Լրահոս

Անհեթեթությունը շարունակվում է

 

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը եւ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Ռուսաստանում մասնակցում են ԱՊՀ, ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ նիստերին: Կարեն Կարապետյանը, որին, ինչպես արդեն հասցրել են նկատել վերլուծաբանները, այս ամիսներին Եվրոպա կամ ԱՄՆ չեն հրավիրել, Ֆեյսբուքում գրառում է արել, որ ԱՊՀ շրջանակում պայմանագրեր են ստորագրվել, այդ թվում՝ տրանսպորտային անվտանգության ապահովման մասին:
Իրավիճակի ողջ անհեթեթությունն այն է, որ ԱՊՀ անդամ է նաեւ Ադրբեջանը, որը 1992 թվականից սպառնում է Հայաստանի տրանսպորտային անվտանգությանը, շրջափակում Հայաստան տանող ճանապարհներն ու տրանսպորտային նախագծերը, որոնցում կարող էր ներգրավվել Հայաստանը: Դա նրա քաղաքականության հիմնական ուղղություններից մեկն է:
Այս առեղծվածը ցույց է տալիս, որ ռուսական դաշինքներն իրականում օրինականացնում են բաժանարար գծերը տարածաշրջանում եւ խոչընդոտում դրա բացմանը:
Հատկանշական է, որ դրանից մի քանի օր առաջ Հայաստանում ԱՄՆ դեսպանը հայտարարել է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտում մինչեւ 8 միլիարդ դոլարի ներդրումների հնարավորության մասին (հիշեցնենք, որ Հայաստանի բյուջեն 4 միլիարդ դոլար է):
Հայաստանի իշխանությունները չեն արձագանքել հայտարարությանը: Հնարավոր է, դեր է խաղացել այն, որ Ռուսաստանը «կանաչ էներգետիկայի» ոլորտը սպառնալիք է համարում իր տնտեսական անվտանգությանը:
2017 թվականի մայիսի 13-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է տնտեսական անվտանգության ռազմավարության մասին հրամանագիրը, որով տնտեսական անվտանգության սպառնալիքների ու մարտահրավերների թվում նշված են էներգառեսուրսների համաշխարհային պահանջարկի եւ դրա սպառման կառուցվածքի փոփոխությունը, էներգախնայող տեխնոլոգիաների զարգացումը, կանաչ տեխնոլոգիաների զարգացումը:
Ռուսաստանը նախագահի հրամանագրով տեխնոլոգիական առաջընթացն անվտանգությանը սպառնալիք է որակում, եւ Հայաստանը համաձայնվում է՝ հրաժարվելով նորարարություններից ու երկիր հրավիրելով ռուսական «փակ ակումբի» կասկածելի ներդրումները: Ռուսաստանի հայերը ո՞ր ոլորտում ներդրումներ կանեն:
Կարելի է միայն ուրախանալ այսքան իմաստուն հայկական քաղաքականության համար: Քաղաքականությունն այնքան անհեթեթ է, որ թվում է ամեն ինչ արվում է, որ հայ-ռուսական հարաբերությունները փչանան եւ խթանվի Ռուսաստան հեռացած միգրանտների հայրենադարձությունը: Սակայն Ռուսաստանի հայերին հրացանի փողի տակ էլ հետ չես բերի, նրանք ամուր կառչած են Ռուսաստանից:
Ինչպես այսօր հայտնի դարձավ, օտարերկրյա վարորդական իրավունքով ՌԴ տարածքում պրոֆեսիոնալ վարորդ աշխատելն արգելող օրենքն ուժի մեջ կմտնի հունիսի 1-ից եւ հետաձգում չի լինի:
Օրենքն ընդունվել է 2013 թվականին, սակայն ուժի մեջ պետք է մտնի այս տարվա հունիսի 1-ից: Մայիսի 17-ին Պետդուման առաջին ընթերցմամբ օրինագիծ է ընդունել, որը 1 տարով՝ մինչեւ 2018 թվականի հունիսի 1-ը, երկարաձգում է ազգային վարորդական իրավունքները ռուսականով փոխարինելու ժամկետը:
Հունիսի 1-ից օտարերկրյա վարորդական իրավունք ունեցող վարորդները պետք է հեռացվեն աշխատանքից, այսինքն, նրանք իրավունք չեն ունենալու զբաղվել բեռնափոխադրումներով, հայտարարել են Պետդումայում:
Ռուսաստանում հայկական վարորդական իրավունքներով հազարավոր հայեր են աշխատում: Հնարավոր է, նրանք գերադասեն հայրենիք վերադառնալ:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing