Անհասկանալի վիճակ․ ո՞վ կամ ովքե՞ր են «փաստարկներ» տալիս Քոչարյանի պաշտպանական թիմին

0

Մարտի 1-ի գործով ամբաստանյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը նոր միջնորդություն է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով ազատել նրան կալանքից։ Միջնորդության հիմքը նոր` կորոնավիրուսի համաճարակի պայմաններում խոցելի տարիքում գտնվող պաշտոնաթող նախագահի վարակման վտանգն է։

Փաստաբան Հովհաննես Խուդոյանն ասել է՝ դատարանի նախագահին նաև խնդրել է այս միջնորդությունը մակագրել այլ դատավորի, քանի որ Քոչարյանի և մյուսների գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանը մայիսի 8-ին է նշանակել հաջորդ դատական նիստը։

«Խափանման միջոցի վերաբերյալ ցանկացած միջնորդություն ենթակա է անհապաղ քննություն: Այսինքն՝ դատարանի նախագահը արդեն երկու օր ուշանում է պատասխանի հարցում», – «Ազատության» հետ զրույցում նախօրեին ասել է Խուդոյանը:

Հարցին՝ իսկ տրամաբանական չի՞ լինի հնարավոր պատասխանը, որ կարող են միջնորդություն ներկայացնել մայիսի 8-ին կայանալիք դատական նիստին, փաստաբանն արձագանքել է. «Նույն տրամաբանությամբ կարող են նշել, որ 2021 թվականի մայիսի 8-ին դատ կարող է լինել, տարբերություն չի լինի: Որովհետև առանց այդ էլ դատարանի նախագահի անգործության պատճառով հետաձգվել է քննությունը, թեև պետք է այդ հարցը լուծվեր մարտի 17-ին-18-ին: 15 օր ձգելն էլ էլի խնդիր առաջացնելու է, էլի խախտում առաջացնելու է, էլի՝ դատարանի նախագահի մեղավորությամբ»:

Անշուշտ, իր վստահորդին ազատության մեջ տեսնելու Քոչարյանի պաշտպանական թիմի ցանկությունը հասկանալի է․ մեծ հաշվով՝ հենց դա է յուրաքանչյուր փաստաբանի առաքելությունը։ Մյուս կողմից՝ գրեթե ակնհայտ է, որ գործն այլ դատավորի չի մակագարվի ու հենց Աննա Դանիբեկյանն է մայիսի 8-ին քննարկելու երկրորդ նախագահի խափանման միջոցի փոփոխության հարցը՝ թերևս անդրադառնալով, թե Հայաստանի ու Արցախի նախկին չորս վարչապետների երաշխավորությանը և թե փաստաբանի օրերս ներկայացրած միջնորդությանը։

Դատավարության այսօրվա, մեղմ ասած, ոչ բնականոն ընթացքին թերևս արժե անդրադառնալ, որովհետև տեսանելի է, որ զարգացումների այս ընթացքն ապալեգիտիմացնելու է գործընթացն՝ առհասարակ, ինչը, բնականաբար, չի բխում ոչ Մարտի 1-ի գործի համապարփակ բացահայտման ընդհանուր շահից, ոչ էլ՝ իշխանության քաղաքական օրակարգից։

Օրինակ՝ հասկանալի չէ, թե ինչո՞ւ է դատավարությունը շարունակ ձգձգվում, եթե, ասենք, դատավորը՝ անհասկանալի արձակուրդ գնալու փոխարեն, կարող էր հանգիստ մերժել նախկին վարչապետների երաշխավորությունը, մանավանդ, որ այդ չորս գործիչներն այս պահին չունեն ֆորմալ կարգավիճակ ու անհրաժեշտ հանրային հեղինակություն՝ ամբաստանյալի վարքագիծն ազտության մեջ երաշխավորելու համար։ Դատական համակարգի այս անհասկանալի վարքագիծը հարվածում է քաղաքական իշխանության հեղինակությանը, որովհետև ընդդիմախոսները պնդում են, որ խափանման միջոցի փոփոխությանը վերաբերող ու անհապաղ քննարկման ենթակա միջնորդությունը չի հանգուցալուծվում «վերևների» քաղաքական պատվերի հետևանքով։

Կամ՝ ինչո՞ւ են լռում դատախազությունը և քրեակատարողական ծառայությունը, երբ պաշտպանական կողմը հանդես է գալիս նոր միջնորդությամբ՝ կապված կորոնավիրուսի հետ։ Արդյո՞ք կորոնավիրուսը Քոչարյանի կյանքին վտանգ է սպառնում ԱԱԾ մեկուսարանում, կա՞ն նման ռիսկեր, կամ արդյո՞ք կորոնավիրուսով պայմանավորված դատաազախության քրեադատավարական քաղաքականության փոփոխությունը տարածվում է Քոչարյանի վրա։

Սրանք պարզ հարցեր են, որոնց պատկան մարմինները պետք է հստակ պատասխաններ տան, հակառակ պարագայում՝ օբյեկտիվորեն թիրախավորվում է քաղաքական իշխանությունը։

Առհասարակ՝ տպավորություն է, որ չբարեփոխված դատական, իրավապահ համակարգերը ոչ միայն չեն կարողանում տեղից շարժել Մարտի 1-ի գործի բացահայտումը, այլ նաև՝ իրենց անհասկանալի վարքագծով հարվածի տակ են դնում իշխանության հեղինակությունը։ Մյուս կողմից՝ այս վիճակն օրինաչափ է, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Փաշինյանի թիմն աններելիորեն ուշացել է դատաիրավական համակարգի բարեփոխման հարցում, ինչի հետևանքով թիրախավորվում է թե հեղափոխության կողմնակիցների և թե հին համակարգի ներկայացուցիչների կողմից։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի


Բաժանորդագրվեք և ստացեքհրապարակումների ծանուցումները