համար: Ընդհանուր կարծիքի գալ չի հաջողվել, եւ քաղաքացիները մտադիր են շարունակել բողոքի ակցիաները եւ փակ պահել հանքի ճանապարհները:

Նիկոլ Փաշինյանն ասում է, որ պետք է երկու հարցի պատասխանել՝ ոսկու հանքի շահագործումը կազդի՞ ջրային ռեսուրսների եւ Ջերմուկ առողջարանային քաղաքի վրա: Նա դեռ չունի այս երկու հարցերի պատասխանը: Բայց նա հաստատ գիտի, որ պայմանագրից հրաժարվելու դեպքում, որով արդեն կատարվել է աշխատանքի 80 %-ը, Հայաստանին դատական պատասխանատվության կկանչեն: Ավելին, Փաշինյանն ակնարկել է, որ կասկածներ կան, որ Հայաստանը փորձում են հատուկ ներքաշել դատական գործընթացի մեջ:

Հատկանշական է, որ այսօր Հայաստան է ժամանել Միացյալ Թագավորության ԱԳՆ քարտուղար Սայմոն ՄակԴոնալդսը: Նա հանդիպել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին: Քանի որ Ամուլսարը շահագործողը բրիտանական ընկերություն է, չի բացառվում, որ հարցը ՄակԴոնալդսի բանակցությունների օրակարգում լինի: Ակնհայտ է, որ նա հղում է անելու պայմանագրին ու Հայաստանի պարտավորություններին:

Ամուլսարի շահագործումից հրաժարվելը Հայաստանի համար կարող է ֆինանսական եւ իմիջային մեծ կորուստների հանգեցնել: Պետք է հասկանալ, թե թվերով որքան է կազմում դա: Պայմանագրում, հավանաբար, դա նշված է, եւ Հայաստանը ստիպված կլինի վճարել ինչես արդեն կատարված ներդրումները, այնպես չստացած շահույթից ենթադրվող վնասը: Ճիշտ է, դժվար կլինի հաշվել, թե հանքի շահագործումը որքան կվնասի Վայոց ձորի բնությանը:

Հայտնի չէ նաեւ, թե Հայաստանը որքան շահույթ կստանա հանքի շահագործումից: Հայաստանի ընդերքի շահագործումն այնքան ծիծաղելի ցածր է հարկվում, որ համաձայնագրի ստորագրումը սկսում է կասկածներ հարուցել: Եթե Հայաստանը մեծ օգուտներ չի ստանում, բայց բնապահպանական մեծ ռիսկ է առաջանում, դա կարող է վկայել կոռուպցիոն ռիսկերի մասին: Ընդ որում, ամենաբարձրաստիճան պետական պաշտոնյաների մակարդակով:

2013 թվականին արքայազն Չարլզը ներկայիս նախագահ Արմեն Սարգսյանի հետ Հայաստան էր եկել, եւ նրա այցը ստվերվել էր բնապահպանների ցույցով, որոնք դեռ այն ժամանակ պահանջում էին չստորագրել Ամուլսարի պայմանագիրը: Բանը հասավ նրան, որ արքայազն Չարլզը ստիպված էր օգտվել կառավարական շենքերի հետնամուտքերից:

Հայաստանի իշխանությունները չլսեցին ու ստորագրեցին պայմանագիրը: Հայաստանի իրավապահ մարմինները կարո՞ղ են պարզել, թե Հայաստանի համար ինչ օգուտ է ակնկալվել: Այս գործարքում ստվերային «հարկեր» եղե՞լ են: Այս հարցերն են հնչել նաեւ հանդիպման ժամանակ:

Սա պարզելը շատ կարեւոր է, որովհետեւ Հայաստանի նոր կառավարությունը ստիպված է պատասխանատվություն կրել նախորդ իշխանությունների ստորագրած պայմանագրերի համար: Նրանք չեն կարող հրաժարվել դրանցից, բայց իրավունք ունեն ստուգել օրինականությունն ու կոռուպցիոն բաղադրիչը: Եթե պարզվի, որ հանցավոր պայմանավորվածություն է եղել Հայաստանի շահերի հաշվին, եւ ստորագրողներն անձնական շահագրգռվածություն են ունեցել, ապա հնարավոր կլինի խոսել կոնկրետ մարդկանց պատասխանատվության մասին:

Այսպես թե այնպես, Ամուլսարը լավ առիթ է, որ Հայաստանի նոր իշխանությունները անդրադառնան նախորդների ստորագրած կասկածելի պայմանագրերին:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache