Անընդունելի արարք է. ԱԱԾ տնօրենը՝ Մանվել Գրիգորյանի նկարը տարածելու մասին

102

 

Մեկուսարանում գտնվող ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին լուսանկարելու գործով Ազգային անվտանգության ծառայությունում նշանակվել է ծառայողական քննություն։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 25-ին, Հրազդան քաղաքում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Ես շատ ցավում եմ, որ նման բան եղավ: Մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից դա անընդունելի արարք է: մեզ մոտ անցկացվել է ծառայողական քննություն, հայտնաբերվել է ով է լուսանկարահանողը: Չեմ թաքցնի՝ մեր աշխատակիցն է, ով մեկուսարանում բարձր պաշտոն է զբաղեցնում։ Նա լուսանկարել է, փոխանցել է իր ընկերոջը, որը բնակվում է ոչ Հայաստանում: Դրանից հետո լուսանկարը տարածում է գտել եւ արդյունքում հայտնվել մամուլու,»,-հայտարարեց Վանեցյանը:

Նա տեղեկացրեց, որ այդ գործով ծառայողական քննությունն իրականացված է. «Քննչական վարչությունը գնահատական կտա եւ եթե իր արարքի մեջ կլինի քրեորեն պատժելի արարք, ուրեմն կենթարկվի քրեական պատասխանատվության, եթե ոչ կհեռացվի աշխատանքից: Ես հասարակությունից ներողություն եմ խնդրում, որ նման արտահոսք է եղել մեր մոտից»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ armtimes.com կայքում հրապարակվել էր Մանվել Գրիգորյանի լուսանկարը՝  մեկուսարանից, այնուհետեւ այն հեռացվել էր կայքից: Կայքը ներողություն էր խնդրել՝ նշելով, որ տրվել է լրագրողական գայթակղությանը:

Լուսանկարի հրապարակումը դատապարտել է նաեւ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը. «Դատապարտելի է, երբ դատապարտյալին լուսանկարում են եւ դատապարտյալի լուսանկարը հրապարակում են: Սա իրավունքի խախտում է իմ կարծիքով: Եթե նույնիսկ ազատազրկվածը տվել է իր համաձայնությունը իրեն լուսանկարելու եւ հրապարակելու՝ ԶԼՄ-ն պետք է ծանրութեթեւ անի՝ հրապարակի այն, թե՝ ոչ, որովհետեւ ազատազրկման մեջ  գտնվող անձի կամքն ազատորեն չի ձեւավորվել: Այդ սկզբունքից ելնելով է նաեւ, որ դատապարտյալներին ընտրական իրավունք չի տրվում: Չէր կարելի լուսանկարել, չէր կարելի հրապարակել այդ լուսանկարը անկախ անձիցվ, անկախ նրա հանդեպ եղած վերաբերմունքից: Այդ իրավունքը ունիվերսալ է եւ չի կարելի խտրական ձեւով կիրառել, պետք է հավասարապես կիրառվի բոլոր դատապարտյալների նկատմամբ»,-ասել էր նախարարը:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache