«Անատամ շունը»

176

Երեկ ոստիկանության Կենտրոնական բաժնում միջադեպ էր տեղի ունեցել, որը լայն արձագանք գտավ։

Ըստ ոստիկանության տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն կանացի զգեստներով տղամարդիկ ու նրանց համախոհները ներխուժել են ոստիկանության բաժին՝ բերման ենթարկվածին հայտնաբերելու և վրեժխնդիր լինելու համար՝ այդ ընթացքում մարմնական վնասվածքներ պատճառելով ոստիկանության երկու ծառայողի, որոնցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց:

Սա իսկապես աննախադեպ իրադարձություն էր։ ՊՊԾ գնդի գրավումից հետո, ոստիկանության շենք որևէ խումբ չի փորձել ներխուժել, ավելին չի փորձել ոստիկանության բաժանմունքում ծեծել ոստիկանների, որի հետևանքով վիրավորվեն ոստիկանության աշխատակիցներ։ Իհարկե այս դեպքում ոստիկանության շենք մտած անձիք զինված չեն եղել, բայց միջադեպի արդյունքում ոստիկաններ են տուժել։

Այստեղ հետաքրքիր է ոստիկանության արձագանքը։ Ոստիկանությունը փաստորեն, հեղափոխությունից հետո չկարողացավ գտնել իր համար ոսկե միջինը, որը առկա է ժողովրդավարական երկրներում։ Վալերիյ Օսիպյանի ղեկավարման ներքո գտնվող ոստիկանությունը չկարողացավ բիրտ, մարդակեր համակարգից վերածվել իրավապահ համակարգի։ Հիմա ոստիկանությունը ավելի շատ նման է «անատամ շան», որը կարող է հաչել, բայց վստահաբար չի կծելու։

Վերջին մի քանի ամսիների իրադարձություններն  են բերում նման եզրահանգման։ Բերենք մի քանի օրինակ, որպեսզի առավել հասկանալի լինի, որ ոստիկանությունը վերածվել է դիտորդ մարմնի:

Ոստիկանները չեն կարողանում իրականացնել իրենց իրավապահ գործառույցը և օրինակ ապահովել «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցների անվտանգությունն ու ընկերությունը ստիպված երկու ամսից ավել ժամանակ չի կարողանում աշխատել։  Ստացվում է մի քանի տասնյակ ակտիվիստ որոշել են, որ չպետք է թույլ տան Հայաստանի ամենամեծ ընկերություններից մեկին աշխատել: Ակտիվիստները թույլ չեն տալիս, իսկ ոստիկանությունը այդպես էլ չարձագանքեց ընկերության դիմումներին, որով նրանք խնդրում էին ապահովել իրենց ընկերության բնականոն աշխատանքի հնարավորությունը՝ բացել ընկերություն տանող ճանապարհները:

Ոստիկանությունը երեկ էլ չկարողացավ իրականացնել իր աշխատանքը։ Փաստացի ոստիկանության աչքի առաջ մի քանի տասնյակ ակտիվիստներ ներխուժեցին մասնավոր տարածք և խախտեցին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կարծիք արտահայտելու ազատության իրավունքը։ Ոստիկանության անգործության արդյունքում կարող էր անգամ բախում տեղի ունենալ նախկին նախագահի անվտանգության աշխատակիցների և ակտիվիստների միջև։

Ոստիկանության «անատամ» լինելը այնքան ակնառու է դարձել, որ ԼԳԲՏ համայնքի ակտիվիստներ մտնում և գրավում են ոստիկանության շենքը և տեղում ծեծի ենթարկում ոստիկանության աշխատակիցներին։

Ու եթե մեր հասարակության ներքին անվտանգությունը վստահաված է այս համակարգին, ապա լավ կլինի, որ ամեն մեկս հենց այս պահից մտածենք մեր անվտանգության մասին, քանի որ ոստիկանությունն, որը չի կարողանում ինքն իրեն պաշտպանել դժվար թե կարողանա պաշտպանել հասարակությանը։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache