Լրահոս

Անհրաժեշտության դեպքում Հայաստանը կգնա ցանկացած քայլի՝ ընդհուպ մինչեւ ԵՏՄ-ից և ՀԱՊԿ-ից դուրս գալը. Սերժ Սարգսյանի ելույթի կարևոր շեշտադրումները Աստանայում.

 

17737-600x427

armlur.am-ը գրում է.Սերժ Սարգսյանը երեկ Աստանայում ԵՏՄ անդամ երկրների նախագահների հետ մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստերին, որոնցից վերջինի ընթացքում հանդես է եկել ելույթով: Նախ՝ նա առանձնացրել է ԵՏՄ-ի գործունեության շրջանակների ընդլայնման անհրաժեշտությունը՝ որերորդ անգամ շեշտադրելով ԵՏՄ կազմից դուրս երկրների հետ համագործակցության խորացման անհրաժեշտության, եւ, որ ուշագրավ է, դարձյալ ԵՄ հետ տնտեսական հարաբերությունների հաստատման վրա: «Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ԵՄ գծով երկխոսության առաջխաղացմանը, ենթադրում եմ, որ մենք բոլորս միակարծիք ենք, որ երկու ինտեգրացիոն միավորումների միջեւ համագործակցությունը պետք է նպաստի առանց բաժանարար գծերի ընդհանուր տարածքի ձեւավորմանը: Այս համատեքստում կարեւորություն ենք տալիս Եվրոպական հանձնաժողովի հետ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի փոխգործակցությանը»,- նշել է Սարգսյանը: Փաստորեն ստացվում է, որ Սերժ Սարգսյանը ցանկանում է ԵՄ հետ առավել սերտ ինտեգրվել ԵՏՄ-ի միջոցով, ինչն, իհարկե, բավականին զավեշտալի է հնչում: Սարգսյանի երեկվա ելույթում, սակայն, ամենակարեւոր շեշտադրումները վերաբերում էին ղարաբաղյան հիմնախնդրին եւ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ԵՏՄ անդամ երկրների ոչ դաշնակցային արձագանքին: Ընդգծելով, որ ԵՏՄ երկրները նաեւ ՀԱՊԿ անդամ պետություններն են, Սարգսյանը նկատեց, որ ապրիլյան քառօրյա պատերազմին հետեւած ոչ համարժեք պահվածքը նաեւ վտանգում է բոլոր երկրների ընդհանուր տնտեսական շահերը, քանի որ ԵՏՄ տարածքը միջազգային գործընկերների կողմից կարող է դիտվել որպես անկայուն գոտի, հետեւաբար՝ ոչ հեռանկարային երկարաժամկետ ծրագրերի եւ ներդրումների իրականացման համար: Իհարկե, հասկանալի է, որ այս վտանգն առանձնապես չի կարող մտահոգել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ շատ ավելի կարեւոր, ռազմավարական շահեր ունեցող ԵՏՄ անդամ երկրների որոշումների վրա, եւ այս իմաստով Սարգսյանի հարցադրումը պետք է հռետորական համարել: Սակայն արդեն Սարգսյանի հաջորդ հայտարարությունը, թե՝ Հայաստանը չի կարող անմասն մնալ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիվ գործողությունների դեպքում, շատ հաստակ ուղերձ էր, որ անհրաժեշտության դեպքում Հայաստանը կգնա ցանկացած քայլի՝ ընդհուպ մինչեւ ԵՏՄ-ից եւ ՀԱՊԿ-ից դուրս գալը: Ասել, թե Ղազախստանի կամ Բելառուսի նախագահները դրանից շատ կտխրեն, բնականաբար, միամտություն է, սակայն որ դա խիստ անցանկալի կլինի Ռուսաստանի համար, կասկածից դուրս է: Եւ թերեւ հենց այս համատեքստում պետք է ընկալել Սարգսյանի արած հաջորդ հայտարարությունն այն մասին, որ պատերազմի կասեցման գործում «կարեւոր դեր խաղաց Ռուսաստանը, որին Ադրբեջանը դիմել էր զինադադարի ռեժիմի վերահաստատման խնդրանքով»:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing