Լրահոս

Անիի վրեն շառ են արել… անբարոյականություն ա, որ հայ տղամարդը հայ աղջկան արատավորի…

 

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ շարունակվեց «Analitik.am» լրատվական կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի գործով դատական քննությունը:

Անի Հովհաննիսյանը երկու դրվագով մեղադրվում է գումարներ շորթելու համար:

Առաջին դրվագով մեղսագրված է, որ Անի Հովհաննիսյանը «ՎՏԲ Հայաստան» բանկի օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելով, նաև՝ նոր վարկաբեկիչ հրապարակումներ անելու սպառնալիքով խոշոր չափի՝ 1 միլիոն դրամի շորթում է կատարել: Նա 2016 թվականի փետրվարի 2-ից մինչև մարտի 14-ը «Analitik.am» կայքում պարբերաբար հրապարակել է ՀՀ տնտեսության համար հիշյալ բանկի վնասակարության, Ադրբեջանի կողմից բանկի միջոցով ՀՀ-ում գործունեություն ծավալելու և շահույթ ստանալու վերաբերյալ նյութեր:

Ըստ մեղադրանքի՝ Անի Հովհաննիսյանը «պայմանագրի անվան տակ փորձել է քողարկել հրապարակումներով արված սպառնալիքների ազդեցությամբ ներկայացվող գումարային պահանջը»:

Անի Հովհաննիսյանի կայքի առաջարկները բանկի կողմից մերժվել են:

Այդ մասին իմանալով՝ Անի Հովհաննիսյանը մինչև ապրիլի 30-ը շարունակել է կայքում «ՎՏԲ Հայաստան» բանկի օրինական շահերին վնաս պատճառող, բանկի գործարար համբավն արատավորող տեղեկությունների հրապարակումը:

Այս դրվագով Անի Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրված շորթման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի  182  հոդվածի 2-րդ մասի 31 կետով:

Երկրորդ դրվագով Անի Հովհաննիսյանին մեղսագրված է, որ նա 2014 թվականի դեկտեմբերի 6-ին,  2015 թվականի հունվարի 30-ին,  2016 թվականի ապրիլի  5-ին «Analitik.am» կայքում հրապարակել է ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին ու նրա կնոջն արատավորող , նրա օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ:

Ըստ մեղադրանքի՝ Անի Հովհաննիսյանը սպառնացել է Տիգրան Ուրիխանյանին, նրա ընտանիքի անդամներին արատավորող տեղեկությունների հրապարակումը շարունակել և կատարել է շորթում՝ ըստ մեղադրանքի՝ պահանջելով այդ բանը չանելու համար իրեն ամսական վճարել 300 հազար դրամ:

Տիգրան Ուրիխանյանը պահանջվող գումարը Անի Հովհաննիսյանին փոխանցելու համար լիազորել է «Ալյանս» կուսակցության կենտրոնական գրասենյակի ղեկավար Սարգիս Հարությունյանին: Իսկ Անի Հովհաննիսյանը, ըստ մեղադրանքի՝ օգտագործել է «Անալիտիկ» ՍՊԸ-ի մամուլի ակումբի պատասխանատու Վարդիթեր Գ.-ին:

Մայիսի 3-ին, ժամը 15-ի սահմաններում Վարդիթեր Գ.-ն «Coffi story» սրճարանում հանդիպել է Սարգիս Հարությունյանին, որտեղ վերջինս 300 հազար դրամը՝ 15 հատ 20 հազարանոցներով հանձնել է Վարդիթերին՝ դնելով նրա նոթատետրի մեջ:

Վարդիթեր Գ.-ն հիշյալ սրճարանից իր նոթատետրով ու վերցրած գումարով բերման է ենթարկվել ոստիկանության ԿՀԴՊ  վարչություն, որտեղ անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է շորթմամբ ստացված ամբողջ գումարը՝ 300 հազար դրամը:

Այս դրվագով Անի Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել շորթման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի  182 հոդվածի 1-ին մասով:

Դատարանը շարունակեց գործում առկա փաստաթղթերի, փորձագիտական եզրակացությունների, լազերային սկավառակների և իրեղեն ապացույցների հետազոտումը:

Հետազոտվեցին Անի Հովհաննիսյանի գրասենյակից առգրավված դյուրակիր համակարգիչը, Անի Հովհաննիսյանից առգրավված «Այֆոնը», «Այփադը», ինչպես նաև կանացի սև պայուսակը:

Համակարգչի վերաբերյալ Անի Հովհաննիսյանը հայտարարեց, որ դա գրասենյակի աշխատանքային համակարգիչն է, դրանով ինքը հազվադեպ է աշխատել, այն ընդհանուր օգտագործման համակարգիչ է եղել:

Անի Հովհաննիսյանի շահերի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանն էլ դատարանին հիշեցրեց, որ ըստ փորձագիտական եզրակացության՝ այդ համակարգիչը Անիի ձերբակալումից հետո աշխատեցրել են:

Մյուս երեք իրեղեն ապացույցների վերաբերյալ պաշտպանն ասաց, որ դրանք մեղադրանքին ոչնչով չեն առնչվում:

Այնուհետև դատարանը հետազոտեց Վանոյի Արտակի «Ալգա» փաստաբանական գրասենյակում տեղի ունեցած ևս մի խոսակցության ձայնագրությունը: Այս անգամ զրուցողները ոչ միայն Վանոյի Արտակն ու Անի Հովհաննիսյանի եղբայր Գոռ Հովհաննիսյանն են, այլ նաև հիշյալ փաստաբանական գրասենյակի փաստաբան, ներկայումս Վանոյի Արտակի շահերի պաշտպան Սուսաննա Սարգսյանը:

Հետաքրքիրն այն է, որ եթե արդեն լուսաբանված ձայնագրության մեջ Վանոյի Արտակը Անի Հովհաննիսյանին անվանում է «հանցագործ», «շորթող», նույնիսկ հիշատակում է, թե նրան տարել է «բերդ», որ ցույց տա նրա հնարավոր ապագան, եթե նա շարունակի շորթում կատարել հայտնի մարդկանցից, նշում է, թե «միլիարդ անգամ Անիին զգուշացրել է, թե մի օր նրան փուռը կտան», ու ինքը ստիպված կլինի նրան ազատել կալանավայրից, ապա այս նիստի ընթացքում հետազոտված խոսակցության ժամանակ Վանոյի Արտակն ու նրա փաստաբանը Անիին անվանում են «շառի մեջ ընկած ջահել, անմեղ աղջիկ»:

Այս խոսակցության ժամանակ հիմնական սլաքներն ուղղված են Տիգրան Ուրիխանյանի ու նրա օգնական Սարգիս Հարությունյանի վրա: Վերջինս էր, որ Վարդիթեր Գ.-ի հետ սրճարանային հանդիպման ժամանակ, իմանալով, որ հանդիպումը տեսանկարահանվում է, և իրենք շրջապատված են ԱԱԾ աշխատողներով, Վարդիթերի նոթատետրի մեջ «գաղտնի» դրել է քիմիական մշակման ենթարկված, «շորթում» որակումը կրող թղթադրամները՝ 300 հազար դրամ:

Խոսակցության ժամանակ վեր հանվեց այն թեման, որ Սարգիս Հարությունյանը «անմեղ գառ» չէ, նա բազմաթիվ մարդկանց խաբել, գումարներ է վերցրել, նրա գործողություններից շատերն են տուժել:

Նշենք, որ Անի Հովհաննիսյանի շահերի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը դատական նիստի ժամանակ հայտարարեց, թե հիշյալ Սարգիս Հարությունյանը ներկայումս գտնվում է կալանավայրում, և քանի որ Անիի գործով նա դատակոչված վկա է, ապա դատարանը թող հաշվի առնի, թե ուր ուղարկի Սարգիս Հարությունյանի ծանուցագիրը…

Եվ այսպես՝ դատարանում հետազոտված՝ «Ալգա» փաստաբանական գրասենյակում տեղի ունեցած խոսակցության ժամանակ փաստաբան Ս. Սարգսյանն Անիի մասին ասում է. «Անին ջահել աղջիկ ա, վրեն շառ են արել… Որպեսզի նրա անունը անտեղի տեղը չարատավորվի, մենք կարող ենք անվճար պաշտպանել» այն մարդկանց շահերը, ովքեր տուժել են Սարգիս Հարությունյանի գործողություններից:

Այնուհետև փաստաբանն ասում է. «Անբարոյականություն ա, որ հայ տղամարդը հայ աղջկան արատավորի… Դա անբարոյականության գագաթնակետն ա… Օգտագործելով քո քաղաքական դիրքը՝ աղջկան արատավորե՞ս…»:

Խոսակցության մեջ ասվում է, որ Սարգիս Հարությունյանի սխալին շատ մարդիկ էին սպասում: Ու հիմա Սարգիսը սխալվել է, «պրոմախ ա տվել, մենք էլ էդ մարդկանց կպաշտպանենք, թող Սարգիսի արարքների վերաբերյալ հաղորդում տան… Թող էդ մարդու կերպարը բացահայտվի… Պարտադիր չի, որ դա լինի էս գործի շրջանակներում… Այն, որ Ուրիխանյանի օգնականը մարդկանցից գումարներ է վերցրել, ՀՔԾ-ին կհետաքրքրի… Բոլոր տուժողները մեր քաղաքացիներն են, ԱԺ պատգամավոր չի՝ ով ուզում ա լինի…»:

Անիի եղբայր Գոռը հարցնում է. «Եթե Ուրիխանյանը իր դիմումը հե՞տ վերցնի», Անիի գործը չի՞ փակվի:

Փաստաբանը բացատրում է. «Անին կալանավորված է, մեխանիզմը գործի է դրված…»:

Գոռն ասում է, թե ինքը կարող է Սարգիսին մի տեղ կանչել, հանդիպել: Փաստաբանը դեմ է արտահայտվում. «Ես դեմ եմ գործով վկայի հետ հանդիպելուն… Քննությունը իրականությունը պարզելու ա… ՀՔԾ-ում բանիմաց քննիչներ են աշխատում»:

Այնուհետև փաստաբանը, երևի չիմանալով Վանոյի Արտակի՝ Անիի մասին ավելի վաղ արտահայտած մտքերը, ասում է. «Եթե մենք համոզված չլինեինք, որ Անին շորթում չի կատարել, նրան չէինք պաշտպանի… Ես շորթման գործով ոչ մեկին չեմ պաշտպանում՝ թեկուզ հորոխպորս աղջիկը լինի…»:

Վանոյի Արտակը «թիրախավորված» Սարգիս Հարությունյանի մասին ասում է. «Եթե ունենք մարդ՝ հանցագործություն կատարած, միասին բերեք աշխատենք… Անկախ Անիի հետ իմ անձնական հարաբերություններից, ես կատարվող քննությունը գնահատում եմ օբյեկտիվ…»:

Խոսակցության ժամանակ միտք է հնչում. «Մենք կարայինք էդ մարդուն գցեինք մեկի պադվալ, ծեծեինք, ասեինք՝ բողոքդ հետ վեկալ… ստի, սրիկայության համար էդ կարայինք անեինք…»:

Փաստաբանական գրասենյակի պատասխանը զուսպ է. «Շարժվում ենք օրենքով: Թող հանրությունը իրանց ծեծի՝ քննադատության տեսքով…»:

Պետք է ասել, որ այս խոսակցության ձայնագրությունը շատ անհստակ էր, հատկապես՝ վերջին հատվածը:

Ձայնագրության ու տեսաձայնագրության հետազոտումից հետո Անի Հովհաննիսյանի շահերի պաշտպանը հայտարարեց, թե երկար ժամանակ տրամադրվեց այդ ապացույցի հետազոտմանը, սակայն ի՞նչ է ապացուցում այն, ինչո՞ւ է մեղադրանքի կողմը այն դրել մեղադրական եզրակացության մեջ, այդ ձայնագրությունը ավելի շուտ Անիի անմեղության մասին է…

Մեղադրող դատախազ Ա. Շահբազյանը նկատեց. «Դե ուրեմն վարույթն իրականացնող մարմնին մի քննադատեք, թե միայն Անիին մեղադրող ապացույցներն են թվարկվել մեղադրական եզրակացության մեջ»:

Դատական հաջորդ նիստին՝ մարտի 23-ին, դատարանը կհետազոտի այն սկանդալային լազերային սկավառակի վրա առկա հայհոյախառն ձայնագրությունը, որն արդեն իսկ հետազոտվել է Վանոյի Արտակի գործով վերջին նիստի ժամանակ:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

1in.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing